Ամուսնու սպանությունից րոպեներ անց կինը տեսել է հանցագործին. ուշագրավ մանրամասներ` Վարդենիսում տեղի ունեցած սպանությունից (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհերքելի փաստ է, որ վերջին շրջանում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում քրեական «ռազբորկաներն» ու կրակոցներն ավելի հաճախակի են դարձել: Պատճառը, ինչպես բազմիցս ապացուցվել է, Սոթքի ոսկու հանքն է, որտեղից մարդիկ ապօրինի կերպով ոսկու հանքաքար են հանում, վաճառում և այդ կերպ ապրում: Երբեմն էլ «չղջիկները» (Վարդենիսում այդպես են ասում ոսկու հանքաքար գողացողներին) շատ են հանում, որպեսզի հանքաքարերից ձուլված ոսկուց բաժին տան այն մարդկանց, որոնց հովանավորությամբ «անվտանգ» մտնում են հանքավայր ու դուրս գալիս: Այդ «տանիքների» կարգավիճակում հիմնականում հանդես են գալիս կա՛մ ուժային կառույցի, կա՛մ քրեական դաշտի ներկայացուցիչները: Ու հաճախ ոսկու նկատմամբ հետաքրքրություն ունեցող միանգամայն նոր մարդիկ են հայտնվում ասպարեզում` փորձելով ինքնահաստատվել և իրենց բաժինն ունենալ: Այդտեղ էլ առաջանում են բախումները:

Պատերազմական տարիների հետքերը

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ վերջին տարիներին Վարդենիսում ավելացել է նաև մեկ այլ «ռազբորկայի» թեմա՝ Վարդենիսի նախկին ոստիկանապետի թիկնապահը: 1990-ականներին` Արցախյան պատերազմի տարիներին, երբ Վարդենիսում ոստիկանապետ էր Ապրես Եղեյանը (Մինասի Ապո), առաջին անգամ քաղաքում հայտնվեցին թիկնապահներ, որոնք ահուսարսափ էին առաջացնում բնակիչների մոտ` անկանխատեսելի կռիվներ ու ծեծեր հրահրելով: Ռաֆայել Թադևոսյանը, ով հայտնի է Մեմիրի Ռաֆո մականունով, հենց նրա թիկնապահներից մեկն էր: Բայց երբ Ապոն պաշտոնանկ եղավ, բոլոր թիկնապահները լքեցին Հայաստանը:

Երկար տարիներ դրսում ապրելուց հետո Ռաֆայելը վերադարձել էր Վարդենիս, որտեղ առավել երիտասարդ սերնդի ներկայացուցիչները տարբեր առիթներով, այդ թվում և խնջույքների ժամանակ, Ռաֆայելին հիշեցնում են նրա անցյալը, թե ինչպես էր «ոստիկանական տարիներին» ծեծում, կրակում: Այս ըմբոստությունը դուր չէր գալիս Ռաֆայելին, ու նա սկսել էր հարցերը լուծել զենքի ուժով: Եվ, բնականաբար, հայտնվել էր ոստիկանների ուշադրության կենտրոնում: Նա 2012թ. Վարդենիսի` մի խումբ հեղինակություն համարվողների ոտքերի տակ կրակել էր, ինչի համար կալանավորվել էր և միայն վերջերս է համաներմամբ ազատ արձակվել:

Առեղծվածային սպանության նախնական վարկածները

Դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 13-ին Վարդենիսի Ակունք գյուղում տեղի էր ունեցել այդ ժամանակ առաջին հայացքից առեղծվածային թվացող սպանություն: Հասարակական լայն հնչեղություն ստացած հանցագործությունը, այդ ժամանակ շրջանառվող լուրերի համաձայն, իրականում խորը արմատներ ուներ, քան այն, ինչ մատուցվեց:

11006034_1565037090450156_1424449286_n

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ Ակունք գյուղի բնակիչ Արա Մանուկյանը հայտնել է, թե իր մահն են ուզում, ու ինքը՝ վախը սրտում, ինքնաձիգով է գյուղում ման եկել: Մի օր էլ այդ վախից կրակել է: Արան նշել է, որ Ակունք գյուղում գտնվող ռեստորան-համալիրի մոտ պատահաբար է կրակել իր քեռու որդու` Հարություն Հայրապետյանի և ընկերոջ` Կամսար Հակոբյանի ուղղությամբ: Այդ օրը ռեստորանում է եղել նաև Ռաֆայել Թադևոսյանը, ում հետ Արա Մանուկյանը խնդիրներ է ունեցել:

11040818_1565037100450155_1987460160_n
Արա Մանուկյան

Բայց, չնայած դրան, նրանք «մի-մի թաս» խմել են իրար հետ` իբրև հաշտության քայլ, ինչից հետո Արան դուրս է եկել ռեստորանի բակ և, ըստ ամենայնի, թիրախավորել Ռաֆայելին: Սակայն Ռաֆայելի փոխարեն Արայի եղբայրը՝ Հարություն Հայրապետյանն ու Կամսար Հակոբյանն են դուրս եկել, և Արան, մթության մեջ չտարբերելով մարդկանց, նրանց ֆիզիկական կառուցվածքը նմանեցրել է իր թիրախին ու կրակել: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ իր քեռու որդուն ու ընկերոջն է սպանել: Դեպքից հետո Արան փորձել է փախչել, սակայն ոստիկանները Վերին Լարսի անցակետի մոտ նրան հայտնաբերել են ու բերման ենթարկել:

11039741_1565037110450154_1207875471_n
Դեպքի վայր հանդիսացող ռեստորանը

Խոստովանական ցուցմունք տալու ժամանակ Արան հայտարարել է. «Երկու անգամ «կուռոկը» սեղմում եմ ու կրակում, հետո պարզվում ա՝ մեկը հարազատ քեռուս տղեն ա, մյուսը՝ մեր ընկերը»:

 

Ինչ է պատմում սպանված Կամսար Հակոբյանի կինը՝ Քրիստինեն

Վարդենիսում տեղի ունեցած դաժան սպանությունից անցել է ավելի քան 1 տարի: Պարզվում է ոճրագործությունն իրականացնելուց րոպեներ անց փախուստի դիմած հանցագործին նկատել է Կամսար Հակոբյանի կինը՝ Քրիստինեն: Armlur.am-ի հետ զրույցում սպանվածի կինը հայտնեց, որ Արա Մանուկյանին տեսել է այլայլված վիճակում՝ իրենց տանը մոտենալիս՝ ձեռքին հրազեն:

«Դրան որ տեսա, շատ վախեցա: Մի քանի անգամ զանգահարեցի ամուսնուս, որ տեղեկացնեի դրա մասին, բայց չէր պատասխանում: Մինչ առավոտ տանը մենակ եմ եղել: Ու միայն լուսաբացին ինձ հայտնեցին, որ այդպիսի բան է տեղի ունեցել: Այդ ժամանակ արդեն հասկացա, որ սպանել ու 5 րոպե հետո եկել է մեր տուն»,- հուզված պատմեց մեր զրուցակիցը:

11026726_1565037103783488_1933384723_n
Կամսար Հակոբյանի դին

Վերջինիս խոսքով՝ դեպքից հետո իրեն այցելել են Արա Մանուկյանի մայրն ու քույրը ու ասել, թե չեն կարողանում հասկանալ՝ ինչու պետք է իրենց որդին նման բան աներ: Քրիստինեի փոխանցմամբ՝ ամուսնու և Ա. Մանուկյանի միջև նորմալ հարաբերություններ են եղել՝ ո՛չ ընկերական, ո՛չ թշնամական: Ամուսինը շփվել է սպանված Հարություն Հայրապետյանի հետ, ով նրանից 10 տարով փոքր էր:

11039976_1565037080450157_1211457875_n
Սպանված Հարություն Հայրապետյանը

«Ես գիտեմ, որ այդ ժամանակ պետք է ինչ-որ լուրջ խոսակցություն տեղի ունենար մի քանի մարդկանց միջև: Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ նրանք հիմնականում գողականներ ու հանցագործներ են: Ամուսինս Հարությունի հետ է եղել այնտեղ: Փորձել է կարգի բերել նրանց, բայց արդյունքում ինքն է տուժել: Բայց ես հաստատ գիտեմ, որ այնտեղ ներկա գտնվող բոլոր մարդիկ էլ գիտեին, որ ինչ-որ լուրջ կռիվ է սպասվում, և անգամ իրենց հետ զենքեր էլ են վերցրած եղել: Պարզապես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ՝ ինչու՞ պետք է անմեղ մարդուն սպանեին. նա այդ ամենի հետ ի՞նչ կապ կարող էր ունենալ»,- շարունակեց սպանվածի կինը:

11005896_1565037127116819_2048082912_n
Սպանված Կամսար Հակոբյանը

Վերջինիս խոսքով՝ դեպքի վայրում բազմաթիվ մարդիկ են եղել, սակայն նրանցից ոչ ոք դեռևս ցուցմունք կամ վկայություն տալու ցանկություն չի հայտնել: Իսկ ում էլ ինքն է դիմել, որ ինչ-որ բան ասեն, հրաժարվել են: Քրիստինեն չի բացառում, որ վկաներին կարող էին վախեցրած լինել: Նա համոզված է, որ գործով մեղադրյալն ազդեցիկ հովանավորներ ունի, ինչն էլ հետագայում կօգնի մեղմ պատիժ կրելուն:

«Ասում են՝ հիմա հոգեբուժարանում բուժում է ստանում: Համոզված եմ, որ սա էլ ինչ-որ բան թաքցնելու ու մարդկանց մոլորության մեջ գցելու նպատակով է արվում: Հոգեկան խանգարումներ ունեցող մարդը չի կարող այդպես բարձրաճաշակ հագնվել ու գալ դատարան: Նա ուղղակի հանցագործ է, նախկինում էլ դատված է եղել»,- ասաց Քրիստինե Հակոբյանը:

11023151_1565037120450153_296894644_n
Սպանության մեջ մեղադրվող Արա Մանուկյանը

Տուժողի իրավահաջորդ ճանաչված կինը հայտնեց, որ դեպքից 3 օր առաջ ավագ որդին բանակ էր զորակոչվել. այս պահին դեռևս ծառայում է: Մյուս որդին էլ դպրոցական է: Այրի կնոջ միակ ցանկությունն է, որպեսզի արդարացի դատավճիռ լինի, և բոլոր մեղավորները ստանան իրենց արժանի պատիժը: Քրիստինեն վախենում է, որ որդիները հետագայում վրեժի ծարավով կլցվեն և հանցագործ կդառնան:

Նշենք, որ այս պահին դատաքննություն է ընթանում, ամբաստանյալը դեռևս չի հարցաքննվել:

Հ.Գ. Թե ինչ եզրահանգում կունենա այս պատմությունը, դժվար է ասել, բայց որ այս գործում պարզաբանելու դեռ շատ բան կա, հաստատ է: Եվ փաստ է նաև այն, որ Վարդենիսում առկա իրավիճակի պատճառով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հաճախ է այնտեղի ոստիկանապետերին փոխում: Ընդամենը այսօր Վ. Գասպարյանի հրամանագրով Վալերի Բաղյանն ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից և տեղափոխվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով՝ Համլետ Ղամբարյանը նշանակվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ:

Ըստ ամենայնի, ենթակաները ոստիկանապետին ճիշտ չեն զեկուցում դրությունը, դրա համար էլ քրեական իրավիճակը պարբերաբար սրվում է քաղաքում:

Տաթև Հարությունյան

Դիտել՝ 5 ր. 04 վ.-ից:




Լրահոս