
Այսօր մարտի 1-ն է՝ գարնան առաջին օրը: Այսօր լրանում է Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 7-րդ տարելիցը: Հազարավոր մարդիկ այսօր ծաղիկներ կդնեն Մյասնիկյանի արձանին` Մարտի 1-ի տասը զոհերի` Դավիթ Պետրոսյանի, Գրիգոր Գեւորգյանի, Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Զաքար Հովհաննիսյանի, Սամվել Հարությունյանի, Համլետ Թադեւոսյանի եւ Տիգրան Աբգարյանի հիշատակը հարգելով եւ նրանց առաջ գլուխ խոնարհելով:
2008 թվականի Մարտի 1-ը Հայաստանի կյանքում ազդարարեց նոր` իր իրավունքների համար կյանքը զոհել պատրաստ քաղաքացու ժամանակաշրջանի մեկնարկը: Մարտի 1-ին հաջորդած ժամանակաշրջանը եւ տեղի ունեցած իրադարձությունները ՀՀ քաղաքացու մտածողության հեղափոփոխության ապացույցն են: Կասկած չկա, որ մարդկանց մտքերում տեղի ունեցած փոփոխությունը մի օր հանգեցնելու է նաեւ առօրյա կյանքի փոփոխության, նպաստելու է, որ Հայաստանը դառնա ժողովրդավարական եւ բարեկեցիկ երկիր, որտեղից քաղաքացիները ոչ թե կփախչեն, այլ հեռացածները կվերադառնան: