ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ անցած տարի հայտնի դարձավ, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դուստրը նշանակվել է Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար, այն էլ՝ ի հեճուկս դպրոցի կոլեկտիվի ցանկության, այդ լուրը մի տեսակ անհավանական էր թվում: Ի վերջո, հայտնի էր, որ Գագիկ Ջհանգիրյանն ընդդիմադիր պատգամավոր է, նախկին քաղբանտարկյալ, իսկ Հայաստանում ընդդիմադիրների ընտանիքի անդամներին պաշտոնների չեն նշանակում, առավել եւս՝ կոլեկտիվի ցանկությանը հակառակ: Բայց, դե, փաստն այն էր, որ ի հեճուկս թիվ 139 դպրոցի կոլեկտիվի՝ Կլարա Ջհանգիրյանը նշանակվել էր այդ ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնակատար: Ընդամենը չորս ամիս էր հարկավոր, որպեսզի Գագիկ Ջհանգիրյանն իր վարքով պարզաբաներ տեղի ունեցածը եւ ապացուցեր, որ իր եւ ՀՀԿ-ական պատգամավորների միջեւ ոչ մի տարբերություն չկա: Պատկերացրեք իրավիճակը՝ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում քննարկելիս երեկ Գագիկ Ջհանգիրյանը եւ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը նույն տեսակետն են արտահայտել, այն է՝ նախագծի վերնագրում պետք է գրվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան: Ավելին՝ փաստացի Ջհանգիրյանը ՀՀԿ-ականից ավելի ագրեսիվ է պաշտպանել Սերժ Սարգսյանին՝ նախագիծը որակելով որպես անգրագիտություն: Այսպիսով՝ նախկին զինդատախազն իշխանություններին շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ հավատը չկորցնելու եւ «տիրություն» անելու համար: Ինչեւէ, հաշվի առնելով այն փաստը, որ պետաիրավական հարցերով հանձնաժողովը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն է տվել, եկող երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկելու համար այն պետք է առանձին դրվի քվեարկության:

 

 

 

 

ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից դուրս մղելուց հետո նրա առաջ, ի թիվս այլ պայմանների, դրված է նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության հարցը: Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին ասել է, որ շատ կարճ ժամանակում պետք է վաճառի իր խնամի, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի անունով գնված «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Ընդ որում, պետք է վաճառի այն մարդուն, ում անունը կտա ինքը՝ Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանից ճշտել,թե ի՞նչ է իրեն հայտնի հեռուստաընկերությունը հարկադրաբար վաճառելու վերաբերյալ պտտվող լուրերի մասին: «Ես նման լուր չունեմ: Հեռուստաընկերությունում նման խոսակցություն պաշտոնապես չի պտտվում, որ Ձեզ հայտնեմ: Այսքանը կարող եմ ասել»,- ասաց Պետրոս Ղազարյանը:

 

 

 

 

Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան «պատերազմի» 5 օրերի ընթացքում ԱԺ ԲՀԿ խմբակցության համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից երեք հոգի` Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո) եւ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ) հայտարարեցին ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին (Մելիք Մանուկյանն ու Գրիգորի Մարգարյանը մեծամասնական ընտրակարգով են ընտրվել): Ու հիմա, եթե անգամ նրանք «փոշմանեն», ապա «ԱԺ կանոնակարգ» օրենքը նրանց հնարավորություն չի տալիս կրկին վերադառնալ ԲՀԿ: Միայն նշված է, որ պատգամավորը կարող է դուրս գալ խմբակցությունից: Իսկ, ահա, ՀՀ Սահմանադրական դատարանը դեռեւս 2009-ի հունիսի 30-ին կայացված որոշմամբ արձանագրել է, որ պատգամավորը կարող է խմբակցությունից դուրս գալ` մանդատը վայր դնելով միայն: Ենթադրվում է, որ առաջիկա երկուշաբթի մեկնարկելիք քառօրյայի ժամանակ պետք է հայտարարվի, թե ինչ է լինելու ԲՀԿ-ն լքած պատգամավորների մանդատների ճակատագիրը:

 

 

 

 

Ինչպես հայտնի է՝ ավտոմեքենաների տեխզննման կարգը 2011 թվականի մարտի 31-ից փոխվել է, եւ գործում է ներկա համակարգը: Ըստ այդմ, վարորդները տեխզննման կտրոնը ստանում են՝ բանկում վճարում կատարելով, իսկ տեխզննում անցնելու պահանջն այլեւս պարտադիր չէ: Իհարկե, բանկում նրանց հատուկ կտրոն է տրվում, եւ ցանկության դեպքում վարորդները կարող են գնալ եւ իրենց ավտոմեքենան տեխզննման ենթարկել, սակայն, որպես կանոն, ոչ մի վարորդ լրացուցիչ ժամանակ չի ծախսում եւ ավտոմեքենան տեխզննման չի ենթարկում: Նման պայմաններում բնական հարց է ծագում՝ ինչու է պետությունը վարորդներից տեխզննման գումար գանձում: Եթե ավտոմեքենայի սարքին լինել-չլինելը թողնվում է վարորդների խղճին, ապա ինչ իմաստ ունի դրա անվան տակ գումար գանձելը: Թերեւս ավելի արդյունավետ կլինի, եթե այդ գումարը որպես հարկ ձեւակերպվի, ասենք՝ ճանապարհներից օգտվելու վճարի տեսքով: Վարորդներն էլ կիմանան, որ կարող են պետությունից պահանջել, որ ճանապարհները նորմալ վիճակում լինեն:

 

 

 

 
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ

Սերժ Սարգսյանը երեկ պատասխանել է ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իրեն ուղղված բաց նամակին: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը իր իսկ պնդմամբ` դեռեւս փետրվարի 12-ին գրված այս բաց նամակը հրապարակեց ճիշտ այն օրը` փետրվարի 17-ին, երբ հայտնի դարձավ, որ Ծառուկյան-Սարգսյան հակամարտության լուծումը գնում է դեպի առաջինի նահանջին, եւ իր քաղաքագիտական վերլուծությունն ու բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսությունը վերջնականապես ջախջախվում են: Ընդ որում, քաղաքական կուլիսներում համառ խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ պատճառահետեւանքային կապը հակառակն է եղել, եւ Սերժ Սարգսյանի դուռը թակելու առաջին քայլը կատարվել է Տեր-Պետրոսյանի եւ ոչ թե Ծառուկյանի կողմից:
Ամեն դեպքում, բավականին հարցահարույց ձեւով եւ ուշագրավ պահի հրապարակված այս նամակում Տեր-Պետրոսյանը նախ` Սերժ Սարգսյանից Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված մտահոգությունների շուրջ դեմ առ դեմ հանդիպում խնդրելու տեքստն էր հրապարակել, ապա` նշել, որ «ներկա պահին՝ Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, բացառապես ազգի շահերից բխող իմ այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել»: Սակայն հաջորդ իսկ նախադասությամբ ՀԱԿԿ առաջնորդը վերստին նշել էր իր առաջարկի իրագործման անհետաձգելիության մասին` այդպիսով ավելի ցցուն դարձնելով վերը ներկայացված միջանկյալ հատվածի սեթեւեթ բնույթը:
Եվ, ահա, ընդամենը երեք օր անց Սերժ Սարգսյանը պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով այդ ընթացքում հասցրեց արդեն վերջնականապես հրաժեշտ տալ քաղաքագիտական վերլուծության իր հերոսին` Գագիկ Ծառուկյանին, նախօրեին հրապարակած «Սրտիս պարտքը» քաղաքական «մահախոսականով»: Իր պատասխանում Սերժ Սարգսյանը բավականին կտրուկ կերպով մերժեց Տեր-Պետրոսյանի ներկայացրած մտահոգությունները` դրանք համարելով անհիմն եւ այդպիսով, ըստ էության, հասկացնելով, թե լավ հասկանում է, որ Տեր-Պետրոսյանի խնդիրը Ցեղասպանության Հռչակագիրը չէ, ուստի դրան պետք չէ կպնել: Սակայն չբավարարվելով դրանով՝ նա առաջարկեց Տեր-Պետրոսյանին եւս մեկ անգամ թակել իր դուռը հանդիպման խնդրանքով՝ այդպիսով լրացուցիչ նվաստացնելով վերջինիս, ով, ի դեպ, գրել էր, թե ինքը խնդիր չունի «հանուն ազգի» ցանկացած դուռ թակելու: Սերժ Սարգսյանը, փաստորեն, ասաց` Հռչակագրի հետ գործ չունես, բայց եթե շատ ես ցանկանում ինձ հետ հանդիպել եւ լավ քաղաքական «ապրանք» ունես, դեմ չեմ այն գնել: Միով բանիվ` քաղաքական բացահայտ բազար` Ցեղասպանության հարյուրամյակի քողի տակ: Տեսնենք, թե իր հաջորդ հոդվածում կամ բաց նամակում Տեր-Պետրոսյանը ինչ նոր «լոտ» կհանի քաղաքական աճուրդի:




Լրահոս