Ո՞ՐՆ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվար ամսում Գյումրի քաղաքի Կամոյի եւ Անի թաղամասերում արտառոց դեպքեր են տեղի ունեցել: Փետրվարի 9-ին սիրելի հայլու առաջ ինքնասպան եղավ ակադեմիայի ուսանող Ժենյա Սարիբեկյանը, իսկ, ահա, մեկ շաբաթ անց 14-ամյա Քրիստինեն անհասկանալի պատճառներով անհետացավ:

Գրել էինք, որ Ժենյա Սարիբեկյանը սովորում էր գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստատուրայում: Վերջինիս մայրն աշխատում է Գյումրիի հագուստի խանութում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինքնասպան եղած Ժենյայի մայրը՝ տիկին Արփինեն, լացակումած պատմեց, որ դեպքի առավոտյան Ժենյան լավ տրամադրություն է ունեցել. «Ասեց՝ մամ ջան, սուրճ դիր, խմենք, դրեցի, խմեցինք ու ես գնացի աշխատանքի: Նա շատ լավ, ուրախ տրամադրություն է ունեցել: Դեպքի օրը օրվա ընթացքում չեմ զանգել, քանի որ ես միշտ գործի եմ գնացել, ինքը տան էր ու իր համար նկարում էր»:
Ըստ ինքնասպան եղած աղջկա մոր՝ երբ ինքը վերադարձել է տուն, տեսել է աղջկան տան՝ ապակիով պահարանի դռնից կախված վիճակում. «Չգիտեմ՝ պահի տակ ինչ է իր հետ կատարվել, չեմ պատկերացնում, որ նա կարող էր գնալ այդ քայլին: Աղջիկս այդ պահարանի հայլու հետ շատ կապված էր, իր նկարչությունը միշտ անում էր հայլու առաջ, ու այդ հայլու առաջ էլ գտել ենք իրան այդ վիճակում»:
Հարցին, թե Ժենյան անձնական կյանքում ինչ խնդիրներ է ունեցել. գուցե դա է պատճառը, տիկին Արփինեն ասաց, թե իր դուստրն ընկեր ուներ, լավ տղա էր, եւ չէր կարող կատարվածը կապվել ընկերոջ հետ:
Տիկին Արփինեի խոսքերով՝ դուստրը երազանքներ ուներ նկարչական արվեստում. «Ասում էր՝ մամ, ես շատ մեծ բարձրունքների եմ հասնելու ու քեզ համար ամեն ինչ անելու եմ, որ դու լավ լինես ու լավ ապրես»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ դուստրը վերջին անգամ հեռախոսով խոսել է Ռուսաստանի Դաշնությունում գտնվող քրոջ հետ. «Նրա որպիսությունից է հարցրել, ու այդքան բան, ինչո՞ւ ախր, ինչո՞ւ: Չեմ կարողանում հասկանալ. ինչո՞ւ իրեն կախեց ու հենց իր սիրելի հայելու առաջ»:
Նշենք, որ Ժենյայի ինքնասպանության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:

Ո՞ւր անհետացավ աղջիկը
Փետրվարի 17-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում էլ անհետացել է Գյումրի Կամոյի թաղամասի բնակիչ, 14-ամյա Քրիստինե Խաչատրյանը: Վերջինս սովորում է Գյումրի թիվ 7 դպրոցում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանն ասաց, որ աղջկա մայրը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ հոր գտնվելու վայրը հայտնի չէ. «Աղջկա խնամքով զբաղվում է տատիկը: Քրիստինեն տան միակ երեխան է: Վերջին անգամ աղջկան տեսել են հինգշաբթի օրը: Նորմալ, հարվածային սովորող երեխա է»:
Ըստ դպրոցի տնօրենի՝ տեղեկությունները, թե նա ԷՄՈ շարժման հետ կապ ունի, իրականությանը չի համապատասխանում. «Չկա նման բան, նորմալ երեխա է: Երկուշաբթի օրը դասի չի եկել, դասղեկին ասացի, որ գնա իրենց տուն, տեսնի, թե ինչու չի գալիս դասի, տատիկը դասղեկին ասել է, թե երեխան անհետացել է: Տատիկի խոսքով՝ ինքը երկուշաբթի օրն աղջկան ուղարկել է դասի ու այդպես էլ չգիտի, թե նա ուր է գնացել»:
Երեկ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հաստատել էր տեղեկությունը՝ հայտնելով, որ աղջկա ձեռքին կա բջջային հեռախոս: Իսկ արդյո՞ք նա զանգեր ստանում է, թե՞ ոչ, դատախազը չի մանրամասնել: Չի հայտնել նաեւ՝ Քրիստինեի հեռախոսահամարից ելքային զանգեր եղե՞լ են, երբ եւ դեպի որ բաժանորդին: Նա ասել է, թե այս ամենը հրապարակման ենթակա չէ:
Ի դեպ, աղջկա անհետացման մասով նյութեր են նախապատրաստվում:
Հ.Գ. Երեկ՝ երեկոյան, հայտնի դարձավ, որ անհետացած 14-ամյա աղջկան ոստիկանները հայտնաբերել են Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Մինչ ուշ գիշեր նա ոստիկաններին պարզաբանումներ էր տալիս, թե այս ընթացքում որտեղ է եղել, ինչով է զբաղվել:

 

 

 

 
ԵԹԵ ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԽԱՌՆՎԵՐ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վարդենիսի տուն-ինտերնատի փոխտնօրեն Արմեն Ավագյանը, որ ՀՀԿ-ական պատգավոր Կարեն Ավագյանի հարազատ եղբայրն է, ասաց, որ չի բացառում՝ կարող է՝ հենց իրեն նշանակեն տուն-ինտերնատի տնօրեն, սակայն, ըստ նրա, այդ մասին խոսելը դեռ շատ վաղ է:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը, որը Նորքի հոգեբուժարանի փոխտնօրենի որդին է, ձերբակալվել է բանակից խուսափողներին աջակցելու կեղծ փաստաթղթեր կազմելու կասկածանքով: Ավելին՝ գրել էինք, որ 2012թ. ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը ջանք ու եռանդ չէր խնայում՝ իր եղբորն այս պաշտոնին նշանակելու համար:
-Պարո՛ն Ավագյան, ըստ մեզ հասած տեղեկություների՝ Ձեր ՀՀԿ-ական եղբայրը դեռեւս 2012թ. ամեն ինչ անում էր՝ Ձեզ տուն-ինտերնատի տնօրեն նշանակելու համար: Ինչպես ցույց են տալիս վերջին աղմկալի դեպքերը, Ձեր եղբոր երազանքը սարերի հետեւում չէ: Առաջարկ ստացե՞լ եք:
-Ես 2011 թվականից աշխատել եմ տուն-ինտերնատում որպես փոխտնօրեն եւ նշեմ, որ տնօրեն նշանակվելու ցանկություն չեմ ունեցել, եւ հետո այդ մասին խոսելն էլ է ավելորդ, քանի որ ես լավ հարաբերությունների մեջ եմ մեր տնօրեն Արտակ Հարությունյանի հետ: Գիտեք՝ իմ ջանքերը ներդնելու եմ, որ այդ մարդը վերադառնա իր աշխատանքին: Չի բացառվում, որ ես նշանակվեմ, բայց այդ մասին շուտ է խոսել, քանի որ չգիտենք՝ ինչ է կատարվելու նրա հետ:
-Ձեր հանրապետական եղբոր ունեցած լծակնե՞րն եք օգտագործելու՝ Արտակ Հարությունյանին օգնելու համար:
-Իմ մարդկային հնարավորություններն եմ օգտագործելու:
-Ձեր եղբայրը երբվանի՞ց է ցանկացել Ձեզ տնօրեն դարձնել:
-Մենք նման խոսակցություն երբեւէ չենք ունեցել, իմ եղբայրը նման ցանկություն էլ չի ունեցել: Եթե նա նման ցանկություն ունենար, ես շուտվանից այդ պաշտոնին նշանակված կլինեի, բայց նա ընդհանրապես նման հարցերի մեջ չի խառնվել:
-Նշեցիք, որ մարդկայնորեն ցանկանում եք օգնել Ձեր տնօրենին: Ինչ եք կարծում՝ նա կարո՞ղ էր բանակից խուսափողներին աջակցել` կեղծ փաստաթղթեր տալով:
-Ես չեմ կարծում, որ ինքը կարող էր նման քայլի գնալ: Այն վերջին պահին, երբ մենք իրարից բաժանվել ենք հիմնարկից, ինքն ասաց, թե նման բան չկա, արխային, ես գնացի, հետ եմ գալու:
-Իրեն աշխատավայրո՞ւմ են ձերբակալել:
-Ո՛չ, մարդիկ էին եկել տուն-ինտերնատ: Չիմացա, թե ովքեր էին այդ մարդիկ, մի քանի ժամ հետո մեր տնօրենը դուրս եկավ: Մենք մտածեցինք, որ ինչ-որ խնդիր կա, ասեցինք՝ ինչով կարող ենք օգնել, պարոն Հարությունյանը պատասխանեց, թե խնդիր չկա, գնում է Երեւան ու հետ կգա, էլ բան-ման չգիտենք:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

 

22 ՄԻԼԻՈՆԻ ՊԱՀԱՆՋ
Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ անբարեխիղճ գործունեության համար հայտնվել է դատարանում:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014-ի նոյեմբերի 20-ին Գորիսի «Միկրոշարժիչ» ԲԲԸ-ն դիմել է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ից շուրջ 22 միլիոն 544 հազար 400 դրամ գումար բռնագանձելու պահանջով:
Հիշեցնենք, որ նույն դեսպանի ՍՊԸ-ն անբարեխիղճ գործունեության համար 2014թ. հոկտեմբերի 23-ին դատական հայց է ներկայացրել Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ: Նա «Մոսկվիչկա» սուպերմարկետից պահանջում է 5 միլիոն 563 հազար 453 ՀՀ դրամ: Ավելին՝ այդ հինգ միլիոնի պատճառով դեսպանի հայցի հիման վրա դատարանն արգելանքի տակ է դրել Արմեն Նազարյանի դրամական միջոցները:

 

ՍԱՔՈՒՆՑՆ ԷԼ ՆԵՐԳՐԱՎՎԵՑ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը եւ գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ներգրավվել են որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

 

ԱՆՀԵԹԵԹ ՈՐՈՇՈՒՄ
Պետական գնումներ իրականացնելիս Կառավարությունն այսուհետ նախապատվությունը տալու է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրված ապրանքներին, եթե անգամ դրանք մինչեւ 15 տոկոսով թանկ լինեն այլ երկրների համանման արտադրանքից։ Այս մասին Կառավարությունը որոշում է ընդունել հունվարի 30-ին կայացած նիստին՝ ուժը կորցրած ճանաչելով 2011 թվականի պետգնումների մասին նախկին որոշումը։

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ
2015 թ. փետրվարի 20-ին ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցած կառավարման խորհրդի արտահերթ նիստում որպես խորհրդի նախագահ առաջադրվել եւ միաձայն ընտրվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: Ա. Քարամյանը խորհրդի անդամների անունից շնորհակալություն է հայտնել խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ իրականացրած աշխատանքների համար:

 

ՏԵՂՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ
Փետրվարի 21-ին առավելապես արեւելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, Սյունիքում՝ զգալի: 22-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արեւելյան` 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ին էապես չի փոխվի, 22-25-ին կբարձրանա 2-3 աստիճանով:




Լրահոս