«The Beautified Project» խմբի հիմնադիր, վոկալիստ եւ կիթառահար Անդրե Սիմոնյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մտադիր է հանդես գալ հին հայկական մի երգի ռոքային մեկնաբանությամբ: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է իր ծրագրերից եւ նշել, որ ուզում է հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բարեկամություն տեսնել եւ հանուն դրա փորձելու է իրականացնել մշակութային նախագծեր:
-Շուտով կլրանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. այս թեմայով ռոքային մեկնաբանություն սպասվո՞ւմ է Ձեր կողմից:
-Մեր կարեւորագույն նպատակն է հենց ձայնագրել հայերեն մի երգ, որի տեսահոլովակը պետք է թողարկվի ապրիլքսանչորսյան շրջանում: Խոսքը «Արագիլ» հին հայկական երգի մասին է՝ ռոքային մեկնաբանությամբ: Ամեն հայ՝ ուղղակի թե անուղղակի, կապված է Ցեղասպանության հետ: Պապիկս էլ Եղեռնի ականատեսներից է, եւ ինձ համար անչափ կարեւոր է անդրադարձն այս թեմային:
-Անդրե՛, «The Beautified Project» խումբը կարողանո՞ւմ է հայաստանյան համերգներից շահույթ ապահովել, թե՞ դա անում է արտերկրի համերգների միջոցով եւ ֆինանսական ներդրումներն այնտեղից են ստացվում:
-Եթե տարիներ առաջ այդ առումով ոչ մի ակնկալիք չունեինք հայկական շուկայից, ապա վերջին 2-3 տարիների ընթացքում խումբը կարողանում է իր ծախսերի մեծ մասը հոգալ՝ հենց հայաստանյան շուկայում աշխատելով: Մեր խումբն ունի 19 պաշտոնական տեսահոլովակ եւ կարողացել է այդ կերպ լայն մասսաների հասու դարձնել մատուցվող երաժշտությունը: Ինձ, սակայն, ոչ այնքան ուրախացնում է դրա ֆինանսական ասպեկտը, այլ այն, որ Հայաստանում որոշակի ճաշակ է ձեւավորվել, եւ ժողովուրդն ուզում է լսել կենդանի երաժշտություն: Եթե ես 2-3 տարի առաջ թիֆլիսյան փաբերում էի ռոք լսում, ապա այժմ Երեւանում այցելում եմ փաբեր, որտեղ արտիստները հնարավորություն ունեն հանդես գալու կենդանի կատարումներով:
-Եղել եք «Հայ Սուպեր-սթար» երաժշտական նախագծի պրոդյուսերը եւ ինքներդ էլ առնչվել եք այն մասնակիցների հետ, ովքեր ռոք արվեստի ոլորտում առաջ գնալու մեծ շանսեր են ունեցել: Սակայն այնպիսի տպավորություն է, որ հետագայում հայկական շոու-բիզնեսը չի ընդունում, չի գնահատում նրանց…
-Նույն ծրագրի եվրոպական, ամերիկյան տարբերակների դեպքում եզրափակիչ անցած մասնակիցների համար այնտեղի record եւ management company-ները հերթ են կանգնում, որ ֆինալիստների պրոդյուսինգով զբաղվեն: Իսկ Հայաստանում այդպիսի հնարավորություն չկա: Երգիչ-երգչուհիները հովանավորվում են կա՛մ ընտանիքի, ամուսնու, ընկերոջ, կա՛մ ինչ-որ գործարանատիրոջ կողմից:
-Դուք այն արտիստներից եք, ովքեր ակտիվորեն ներգրավվում են սոցիալական բնույթի միջոցառումներին: Ունեցել եք բարեգործական համերգներ՝ մասնակցելով կանանց բռնության դեմ ակցիաներին, աջակցելով գյուղերում դպրոցների վերանորոգման աշխատանքներին եւ այլն: Ի՞նչ եք կարծում, ի վերջո, Հայաստանում արվեստի միջոցով հնարավո՞ր է սոցիալական բարեփոխումներ իրականացնել:
-Ինձ թվում է՝ հայերին իրենց դժվարին ճանապարհին խոչընդոտներից փրկողը հենց արվեստն է եղել: Հենց այդ արվեստի «ներկայությունն է» գրավել ինձ ու պահել Երեւանում: Եթե ուշադիր լինեք, ողջ աշխարհում թղթադրամների վրա հաճախ կարելի է հանդիպել քաղաքական եւ ռազմական գործիչների պատկերներ, իսկ, ահա, հայկական դրամի վրա արվեստագետների նկարներն են գերիշխողը… Առհասարակ, սոցիալական խնդիրները չեն կարող մշակույթի, արվեստի ոլորտից զատ դիտարկվել: Եվ ես այն կարծիքին եմ, որ այո, արվեստի միջոցով հնարավոր է սոցիալական խնդիր լուծել:
-Հիմա կա՞ հասարակական կամ, գուցե, այլ ոլորտի մի խնդիր, որի մասին թեպետ դեռ չեք բարձրաձայնել, սակայն այն Ձեզ մտահոգում է:
-Ինձ մտահոգում են Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ: Ես գիտեմ, որ բարձրացնում եմ շատ նուրբ թեմա, եւ այն կարող է սխալ ընկալվել հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Բայց ես ուզում եմ հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ բարեկամություն տեսնել: Այժմյան թուրքերը ցեղասպանության 3-րդ, 4-րդ սերունդն են, նրանց մեծ մասը կողմ չէ թուրքական կառավարության դիրքորոշմանը, ուստի սխալ է ատել մի ամբողջ ժողովրդի: Լինելով ցեղասպանություն կրած սերնդի ժառանգորդ՝ դրա պատճառով ծնվել եմ հայրենիքից դուրս եւ ամենաշատը ես պետք է ատելությամբ լցված լինեի, սակայն հուսով եմ, որ այդ ռասիզմը կվերանա: Ուզում եմ եւ փորձելու եմ մշակութային նախագծեր իրականացնել ու անկախ քաղաքականությունից՝ բարեկամություն ստեղծել այս երկու ժողովուրդների միջեւ:
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության մասին, որի անդամները նպատակ ունեն ոչ միայն նյութապես օգնել Հայաստանի սահմանամերձ գոտում ապրողներին, այլեւ աշխուժացնել այդ համայնքների մշակութային կյանքը: Նախորդ տարվա սեպտեմբերից սկսած՝ նախաձեռնությունն ամեն ամիս նվազագույնը մեկ միջոցառում է կազմակերպել սահմանամերձ բնակավայրերում ապրողների համար, փոխանցվել են գրքերի խմբաքանակներ: Նախաձեռնության անդամների հաջորդ հանգրվանը լինելու է Պառավաքարը:
Այս նախաձեռնության անդամնեից մեկի՝ Տիգրան Արեգունու խոսքով՝ իրենց մեծագույն ձեռքբերումը մարդիկ են, որոնք աջակցում են նման ծրագրերին: Անդրադառնալով նախաձեռնության կարիքներին՝ մեր զրուցակիցը նկատեց, որ նման իրողությունները պետք է առնվեն պետական հոգածության ներքո. «Մենք բարձրաձայնել ենք տարբեր խնդիրների մասին ու դիմել կոնկրետ գերատեսչությունների, որպեսզի դրանք լուծում ստանան: Արձագանքել են, որ դրանք կուսումնասիրվեն, դրանց ընթացք կտրվի եւ այլն… Դեռ ոչ մի հստակ արձագանք չենք ստացել: Մշակույթի նախարարությանն անգամ առաջարկել էինք ֆինանսավորել թատրոններին, որպեսզի վերջիններս կարողանան ներկայացումներով հանդես գալ սահմանամերձ բնակավայրերում: Պատասխանել են, որ իրենք անում են մարզային միջոցառումներ եւ այլն… Սակայն պետք է նկատել, որ մարզկենտրոններում միջոցառումներ անելը բոլորովին այլ բան է…»,-մեզ հետ զրույցում ընդգծեց Տ. Արեգունին:
Նրա համոզմամբ՝ նման նախաձեռնությունները շատ մեծ ռեսուրսներ չեն պահանջում: «Հույս ունենք, որ վաղ թե ուշ պետական գերատեսչությունները կորդեգրեն այս տիպի քաղաքականություն, որով կնպաստեն որոշ խնդիրների լուծմանը»,-ասաց նախաձեռնության անդամը:
Նշենք, որ սահմանամերձ բնակավայրերում ամիսը մեկ անգամ կազմակերպվող միջոցառումները հնարավոր են դառնում համատեղ ջանքերի ու դրամահավաքների շնորհիվ: Հունվարից սկսած իրականացվում է գրքահավաք: Սահմանամերձ բնակավայրեր գրքեր տանելուն զուգահեռ որոշ դեպքերում կկազմակերպվեն նաեւ ֆիլմերի դիտումներ:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԵՐԿՐՈՐԴԸ ԿԱՊՐԵԼՅԱՆՆ Է
Արդեն հայտնի է, որ «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա «Genealogy» խմբով: Խմբի 6 մասնակցից երկրորդը ամերիկահայ ճանաչված երգչուհի Թամար Կապրելյանն է, ով ներկայացնում է Ամերիկա աշխարհամասը: Նա իր ունկնդիրներին երաժշտության միջոցով մտովի տեղափոխում է օվկիանոսների եւ ճանապարհների վրայով՝ մարդկային հարաբերությունները դարձնելով առավել մտերմիկ: Թամարը նաեւ երգահան է, բնակվում է Նյու Յորքում:
Ավելի վաղ Հանրային հեռուստաընկերությունը հայտնել էր, որ «Genealogy» խումբը համախմբելու է 1915 թվականին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին:
«ՎԵՐՋԻՆ ԲՆԱԿԻՉԸ»
«Թեւանիկ» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ձեռնամուխ է եղել նոր աշխատանքի: Շուտով նա կնկարահանի եւս մեկ ֆիլմ, որը կրկին Արցախի մասին է: «Վերջին բնակիչը» կոչվող ֆիլմն արծարծում է Սումգաիթյան ջարդերի թեման: Ռեժիսորը ESem.am-ին հայտնել է, որ ֆիլմում խաղալու են միջազգային ճանաչում վայելող դերասաններ: Ստեղծագործական կազմում եւս ընդգրկված կլինեն օտարերկրացի մասնագետներ, իսկ ֆիլմի կոմպոզիտորը լինելու է հայտնի ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանը:
Ռեժիսորի փոխանցմամբ՝ «Թեւանիկ»-ի դերասանական եւ ստեղծագործական անձնակազմից շատերը եւս ընդգրկված կլինեն նոր ֆիլմի ստեղծագործական կազմում, որի նկարահանումները կկայանան ամռանը: Ֆիլմը, հավանաբար, էկրան կբարձրանա հաջորդ տարի:
ԿՐԿՆԱԿԻ ՀԱՅՐ ԿԴԱՌՆԱ
«Վիտամին» ակումբից Արմուշի՝ Արման Խաչատրյանի ընտանիքում դարձյալ կլսվի մանկան ճիչ: Հումորիստը BRAVO.am-ին հայտնել է, որ կինը՝ Լուսինե Սիմոնյանը, օգոստոսին իրեն կպարգեւի երկրորդ երեխան: «Մեր ընտանիքում դարձյալ նորածին է լինելու, ով իր հետ բարություն, նոր կյանք, ձգտումներ կբերի: Երկրորդ երեխային սպասելու զգացողությունները տարբերվում են նախորդից»,-ասել է Արմուշն ու հավելել, որ դեռեւս չեն պարզել փոքրիկի սեռը: Երեխայի ծնունդին անհամբեր սպասում է զույգի առաջնեկը՝ Դանին:
ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը ցավակցում է armlur.am կայքի թողարկող խմբագիր Արթուր Քաբայանին եւ նրա հարազատներին տատիկի մահվան կապակցությամբ: