«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին կհայտարարի կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին: Ըստ այդ լուրերի՝ Ծառուկյանը կդառնա ԲՀԿ պատվավոր նախագահ, որը գործնական լծակներ չի ունենա եւ չի խառնվի կուսակցության գործադիր կառավարմանը: Իսկ թե ով է լինելու ԲՀԿ նախագահը, դեռ պարզ չէ: ԲՀԿ-ականներն այս օրերին բավականին ծանր կացության մեջ են հայտնվել ու փորձում են ստեղծված իրավիճակից ելքեր գտնել: Մասնավորապես, ըստ նույն տեղեկությունների, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ՝ առավոտյան, խմբակցությունում հրավիրված քննարկման ժամանակ փորձել է իր կուսակիցներին ոգեւորել, որպեսզի նրանք չհուսալքվեն եւ ընդհանուր ջանքերով ելք գտնեն, տեղեկացրել է, որ չի բացառվում՝ ԲՀԿ-ի նոր նախագահը կարող է ինքը լինել: Սակայն այս լուրը ԲՀԿ խմբակցության շարքերում առկա անորոշությունը չի նվազեցրել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ԲՀԿ խմբակցությունից ու կուսակցությունից դուրս գալու մասին կհայտարարեն էլի մի քանի պատգամավորներ, այդ թվում եւ՝ «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը: Ի դեպ, Գուրգեն Արսենյանը եւ մինչ այս արդեն ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարած Հարություն Ղարագյոզյանը, Արագած Ախոյանը ու Կարո Կարապետյանը պաշտոնապես` իրավական տեսանկյունից, կշարունակեն համարվել ԲՀԿ խմբակցության անդամներ, քանի որ եթե նրանք խմբակցությունից դուրս գալու գրավոր դիմում ներկայացնեն, ապա կզրկվեն իրենց մանդատներից: Դրա համար Աժ-ում որոշվել է, որ լավ կլինի՝ նրանք կուսակցության հետ հարաբերությունները խզելու մասին քաղաքական հայտարարություններ անեն՝ պահպանելով պատգամավորի մանդատները:
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկած միջնորդությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, փետրվարի 9-ին մուտք է եղել ՌԴ դատախազություն: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունում հրահանգված է այս տեղեկությունը, ինչպես նաեւ՝ միջնորդության բովանդակությունը, չբացահայտել: Ակնհայտ է, որ Գեւորգ Կոստանյանը փորձում է ինչ-որ բան թաքցնել: Հիշեցնենք, որ շաբաթ օրը գյումրեցիները նշեցին հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների քառասունքը: Երեկ էլ Ավետիսյանների հարազատները «գրավել» էին Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակն ու չէին ցանկանում ոչ մի տեղ հեռանալ: Նրանք պահանջում էին, որ մարզի դատախազը զանգահարի Գեւորգ Կոստանյանին եւ պարզի, թե Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարցում ինչ նորություն կա: Սակայն դատախազն այդպես էլ չզանգահարեց: «Դե, որ նորություն լինի, կասեն»,- ասաց նա:
ՀՀ ոստիկանությունը սկսել է նորից զինել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի` ընդամենը մեկ շաբաթ առաջ զինաթափված թիկնազորի անդամներին ոստիկանությունը սկսել է նորից վերադարձնել իրենց նախկին կարգավիճակին, այսինքն՝ նրանք նորից գրանցվում են որպես պետական պահպանության վարչության աշխատակիցներ եւ ետ ստանում իրենց տաբելային զենքերը: Օբյեկտներ կան, որոնց պահպանությունը խիստ կարեւորվել է: ՀՀ ոստիկանությունից խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան ասացին, որ ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում պայմանագրերը վերանայվում եւ վերակնքվում են: Հիշեցնենք, որ նույն բարեփոխումների շրջանակներում էլ մեկ շաբաթ առաջ ոստիկանությունը Գագիկ Ծառուկյանի ողջ թիկնազորի հետ` մոտ երկու հարյուր հոգի, պայմանագրերը խզել էր եւ նրանցից ետ վերցրել ծառայողական տաբելային զենքերը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկու օր առաջ Մոսկվայում ստորագրել է մի փաստաթուղթ, ըստ որի՝ Երեւանում պետք է բացվի Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղ: Այսինքն՝ հերթական անգամ մենք ականատես ենք լինում, թե ինչպես է պետության շահը ստորադասվում իշխանությունների ստրկական պահվածքի պատճառով: Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը աշխարհի բուհերի վարկանիշային ցանկում զբաղեցնում է 196-րդ տեղը: Ավելին՝ բոլորին հայտնի է, որ այս ԲՈՒՀ-ում տիրող բարքերը, մասնավորապես կոռումպացվածության տեսանկյունից, ոչնչով չի զիջում Հայաստանի ԲՈՒՀ-երում տիրող վիճակին: Այսինքն՝ Հայաստանում գործող ԲՈՒՀ-երին կավելանա եւս մեկը, որը կրթության առկա որակին հաստատ ոչինչ չի ավելացնի, իսկ թե ինչ վնասներ կհասցնի, ցույց կտա ժամանակը: Ի դեպ, ՀՀ պաշտոնյաների երեխաները շարունակում են սովորել եվրոպական կամ ամերիկյան ԲՈՒՀ-երում: Մի հարցնող լինի՝ Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ եք բացում, որ ի՞նչ անեք:
ՔԱՆԴՄԱՆ ՄՈԼՈՒՑՔՈՎ
Հայտնի ճշմարտություն է` քաղաքաշինությունը լավագույնս արտացոլում է տվյալ պետության կառավարման համակարգի էությունը: Բավական է նայել Երեւանի հին ու նոր շենքերին, խորհրդային տարիներին եւ անկախացումից հետո կառուցված փողոցներին, եւ լավագույնս երեւում է, որ մայրաքաղաքի քաղաքաշինական պերճանքը մնացել է անցած դարի վաթսունականներում, իսկ, ահա, թշվառությունն ամբողջովին փոխանցվել է մերօրյա թամանյանասերներին:
Ի հակառակ համընդհանուր կարծիքի՝ Ալ. Թամանյանը Երեւանում շատ քիչ շենքեր է հեղինակել: Լինելով ողջ քաղաքի գլխավոր հատակագծի հեղինակը` հանճարեղ ճարտարապետը, այդուհանդերձ, մեկ տասնյակից էլ քիչ շենքերի նախագծեր է հասցրել իրականացնել, որոնք, թվում էր, պետք է որ պահվեին «աչքի լույսի» նման: Սակայն, ցավոք, դրանք եւս մեկը մյուսի հետեւից ձեւախեղվում են: Հայտնի ԱՕԿՍ-ի հետնամասում խոյացած հսկայական հյուրանոցի «հաջողված» օրինակից հետո հիմա էլ վտանգված է Պուշկինի 25 հասցեում գտնվող գեղատես շենքը: Արդեն հայտնի է, որ դրա տեղում նախատեսված է կառուցել 17 հարկանի հյուրանոց` երկհարկանի ստորգետնյա կանգառով:
Ու թեեւ ասվում է, որ այն չեն քանդի, սակայն նման վերաձեւումներում մասնագիտացած ճարտարապետ Լեւոն Վարդանյանն արդեն իսկ հայտարարում է, որ շենքը գտնվում է «շատ վատ վիճակում»: Այս արդեն ստանդարտ դարձած հայտարարությունը, ինչպես հայտնի է, արվում է բոլոր այն դեպքերում, երբ այս կամ այն հուշարձան-շենքը «հանրային շահի» անհասկանալի մեխանիզմով ձեռք գցած սեփականատերը ցանկանում է տեղում մի նոր «մոնստր» շինություն կառուցել եւ հուշարձան-շենքի քանդման աղմուկը մեղմելու համար՝ տարբեր վարձու «թամանյանասերների» շուրթերով սկսում է շրջանառել շենքի վթարայնության մասին սին պնդումները: Այդպես եղավ Սեւան հյուրանոցի, Երիտասարդական պալատի, Կրկեսի եւ հենց նույն` Աֆրիկյանների տան դեպքում:
Պուշկին 25-ում, սակայն, ինչպես հայտնի անեկդոտում` վարորդը նաեւ հսկիչ է, ճարտարապետը նաեւ զբոսաշրջության պատասխանատու է եւ անհասկանալի տրամաբանությամբ փորձում է հիմնավորել Պուշկինի փողոցում հյուրանոցի կառուցման անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նրա, զբոսաշրջիկը պետք է հյուրանոցից ոտքը դուրս դնի եւ հայտնվի քաղաքի կենտրոնում: «Եթե նա քաղաքաշինորեն ոչ մի բանի չի խանգարում, ես՝ որպես մասնագետ, ճարտարապետ, գտնում եմ, որ ուզում են՝ 17 դնեն, ուզում են՝ 24 դնեն, ուզում են՝ 30 դնեն, ուզում են՝ 50 դնեն»,- ասում է «թամանյանասեր» մասնագետը, այդպես էլ մեզ` Թամանյանից անտեղյակներիս, չբացատրելով, թե ինչպես կարող է «քաղաքաշինորեն չխանգարել» միմյանց կպած երկու բազմահարկ շենքի կառուցումն այնպիսի նեղլիկ փողոցի վրա, ինչպես Պուշկինն է: