Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հարազատները երեկ պաշարել էին Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակը: Նրանք ցանականում էին տեղեկանալ, թե քրեական գործի նախաքննության ընթացքում ինչ առաջընթաց կա, մասնավորապես՝ Ավետիսյաններին սպանելու մեջ մեղադրվող, ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու հարցն ինչ եղավ: Շիրակի մարզի դատախազն այդպես էլ չէր կարողացել գյումրեցիների հարցերին պատասխանել եւ ոչ էլ համաձայնեց ՀՀ գլխավոր դատախազին զանգահարել:
Ստեղծված իրավիճակն առավել քան ուշագրավ է: Ինչպես ժամանակին հայտարարվել էր՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը դեռեւս փետրվարի 3-ին նամակ է ուղարկել իր ռուս գործընկերոջը: Նամակի բովանդակությունը մինչ օրս չի հրապարակվել: Ենթադրվում է, որ այդ նամակով Կոստանյանն իր ռուս գործընկերոջը միջնորդել է Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահներին, որպեսզի քրեական գործի նախաքննությունը վարեն Հայաստանի իրավապահները, եւ ՀՀ դատարանն էլ քննի գործը: Նման ենթադրությունների հիմնական պատճառը Կոստանյանի նամակի վերաբերյալ փետրվարի 3-ին տարածված հաղորդագրությունն է: «ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, հիմք ընդունելով ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի 6-րդ հոդվածը, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային»,- նշված էր հաղորդագրությունում: Թվում է, թե Կոստանյանը մեկ միջնորդությամբ փորձել է գլոբալ խնդիրը լուծել. միջնորդել է, որ գործի վարույթը մեզ փոխանցվի, ու եթե դա տեղի ունենա, բնականաբար, էլ ի՞նչ վարույթ՝ առանց մեղադրյալի:
Եւ, ահա, Գեւորգ Կոստանյանի միջնորդությունից մի քանի օր անց «Ժողովուրդ»-ը դիմեց ՌԴ գլխավոր դատախազությանը պարզելու, թե ՀՀ գլխավոր դատախազի` Վալերի Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու վերաբերյալ միջնորդությանն ինչ ընթացք է տրվել: Փետրվարի 17-ին մեր թերթը ստացավ ՌԴ գլխավոր դատախազության պատասխանը, որում մասնավորապես ասված էր. «Ըստ եղած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններից հարցում` Պերմյակով Վ.Պ.-ին փոխանցելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը չի ստացել»: Դրանից հետո կրկին հարց ծագեց՝ այդ դեպքում ո՞ւր է Կոստանյանի նամակը:
Փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հերթական հաղորդագրությունը տարածեց. «Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված միջնորդության շուրջ լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ մեկնաբանությունների առիթով տեղեկացնում ենք, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2015թ. տարածել է սպառիչ հաղորդագրություն: Ինչ վերաբերում է նամակն ուղարկելու եւ դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին եւ շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել եւս՝ մեկնաբանել դրանք»: Այսինքն՝ ակնհայտ է, որ Գեւորգ Կոստանյանը միջնորդությունն ուղարկել է, բայց միեւնույն ժամանակ փաստ է, որ գլխավոր դատախազությունն ինչ-որ բան է թաքցնում: Ի վերջո, ինչն է նրանց խանգարում, որպեսզի հրապարակեն միջնորդությունը:
Միանշանակ է, որ երբ միջնորդությունը ռուսական կողմը ստացել է, Հայաստանի իրենց կոլեգաներին այդ մասին տեղեկացրել է, ուստի, ինչու ՀՀ գլխավոր դատախազությունը չի հրապարակայնացնում այդ լուրը եւս:
Գլխավոր դատախազության այս «չխոսկանություն» ու խորհրդավոր լռությունը շատ պարզ բացատրություն ունի: Բանն այն է, որ Կոստանյանի միջնորդությունում ոչ մի անդրադարձ չկա Պերմյակովին ՀՀ արդարադատությանը հանձնելու մասին: Նա միջնորդությամբ խնդրել է հայկական կողմին տրամադրել ընդամենը քրեական գործի վարույթը: Հենց այս փաստն է գլխավոր դատախազությունը խնամքով թաքցնում` ամեն ինչ անելով, որպեսզի մարդիկ չիմանան, որ չնայած Կոստանյանն իր ռուս գործընկերոջը նամակ գրել է, բայց միեւնույն է՝ այն չէ, ինչը նա ժամանակին գյումրեցիներին խոստացել է:
Իհարկե, գլխավոր դատախազության միջնորդությունն իր մեջ թաքնված նպատակ ունի, եթե ռուսական կողմը քրեական գործի վարույթը փոխանցի հայկական կողմին, ապա ինքնաբերաբար ռուսական կողմը քրգործի վարույթի հետ հայկական կողմին կտա նաեւ Պերմյակովին:
Մյուս կողմից էլ, եթե ռուսական կողմը մերժի Կոստանյանի միջնորդությունը, ապա բավական բարդ իրավիճակ կարող է ստեղծել: Նման պայմաններում այս քրգործի շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի իրավապահների շփումները կարող են էապես տուժել: Այդ իսկ պատճառով էլ Կոստանյանը համառորեն լռում է, մինչեւ տեսնի, թե ռուսական կողմն ինչ է պատասխանում, դրանից հետո նա կա՛մ «բլբուլ է կտրելու» ու ասի՝ տեսաք՝ ես հարցը ոնց լուծեցի, կա՛մ էլ ընդհանրապես է ձայնը կտրելու, եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն է «բլբուլ կտրելու»՝ գլխավոր դատախազին մեղադրելով իր «դզած-փչած» հարաբերությունները փչացնելու մեջ:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՉԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ի ղեկավարությունն արդեն մի քանի օր է՝ փորձում է հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, բայց ապարդյուն: Ըստ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո Գագիկ Ծառուկյանը որեւէ մեկի հետ չի ցանկանում հարաբերվել: Սակայն ՀԱԿ-ում ամեն կերպ փորձում են, որ ԲՀԿ-ն գոնե որեւէ կարկառուն ներկայացուցչի գործուղի մարտի 1-ի հանրահավաքին: Ու թերեւս դրա համար էր՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարեց, թե բոլոր հարցերի պատասխանները կհնչեն մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ:
ՄՏԵԼ ԵՆ «ՇԱՆԳՐԻԼԱ»
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները ստուգելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հրահանգից հետո, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մի քանի օր շարունակ հարկային ծառայության աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Շանգրիլա» խաղատանը: Այս խաղատունը, ինչպես հայտնի է, պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Հարկային ծառայության մի քանի տասնյակ աշխատակից այցելել են խաղատուն եւ սկսել ուսումնասիրել խաղատան բոլոր փաստաթղթերը: Հարկայինի աշխատակիցները զգուշացրել են, որ այս երկուշաբթի (երեկ) վերադառնալու են եւ շարունակեն ստուգումները, սակայն չեն վերադարձել: Հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանի կապիտուլացիայից հետո ստուգումների արդյունքում խոշոր տուգանքներ չեն նշանակվի, բայց կասկածից վեր է, որ իշխանությունների կոմպրոմատների տրցակները կհարստացվեն՝ ապագայում, անհրաժեշտության դեպքում, օգտագործելու համար:
ԷԼ ՉԵՆ ԱՍԻ
Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին արգելել է այսուհետ հնչեցնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մականունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշ հանրապետականների ասել է, որ ինքը Գ. Ծառուկյանին խոստացել է՝ կուսակից ենթականերն իրենց ելույթներում այլեւս չեն օգտագործի նրա մականունը: Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի՝ փետրվարի 12-ի աղմկոտ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարել էր, որ ինքն է ՀՀԿ-ականներին արգելել ժողովրդի կողմից ընդունված մականունով դիմել Գ. Ծառուկյանին, ինչից հետո սկսվեց երիտհանրապետականների հայտնի շքերթը Գագիկ Ծառուկյանի դեմ: Իսկ այժմ երիտհանրապետականները ստիպված են նորից պապանձվել:
ԴԻՄՈՒՄԸ ԵՏ ԿՎԵՐՑՆԻ
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարեց թիվ 26 ընտրատարածքից ընտրված պատգամավոր ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) մանդատից հրաժարվելու մասին: Վերջինս 15 օր ժամանակ ունի, որի ընթացքում կարող է գրավոր դիմումով ետ վերցնել իր` մանդատից հրաժարվելու մասին դիմումը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մ. Մանուկյանը հենց այդպես էլ վարվելու է: Ուղղակի նա դա կանի հնարավորինս ժամանակ ձգելով, որպեսզի ներքաղաքական կյանքի վերջին թոհուբոհը փոքր-ինչ հանդարտվի եւ մնա անցյալում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՄՏՔԱՓՈԽՎԵ՞Լ ԵՆ
Երեկ ողջ օրն այդպես էլ հնարավոր չեղավ ո՛չ Աժ նախագահից, ո՛չ էլ ԱԺ աշխատակազմի ղեկավարությունից հստակ պատասխան ստանալ այն մասին, թե ինչ եղավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին նիստերից բացակայելու պատճառով մանդատից զրկելու գործընթացը: Հիշեցնենք, որ այս հարցի շուրջ ուսումնասիրություններն արդեն մեկ շաբաթ է՝ սկսել են, սակայն մինչ օրս Աժ-ում չեն կարողանում կամ չեն ցանկանում ասել՝ ի վերջո, Գ. Ծառուկյանի բացակայությունները հարգելի՞ են, ինչպես մեկ-երկու ամիս առաջ համարել էր ԱԺ նախագահը, թե ոչ: Չի բացառվում` այս խուսափողականության պատճառն այն է, որ Ս. Սարգսյանի կողմից Ծառուկյանին մանդատից զրկելու վերաբերյալ կայացվել է նոր որոշում:
ՀԵՏ ՏՎԵՑԻՆ
Ազատամարտիկներ Պավել Մանուկյանն ու Արմեն Լամբարյանը երեկ վերադարձրել են իրենց 11 մարտական մեդալները։ «Հիմնադիր խորհրդարանի» համակիրներն իրենց այդ քայլը պատճառաբանել են հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած հայտնի միջադեպով։ «Եթե նույն մետաղը, նույն պարգեւը կարող է կրել ե՛ւ ավազակը, ե՛ւ զինվորը, դա արդեն անհամատեղելի է», – ասել է Պ. Մանուկյանը` կարծիք հայտնելով, որ առաջիկայում իրենց օրինակին կհետեւեն նաեւ այլ ազատամարտիկներ։
ԷԼ ՉԻ ՈՒԶՈՒՄ
Լեւոն Տեր-Պետրոսյանն այլեւս Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին ասված է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանի հայտարարության մեջ: Ըստ այդմ` Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: «Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է եւ արտահայտում է համայն հայության կամքը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի եւ Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, եւ որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է»,- նշել է Մուսինյանը:
ԵՎՍ ԵՐԿՈՒՍԸ
Armlur.am-ի տեղեկություններով` ԱԺ ԲՀԿ խմբակցությունը պատրաստվում են լքել եւս երկու պատգամավոր` Մուշեղ Պետոյանն ու Ռուստամ Գասպարյանը: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ԲՀԿ առճակատումից հետո ԲՀԿ խմբակցությունից դուրս են եկել Կարո Կարապետյանը, Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մելիք Մանուկյանը եւ Դավիթ Քոչարյանը:
ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ
«Երկու ընտրություն եմ անցել, իմ կողմից ինչ հնարավոր է, ամեն ինչ արել եմ»,- անդրադառնալով ԲՀԿ-ից դուրս գալու իր որոշմանը` Armlur.am-ին ասել է ԲՀԿ համամասնական ցուցակով ընտրված պատգամավոր Արագած Ախոյանը: «Հստակ, կտրուկ վերջին օրերին փոխվեց քաղաքական վեկտորը: Ես հանրապետությունում չէի, վերադարձա, տեսա` բանը բանից անցել է», – նշել է նա: Հարցին` պետք չէ՞ր արդյոք մնալ եւ նրանց հետ պայքարել, պատգամավորը հակադարձել է «Ինչի՞ համար պայքարել»: