ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ ՀՀ Կառավարության պաշտոնական կայքէջից

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Սյուզան Ֆրիցին եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդին: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է նոր խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են նաեւ քաղաքացիական հասարակության, խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` Ֆրիցը ողջունել է նման կազմով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի ստեղծումը եւ վստահություն հայտնել, որ այն կաշխատի արդյունավետ:

 

 

 

 

 
ՀԱՐՑ. 2014թ. դեկտեմբերին լուրեր տարածվեցին, որ հայաստանյան բանկերի մեծ մասը կտրուկ բարձրացնելու է ավանդների դիմաց առաջարկվող տոկոսադրույքները: Տվյալ դեպքում, սակայն, խոսքը վերաբերում էր միայն դրամական ավանդներին, որոնց դիմաց առաջարկվելու է տարեկան մինչեւ 20 տոկոս: Մինչ այժմ առաջարկվող առավելագույն տոկոսադրույքը 14-ն է եղել: Ենթադրվում է, որ դրամի կտրուկ արժեզրկումից հետո այս քայլն ուղղված էր ազգային արժույթի դերի կարեւորմանը: Խնդրում եմ պարզաբանել՝ այժմ սահմանված առավելագույն տոկոսադրույքի չափը 20%-ն է, կցանկանայի տեղեկանալ՝ հնարավոր է արդյո՞ք առաջարկվող տոկոսադրույքի չափն էլ ավելի մեծանա:

Միհրան Սողոմոնյան (36 տարեկան, իրավագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Բանկերի կողմից ներգրավվող ավանդների տոկոսադրույքները ձեւավորվում են շուկայում փոխառու ռեսուրսների առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցության արդյունքում: Այս տեսանկյունից բանկերի կողմից ներգրավվող ավանդների տոկոսադրույքների մակարդակի որեւէ սահմանափակում չկա:

ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ ավանդների տոկոսադրույքների բարձրացումն ինչ-որ չափով շահագրգռեց քաղաքացիներին, սակայն, չգիտես ինչու, մյուս կողմից էլ՝ ավանդ ներդնելու հետ կապված որոշ խնդիրներ առաջ եկան՝ կապված ԱՄՆ-ի հետ առնչություն ունենալու կամ չունենալու հավաստիացումների եւ նույնականացման քարտերի առկայության հետ: Թե ինչ է ընկած այս ամենի հիմքում, եւ որն է բանկային նման քաղաքականության պատճառը, հայտնի չէ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես եւ քույրս գրանցված ենք նույն հասցեում եւ համարվում ենք տվյալ բնակարանի սեփականատերերը: Այժմ ցանկանում եմ վաճառել բնակարանս, սակայն քույրս գտնվում է երկրից դուրս եւ փախստականի կարգավիճակում է, իսկ անձնագրի ժամկետն էլ լրացել է: Խնդրում եմ պարզաբանել՝ ինչպե՞ս կարող եմ վաճառել բնակարանս:

Արտյոմ Սարգսյան (35 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքը կարող է վաճառվել անշարժ գույքի վաճառքի պայմանագրի հիման վրա՝ բոլոր սեփականատերերի համաձայնությամբ: Օտարման պայմանագիրը կնքելիս բացակայող համասեփականատիրոջ անունից կարող է հանդես գալ նոտարի վավերացրած լիազորագրի հիման վրա հանդես եկող անձը: Գրությամբ բարձրացված հարցի վերաբերյալ պարզաբանում տալը ՀՀ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասություններից դուրս է:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014թ. կնքվել է առքուվաճառքի ավելի քան 39 հազար գործարք, որը 2013թ. համեմատ աճել է 8.9%: 2014 թ. Երեւան քաղաքում անշարժ գույքի 15.911 առքուվաճառքի գործարքի 63.2 %-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Գնային ինդեքսների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Երեւան քաղաքում 2014թ. բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների՝ 1 մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները, 2013թ. համեմատ, աճել են 0.8 %-ով:




Լրահոս