Գերմանիայի Բիլիֆելդ քաղաքի մշակութային համայնքի ղեկավար խորհրդի անդամ, սպանված 36-ամյա Գրիգոր Գրիգորյանի մտերիմները չեն հավատում, որ տղային կարող էին սպանել ավտոկայանատեղի շուրջ առաջացած վիճաբանության համար, քանի որ Գերմանիայում ավտոկայանատեղիներն այնքան մեծ են, որ որեւէ մեկն այդ հարցի շուրջ չի վիճի:
Ըստ գերմանական լրատվամիջոցների՝ փետրվարի 10-ին՝ ժամը 07.15-ի սահմաններում, մարդաշատ վայրում՝ խանութի ավտոկայանատեղիում, հրազենային մի քանի կրակոցով սպանել են Գրիգոր Գրիգորյանին: Ոստիկանությունը Գրիգորի ընտանիքին կատարվածի մասին տեղյակ է պահել փետրվարի 11-ին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այժմ Գերմանիայի ոստիկանները փնտրում են հայ երիտասարդին կրակած հանցագործներին: Ի դեպ, ըստ ականատեսների՝ Գրիգորի վրա կրակել են մի քանի անգամ, եւ հանցանքը կատարողները եղել են երկուսը:
«Ժողովուրդ»-ը կատարվածի շուրջ զրուցեց Բիլիֆելդ քաղաքում ապրող, Գրիգոր Գրիգորյանի ընտանիքի մտերիմներից մեկի՝ Կարինեի հետ: Ըստ նրա՝ Գրիգորի ընտանիքը Բիլիֆելդ քաղաքում շատ հարգված ընտանիք է, եւ կատարվածը շատ զարմանալի է իրենց համար:
Ինչպես նշեցինք՝ Գրիգորի վրա կրակել են մի քանի անգամ: «Հանցագործները եղել են երկուսը. այդ մասին ականատեսներն են հայտնել: Ու Գրիգորի վրա եղել են մի քանի հրազենային վնասվածքներ»,- պատմեց մեր զրուցակիցը:
«Շատ լավ ընտանիք են իրենք, լավ ծնողներ ունեն, շատ աշխատասեր անձնավորություն են. իսկական հայկական ընտանիք է իրենց ընտանիքը: Երկար ժամանակ է, ինչ ապրում են Գերմանիայում, կլինի 20 տարուց ավել: Երկու երեխաների հայր էր, մեկ տղա եւ մեկ աղջիկ ուներ: Դեպքի մասին իմացել ենք փետրվարի 11-ին, մի տեսակ չհավատացի, բայց երբ լրատվամիջոցները հայտարարեցին, արդեն չհավատալ չէինք կարող: Գրիգորը շատ բարեհամբույր, հիանալի, բարի մարդ, անձնավորություն էր: Հիանալի ծնողներ ունի: Գիգորը տան մեծ տղան էր, ունի եւս մեկ եղբայր եւ երկու քույր, բոլորն էլ աշխատում են իրենց արդար քրտինքով: Շատ ափսոս, որ նման բան եղավ»:
Սպանվածի մտերիմի խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել կահույքի սրահի ավտոկայանատեղիում. «Այստեղ լուրեր են պտտվում, որ մեքենան կայանելու տեղի համար է եղել այս միջադեպը, բայց Գերմանիայում, հավատացեք, այս խնդիրը չկա: Սա ինձ է պատկանում, սա քեզ է պատկանում. նման հասկացողություն մեզ մոտ չկա: Այստեղ այնքան մեծ են ավտոկայանատեղիները, որ միանգամից մի քանի հարյուր մեքենա կկայանվի: Նաեւ մտածում եմ՝ միգուցե կատարվածը սխալմունք է եղել, իրենք շատ հարգված մարդիկ են, ինչո՞ւ պետք է այս ամենը լիներ. մի տեսակ անհավանական է»:
Իսկ ի՞նչ գործունեություն էր ծավալում Գրիգորը, ինչո՞վ էր զբաղվում, արդյո՞ք իր գործունեությամբ կարող էր պայմանավորված լինել սպանությունը: «Ժողովուրդ»-ի այս հարցին Կարինեն պատասխանեց. «Նա անհատ ձեռներեց էր, մսի բիզնեսով էին զբաղվում ընտանիքով: Ամեն ինչ օրինական էին անում, շատ ապահովված մարդիկ էին ու ինչը ստեղծել էին, իրենց արդար քրտինքով էին ստեղծել: Այն լուրերը, որ այս ամենը կարող է պատահած լինի պարտքի համար, ձեզ վստահ կարող եմ ասել, որ հնարավոր չէ, որ իրենք պարտք ունենային, ու նման բան լիներ: Ախր Գերմանիայում ոչ մեկ ոչ մեկի պարտք չի. նման խնդիր մեզ մոտ չկա: Կրկնում եմ՝ իրենք շատ ապահովված մարդիկ էին ու արդար քրտինքով էին վաստակում իրենց գումարը»:
Կարինեի խոսքով՝ իր՝ Գերմանիայում ապրելու տարիներին սա առաջին դեպքն է, որ այսպիսի դաժան սպանություն է տեղի ունենում:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 12-ին էլ Ֆրանսիայի Մարսել քաղաքում սպանվեց հայազգի 16-ամյա Միքայել Ասատուրյանը: Այդ գործով կալանավորվել է 3 հոգի: Տղային սպանել էին իր դասընկերուհու հրահանգով, իսկ պատճառը եղել էր այն, որ Միքայելը նկատողություն էր արել իր օտարազգի դասընկերուհուն, նա էլ սպառնացել էր հաշվեհարդար տեսնել: Ուստի, երբ Միքայելը դպրոցից դուրս էր եկել, անծանոթը հարվածել էր Միքայելին ու սպանել:
Քնար Մանուկյան