Վերջին երկու օրերին իշխանական կուլիսներում շրջանառվում է մի լուր, ըստ որի՝ հանրապետական ջահելները, կամ նույն է թե՝ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի թիմը ձեռնամուխ է եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի «ոչնչացմանը»: Այն, որ Միքայել Մինասյանի եւ Հովիկ Աբրահամյանի ջրերը նույն առվով չեն հոսում, եւ նրանց թիմերն էլ միմյանց մի կերպ են հանդուրժում, վաղուց հայտնի իրողություն է: Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո Մինասյանի թիմը ստիպված էր հանդուրժել եւ իր տրամադրության տակ եղած լրատվական միջոցներով աջակցել Աբրահամյանին, քանի որ քաղաքական դաշտի՝ այն ժամանակվա դասավորվածության պայմաններում նրա դերակատարությունը շատ կարեւոր էր: Այդ կարեւորությունը հիմնականում արտահայտվում էր Հովիկ Աբրահամյանի` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վրա ունեցած ազդեցությամբ: Գագիկ Ծառուկյանին ասպարեզից հեռացնելուց հետո Հովիկ Աբրահամյանն այլեւս նախկին կարեւորությունը չունի: Երեկ խորհրդարանում տեղի ունեցած բուռն քննարկումների արդյունքում ակնհայտ դարձավ, որ այս գործում երիտհանրապետականները` ի դեմս ՕԵԿ-ի եւ ՀՅԴ-ի, դաշնակիցներ ունեն: Նշված կուսակցությունների խմբակցության անդամները երեկ բուռն քննադատել են Կառավարությանը՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի համար, եւ աներկբա է, որ առաջիկայում էլ շարունակելու են իրենց զայրույթը գործադիրի վրա պարպել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Միքայել Մինասյանի թիմը որոշել է հրապարակային հանդես չգալ Հովիկ Աբրահամյանի դեմ իրականացվելիք արշավում: Նրանք պարզապես Աբրահամյանին կզրկեն իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների ինֆորմացիոն աջակցությունից, եւ վարչապետը քննադատությունների դեմ անպաշտպան մնալով՝ որոշ ժամանակ անց իսպառ կհեղինակազրկվի:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մարտի 4-ին կայանալիք նիստի օրակարգում ներառված երեք նախագծերը, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք են տալիս: Այսպես՝ առաջին առանցքային որոշման նախագիծը վերնագրված է «Հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետեւանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման եւ արտահանման կարգը հաստատելու մասին»: Մյուս երկու նախագծերն առաջինին փոխկապակցված հարցեր են: Հայաստանից էլեկտրաէներգիա արտահանելու եւ ներմուծելու կարգերը վաղուց գործում են, եւ դրանց հիման վրա էլէներգիա է արտահանվում հարեւան Իրան եւ Վրաստան, ինչպես նաեւ՝ փոքր քանակությամբ ներկրվում է` համակարգի գործունեությունը ապահովելու համար: ՀՀ էներգետիկ համակարգն ամբողջությամբ գտնվում է ռուսական վերահսկողության տակ: Ուստի այդ ի՞նչ ֆորսմաժորի են պատրաստվում ՀՀ իշխանությունները, որի համար նման հատուկ կարգ սահմանելու անհրաժեշտություն է առաջացել:
Այն կանխատեսումները, որ այս տարի Հայաստանում տնտեսական ճգնաժամեր են սպասում, պաշտոնական վիճակագրությամբ արդեն սկսում են հաստատվել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են 6,3 տոկոսով, առեւտրի շրջանառությունը նվազել է 7,4 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 19,7 տոկոսով, իսկ արտահանումը 21,9 տոկոսով: Ավելին՝ ներկայումս Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ տնտեսության վիճակը գնալով ավելի է վատթարանալու, եւ չկա մեկ գործոն, որը լավատեսական սպասում կարող է հաղորդել: Իհարկե, արտերկրից եկող տրանսֆերտների՝ հունվար ամսվա թիվը դեռեւս չի հրապարակվել, սակայն կասկածից վեր է, որ այն եւս էապես նվազած կլինի: ՀՀ իշխանությունները միայն մեկ բանով են զբաղված` փորձում են միջազգային կառույցներից նոր վարկեր ներգրավել, բայց այս գործում էլ դեռեւս հաջողության չեն հասել:
ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ տարածած հաղորդագրությամբ փաստացի ապացուցել է «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա համարում հրապարակված այն տեղեկությունը, որ Գեւորգ Կոստանյանի` ՌԴ գործընկերոջը հասցեագրված միջնորդությունը դեռեւս փետրվարի 9-ին տեղ է հասել, պարզապես ռուսական կողմը դեռեւս չի կողմնորոշվում, թե ինչպես պատասխանի այդ գրությանը: Ըստ հաղորդագրության՝ ՌԴ դատախազությունը տեղեկացրել է հայկական կողմին, որ իրենք ստացել են Գեւորգ Կոստանյանի միջնորդությունը, եւ այն գտնվում է քննարկման փուլում: Ի դեպ, դատախազությունը հաստատել է նաեւ մեր այն տեղեկությունը, որ Գեւորգ Կոստանյանը չի ցանկանում հրապարակել իր միջնորդությունը, եւ տեքստը ամեն կերպ գաղտնի է պահվում: Միջնորդությունը չհրապարակելը դատախազությունը պարզաբանել է՝ դրանում «…հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալների» առկայությամբ: Իհարկե, ցանկության դեպքում կարելի էր գրությունը հրապարակել՝ ասենք, նախաքննության գաղտնիք հանդիսացող տվյալները փակելով:
ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ
Ինչպես հայտնի է՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հայտ էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարան` մարտի 1-ին Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը ներկայացված հայտն ընդունել է ի գիտություն, ավելին` ՀԱԿԿ-ն իրավունք ունի ոչ միայն մարտի 1-ից 17-ը հանրահավաքներ անցկացնել, այլեւ այդ ընթացքում երթեր անել: Ներքաղաքական վերջին զարգացումներից հետո մարտիմեկյան առաջիկա հանրահավաքը առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում մի քանի առումներով: Նախ` այդ հանրահավաքից հետո, ի վերջո, պարզ կդառնա՝ արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հռչակած համաժողովրդական շարժումը դեռ կենդանի է, թե՞ այն ցամաքեց Գագիկ Ծառուկյանի կողմից ներդրվող ռեսուրսների հետ մեկտեղ:
Մարտի 1-ի հանրահավաքում ուշագրավ կլինի նաեւ լսել, թե այս տարի` ողբերգության յոթերորդ տարելիցին, մեղադրականների առյուծի բաժինն ում է ուղղված լինելու` «Մեծարգո Սերժ Սարգսյանին», ումից Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ առ դեմ հանդիպում էր խնդրում, թե այնուամենայնիվ դարձյալ Ռոբերտ Քոչարյանին, ում «պրոտեժեների» հետ համագործակցությունը` «քաղաքագիտական վերլուծության» շրջանակներում, այլեւս ձախողված է:
Համենայն դեպս, Երեւանի քաղաքապետարանի` երեկ տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ՀԱԿԿ-ն իրեն այլեւս կաշկանդված չի զգում Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու հարցում եւ կազմակերպվելիք երթերի երթուղու մեջ վերստին ներառել է Մյասնիկյանի արձանը: Մի բան, որ ՀԱԿԿ-ն չէր անում անցած հոկտեմբերին եռյակի համապետական հանրահավաքներից հետո կազմակերպված երթերի ժամանակ, երբ «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» էր իրականացնում Մարտի 1-ի գլխավոր դերակատարը համարվող Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ուժի` ԲՀԿ-ի հետ, որի առաջնորդի թիկնազորի անմիջական մասնակցությունը մարտիմեկյան դեպքերին բազմիցս արձանագրվել էր հենց իրենց` ՀԱԿ-ականների կողմից:
Եվ եթե այդ ժամանակ ՀԱԿ-ը «մոռանում էր» այցելել Մյասնիկյանի արձանին` անհարմար վիճակում չդնելու համար ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանին, ապա հիմա, երբ Ծառուկյանից էլ սպասելիքներ չկան, Մյասնիկյանի արձանին դարձյալ ծաղիկներ դնելը բավականին անհարմար վիճակի մեջ կդնի ՀԱԿ-ին: Քանզի առավել ակնհայտ կդառնա, որ ՀԱԿ-ը Մարտի 1-ի պահանջատիրությունից, ըստ էության, հետ կանգնեց` հանուն «քաղաքագիտական վերլուծության»: Այլ կերպ հնարավոր չէ գնահատել համագործակցությունը մի ուժի հետ, որի կազմում էին 2008-ին իրավապահ համակարգի կարեւոր դերակատարներից ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը եւ Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպաններին ապատեղեկատվություն հրամցնող ու հայտնի հեռուստատեսային ուղերձով հանդես եկած Վարդան Օսկանյանը:
Հիրավի, քաղաքականությունն ու բարոյականությունն անհամատեղելի կատեգորիաներ են: