ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՌԴ-ԻՑ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների պահանջին, նշեց, որ այն միանգամայն արդարացի է, եւ հույս հայտնեց, որ հինգշաբթի օրը Գյումրիում լարված իրավիճակ չի ստեղծվի: Հիշեցնենք, որ Ավետիսյանների հարազատները պահանջել են, որ այդ օրը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այցելի Գյումրի եւ անձամբ ներկայացնի, թե Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարցում ինչ նորություն կա:

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկած միջնորդությունը փետրվարի 9-ին մուտք է արվել ՌԴ դատախազություն: Սակայն ՀՀ գլխավոր դատախազությունում հրահանգված է այս տեղեկությունը, ինչպես նաեւ՝ միջնորդության բովանդակությունը, չբացահայտել:
«Ժողովուրդ»-ն այս առիթով մի քանի հարց է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արման Սահակյանին:
-Պարո՛ն Սահակյան, Ավետիսյանների հարազատները պահանջում են, որ ՀՀ գլխավոր դատախազն իրենց կոնկրետ պատասխան տա՝ արդյո՞ք հանցագործը հանձնվելու է ՀՀ արդարադատությանը: Կարելի է ասել՝ այս օրերին Գյումրիում կրքերը դարձյալ թեժանում են, Դուք զրուցել եք Ավետիսյանների հարազատների հետ, ի՞նչ եք պատրաստվում անել՝ նրանց օգնելու համար:
-Բովանդակային հարցին չեմ կարող պատասխանել, թե ինչ են պահանջում եւ այլն, բայց իրենք ընտրել են իրավահաջորդներ, ու ես նրանցից մեկի հետ հանդիպել ու առաջարկել եմ մասնակցություն ունենալ ցանկացած տեսակի գործընթացի, նաեւ արտասահմանից իրավաբանի կարող են հրավիրել, քանի որ իրենք 5 իրավապաշտպանի իրավունք ունեն: Ում հետ իրենք հիմա աշխատում են, իրենց խորհուրդներն են լսում, ես որեւէ վատ բան այդտեղ չեմ տեսնում, բայց ամեն ինչ անում են իրավահաջորդի ներկայացուցիչները: ՀՀ գլխավոր դատախազն արդեն դիմել է ՌԴ իր գործընկերոջը, որպեսզի գործը տեղափոխվի ՀՀ դատական դաշտ: Ճիշտ հասկացեք՝ կողքից մարդիկ չեն կարող ինչ-որ դերակատարություն ունենալ, քանի որ իրավահաջորդներն իրենք են, իսկ իրավահաջորդներն էլ ունեն շահերի պաշտպաններ, ու գործն էլ առաջ են տանում այդ մարդիկ:
-Ավետիսյանների հարազատները վրդովված են այն հանգամանքից, որ կատարվածից շուրջ մեկ ու կես ամիս է անցել, բայց որեւէ կոնկրետ գործընթաց չի իրականացվում: Չեք կարծում, որ դա կարող է հանգեցնել լարվածության նոր աճի եւ հունվարի 15-ի իրադարձությունների կրկնության:
-Հուսով եմ՝ չէ, ես ինքս էլ խորհուրդ եմ տվել շատ հստակ ու շատ պրոֆեսիոնալ վերաբերվել հարցին, կարծում եմ՝ դա գործին օգուտ չի տալու: Իհարկե, ինձ համար էլ գործում կան լիքը անհասկանալի բաներ, ակնհայտ է, որ գործի վերաբերյալ տեղեկատվության դեֆիցիտ կա, իսկ եթե այդ ինֆորմացիան չկա, ես այդ առումով այդ հուզմունքը լրիվ հասկանում եմ, բայց կարծում եմ՝ այդ դեպքում եւս պետք է աշխատել իրավական գործիքներով: Ես հանդիպել եմ իրենց հետ ու ներկայացրել եմ իմ անձնական տեսակետը, նշել եմ, որ ես կարող եմ հոգալ այդ ծախսերը, ու գործով ունենանք 5 իրավապաշտպան, որի իրավունքն իրենք ունեն, առաջարկել եմ` բերենք ՌԴ-ից ամենահայտնի իրավաբաններից մեկին, վճարենք իրենց, ու հարազատները ում կընտրեն, իրենք էլ այդ գործով զբաղվեն: Եթե ՌԴ-ն է նշում, թե իր օրենքներն այսպիսին են, թող այդ օրենքի մասնագետները գան, ու մենք խոսենք ամենապրոֆեսիոնալ մարդկանց հետ: Ես ինքս իրավաբան չեմ, ես դա ասում եմ տրամաբանորեն: Մինչեւ հիմա ես սպասում եմ իրենց պատասխանին: Հասկանում եք՝ իրենք են որոշում կայացնողները: Ցավոք, սրտի գործով ինֆորմացիայի սղություն կա:
-Հանրության մոտ մտավախություն կա, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գործի հետ կապված ինչ-որ բան է թաքցնում: Դուք իր հետ զրուցել ե՞ք, պարզել ե՞ք, թե ինչ է անում գործի բացահայտման ուղղությամբ:
-Չեմ կարծում, որ նման բան կա: Այսպես պետք է ասեմ՝ ինքը նամակ է ուղարկել, սպասում է պատասխանին, այսինքն՝ դա մի օրվա նամակագրություն չի: Տեղյակ եմ, խոսել եմ, գիտեմ, որ իրենք էլ են սպասում պատասխանին: Ուղղակի, էլի եմ կրկնում, տեղեկության դիֆիցիտ է, ինչը պատճառ է դառնում տարաբնույթ տեղեկատվության տարածման: Գյումրի եկած ՌԴ պատգամավորների հետ բավականին երկար զրույց ենք ունեցել, ու այժմ պետք է ստեղծվի պատգամավորական խումբ, որը կհետեւի գործին: Երեւի մոտ օրերս կհրապարակվեն խմբի անդամների անունները, ու ես կարող եմ ասել, որ այդ ժամանակ որոշակի լծակներ կունենանք՝ ինֆորմացիա ստանալու համար:

 

 

 

 
ՀԱԿ-Ը ԴԱՐՁԵԼ Է ԳԱՂՋ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Երեկ խորհրդարանի ամբիոնից ԱԺ պատգամավորները, միմյանց հերթ չտալով, քննադատեցին ԱԺ ՀԱԿ խմբակցության վարած քաղաքականությունն ու ընդհանուր առմամբ ՀՀ ողջ ընդդիմադիր դաշտի պահվածքը: Ընդ որում, ՀԱԿ-ի քննադատության գործին էին լծվել ինչպես իշխանական, այնպես էլ ոչ իշխանական դաշտի ներկայացուցիչները: ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, օրինակ, հայտարարեց, թե Հայաստանի ընդդիմությունը «կաղում է երեք ոտքով»: Իսկ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ընդգծեց, որ ՀԱԿ-ը ոչնչով չի տարբերվում ՀՀԿ-ից:

Մարուքյանը, արձագանքելով իր հասցեին ավելի վաղ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի արած հայտարարություններին, նշեց, որ ՀԱԿ-ի պատգամավորը ոչնչով չի տարբերվում ՀՀԿ-ական այն պատգամավորներից, որոնք աչքի են ընկնում ոչ կոռեկտ արտահայտություններով: Նա նաեւ ընդգծեց, որ նախօրեին ունեցած իր ելույթում կանխատեսել էր, որ իր հասցեին վիրավորանքներ կհնչեն, եւ դրանք հնչեցին.«Իմ ելույթի ժամանակ Դուք անընդհատ տեղից ինչ-որ բան էիք բղավում: Երբ իրենց նման բան են թույլ տալիս ՀՀԿ-ական պատգամավորները, Դուք առաջինն եք հայտարարում, որ նրանք խանգարում են նիստի աշխատանքը: Իսկ հիմա Դուք նույնն եք անում: Էլ ինչո՞վ եք տարբերվում ՀՀԿ-ի ամենավատ պատգամավորներից, որոնց միշտ օրինակ եք բերում»,-նշեց Մարուքյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ՀԱԿ-ին իր անցյալի գաղջ հիշողություն անվանեց. «Նախորդ ուրբաթ՝ իմ օրինագծի քննարկման ժամանակ, Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո ՀՀԿ ներկայացուցիչները ծափահարեցին: Կարծում եմ՝ նման արձագանքն ի հայտ է եկել Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղտնի շփումների շնորհիվ, որի մասին Տեր-Պետրոսյանը հայտարարել է իր վերջին բաց նամակում: Դրա հետ կապված ուզում եմ հայտարարել, որ քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք վկայակոչում են Սերժ Սարգսյանի հետ հանդիպումները, ինձ համար անցյալ են: Ինձ համար դրանք գաղջ անցյալի հիշողություններ են»:
Իսկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ, արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ ավելի վաղ արած այն հայտարարությանը, թե «ընդդիմությունը թոփալ է», հայտարարեց. «Ընդդիմությունը ոչ թե թոփալ է, այլ մեր գործընկերն է ոտքը վնասել: Իսկ ընդդիմությունը, ըստ իս, կաղում է եւ կաղում է 3 ոտքից: Ընդդիմություն չի նշանակում քննադատություն: Քննադատությունից հետո դուք պետք է քայլեր առաջարկեք՝ հարցեր լուծելու համար, իսկ դուք ասում եք՝ գնացեք, որ մենք գանք: Այսպես չի լինում»: Նաղդալյանը հավելեց, թե միջազգային դիտորդական խմբերը միաձայն արձանագրել են, որ Հայաստանում տեղի ունեցած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են օրենքին համապատասխան, ինչը նշանակում է, որ ընդդիմության կողմից բարձրաձայնվող ընտրակեղծիքները չեն եղել:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԴԱՏԱՎՈՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
Հայտնի «բանդայի» գործով նախկին դատավոր Մխիթար Պապոյանը, որն անհասկանալի պատճառներով կիսատ թողեց նշված գործը եւ տեղափոխվեց ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, իսկ այնտեղից էլ 2015 թվականի սկզբին պաշտոնի բարձրացում ստացավ եւ նշանակվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, բավական մեծ ունեցվածք ունի: Այսպես՝ Մխիթար Պապոյանը, ըստ նրա կողմից ներկայացված հայտարարագրի, ունի երեք անշարժ գույք` բազմաբնակարան շենքում գտնվող երկու բնակարան եւ մեկ ավտոտնակ: Բացի այդ՝ նա հայտարարագրել է մեկ շարժական գույք` «BMW 320» մակնիշի ավտոմեքենա: Միխթար Պապոյանի դրամական միջոցները կազմում են 6 միլիոն դրամ: Վերջին մեկ տարում նա ստացել է 5 միլիոն 655 հազար 242 դրամի եկամուտ, որը նրա՝ որպես դատավոր ստացած աշխատավարձն է: Ի դեպ, Մխիթար Պապոյանն ընդամենը 38 տարեկան է, եւ արդեն վեց տարի է՝ դատավորի պաշտոն է զբաղեցնում:

 

ԱՆՁՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀՀ Կառավարությունն իր վաղվա նիստում կքննարկի մի որոշման նախագիծ, որով նախատեսվում է արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 16 մլն 465 հազար դրամ, որով պետք է փոխհատուցվի օտարերկրյա պետություններում ապրող Հայաստանի քաղաքացիներին վավերական անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետական տուրքի վճարումից չգանձված գումարը: Բանն այն է, որ 2014թ. 4-րդ եռամսյակի ընթացքում օտարերկրյա պետություններում վավերական 277 անձնագիր է տրամադրվել, սակայն դրանց դիմաց պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Սիրիայում (209 գործ) եւ Լիբանանում (68 գործ) գտնվող ՀՀ դեսպանությունում, Սիրիայի՝ ազգությամբ հայ այն քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն եւ դիմել են՝ անձնագիր ստանալու համար:

 

ԿՓՈԽՀԱՏՈՒՑԵՆ
ՀՀ Կառավարությունը 2013 թվականի հուլիսի 7-ից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում անապահով ընտանիքների կողմից օգտագործված գազի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին կփոխհատուցի 1 մլրդ 512 մլն 653 հազար 520 դրամ: Նշված տարբերությունը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը փոխհատուցում է էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման օպտիմալացման եւ բարեփոխումների արդյունքում առաջացող շահույթի հաշվին: Այս նախագիծը ՀՀ Կառավարության վաղվա նիստում կներկայացնի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:




Լրահոս