Վանաձորցի երիտասարդ գեղանկարիչ Մհեր Չատինյանը, ում կտավներում ակնառու են թարմ եւ անկեղծ գույները, ով հասցրել է իր անհատական ցուցահանդեսներն ունենալ Երեւանում, մասնակցել Սլովակիայում, Վրաստանում, Հայաստանում կայացած երիտասարդ նկարիչների միջազգային սիմպոզիումների, նշում է, որ մարզի նկարչի համար առաջնային խնդիրներից մեկը սեփական արվեստը պրոպագանդելն է: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է նաեւ Հայաստանում` մշակութային միջոցառումների ուրբանիզացված լինելուն, մարզում արվեստի մթնոլորտի բացակայությանը, ցուցասրահների ընձեռած սահամանափակ հնարավորություններին եւ այլ թեմաների:
-Մհե՛ր, Ձեր կտավներում առկա է լոռեցուն բնորոշ ներքին պարզություն եւ միեւնույն ժամանակ` թանձրություն: Ի՞նչն է գերակշռողը Ձեր գործերում, եւ այժմ ի՞նչ նոր կտավի վրա եք աշխատում:
-Ամեն նկարչի կտավ խոսում է հեղինակի բնավորության մասին: Իմ խառնվածքը եւս ինչ-որ չափով արտացոլվել է կտավներումս: Բացի Ձեր նշած հատկություններից` ես նաեւ մի քիչ տաքարյուն եմ. այդ հանգամանքը եւս ազդել է նկարներիս վրա: Իմ բոլոր նկարների միջոցով փորձել եմ ակնդիրների շրջանում սեր արթնացնել արվեստի նկատմամբ. հիմնական նպատակը սա է: Հիմա աշխատում եմ մի կտավի վրա, որը կոչվում է «Ծաղրածուի հարսանիքը»: Թեման, կարծում եմ, հետաքրքիր է. հարսանիքը հենց ծաղրածուի տխրության պատճառն է:
-Ըստ Ձեզ` Վանաձորում նկարիչ-արվեստագետների մրցակցություն կա՞: Ստեղծվա՞ծ է մի միջավայր, որտեղ գտնվելով՝ հնարավոր է կատարելագործվել:
-Անկեղծ ասած` մեզ մոտ սակավաթիվ նկարիչներ կան, ովքեր իսկապես մինչեւ վերջ նվիրված են իրենց արվեստին: Այդ Ձեր նշած միջավայրը չկա, բացակայում է քննարկման մթնոլորտը… Թող մեծամտություն չհնչի, բայց որոշ նկարիչներ արվեստից բացարձակ անտեղյակ են, նրանց հետ հնարավոր չէ անգամ բանավիճել: Այդ առումով երեւանցի արվեստագետների հետ քչից-շատից շփումը հետաքրքիր է: Մի բան էլ պետք է ասեմ. այստեղի արվեստագետներն իրենց շուրջը նայելու, կատարելագործվելու միտում շատ չունեն:
-Մարզի նկարչի առջեւ ծառացած հիմնական խնդիրները որո՞նք են:
-Նախ` մարզի նկարիչը պրոպագանդվելու խնդիր ունի: Դրա համար հարկավոր են հատուկ մասնագետներ, նկարիչը չէ, որ պետք է զբաղվի այդ հարցով. նրա գործը ստեղծագործելն է: Իսկ մեզ մոտ` Վանաձորում, այդ հնարավորությունը չկա… Բացի այդ` մշակութային միջոցառումները հիմնականում եւ առավել հաճախ կազմակերպվում են Երեւանում, իսկ մեզ մոտ, օրինակ, ցուցահանդեսներ տարին մեկ են լինում. մասնակցես-չմասնակցես` նույն հաշիվն է: Ես բազմիցս ցանկություն եմ ունեցել իմ կտավները ներկայացնել մեծ ցուցասրահում, սակայն այդ հնարավորությունը չի ընձեռվել, իսկ նկարները մայրաքաղաք տանելն ու այնտեղ ցուցադրելը մի քիչ դժվար է…
-Թերեւս, այն արվեստագետները, որոնք չեն ընկնում դռնեդուռ, հովանավորներ չեն փնտրում, մնում են ստվերում…
-Ես չեմ ընդունում այդ երեւույթը, կարծում եմ, որ նկարիչը չպետք է ինչ-որ մեկին ինչ-որ հարցով, խնդրանքով դիմի, փոխարենը իրեն պետք է դիմեն… Շատ դժվար է, բայց այս պարագայում արվեստագետը պետք է իր դիրքերը պահի:
-Իսկ մարզպետարանը, քաղաքապետարանը ինչ-որ կերպ աջակցո՞ւմ են երիտասարդ արվեստագետներին, ուշադրության արժանացնո՞ւմ են նրանց:
-Ես այդ կառույցների հետ շփում չունեմ, օգնություն չեմ ակնկալում, թեպետ իրենք նման ցանկություն դժվար էլ ունենան: Եթե այստեղ նկարիչներն են հեռու արվեստից, դե, պատկերացրեք` այդ կառույցների վերաբերմունքն ինչպիսին կլինի:
-Որպես երիտասարդ նկարիչ` ամենամեծ նպատակը, որ այժմ Ձեր առջեւ դրել եք, ո՞րն է:
-Այս տարի Իտալիա մեկնելու, այնտեղ սովորելու ցանկություն ունեմ: Թեեւ ուսումը չէ միայն, որ ինձ կտանի այդ երկիր. մտադիր եմ մեկնել անտեղ՝ աշխատելու, եթե հնարավոր է` նաեւ մնալու համար…
-Փախչում եք այստեղից, որպեսզի Ձեզ համար լավ միջավայր ձեւավորե՞ք:
-Պարզապես լավ նկարիչ դառնալու ցանկությունս մեծ է…
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ
«Ժողովուրդ»-ն օրեր առաջ գրքի տոնի առթիվ ներկայացրել էր, թե Հայաստանում ընթերցողն ինչպիսի գրականության պակաս ունի, զրուցել էր գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի եւ բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանի հետ, ծանոթացել նրանց տեսակետներին: Այժմ արդեն ընթերցողին ենք ներկայացնում մեր զրույցի երկրորդ հատվածը, որի շրջանակում անդրադարձել ենք Հայաստանի ներքին քաղաքական կյանքի ուղղակի կամ անուղղակի արտացոլմանն արդի գրական գործերում:
Հովիկ Չարխչյանի համոզմամբ` գրականությունը մշակույթ է, որը չի ընդունում պարտադրված թեմաներ. սա ժամանակագրություն չէ: Նրա կարծիքով` բոլորովին պարտադիր չէ անդրադառնալ քաղաքական խմորումներին եւ ասել, թե այդ անդրադարձն արդեն իսկ գրական գործը դարձնում է արժեքավոր. կան բազում այլ ճանապարհներ` ասելիքի արդիական հնչեղությունն ապահովելու համար. «Երբ Թումանյանը գրում էր «Մի կաթիլ մեղրը», նա կարող էր չիմանալ, որ 2015-ի փետրվարին Հայաստանի ներքաղաքական կյանքը շատ նման կլինի դրան, բայց Թումանյանը գիտեր, թե ինչ ասել է «հավերժական թեմա»: Մյուս կողմից, եթե որեւէ հեղինակ կարող է այսօրվա իրադարձությունները մատուցել գեղարվեստական գույնով եւ դա իրագործել այնպիսի խորությամբ եւ վարպետությամբ, որ ներկայի մեջ տեսանելի լինեն բոլոր ժամանակները, ես այդ գրքի առաջին ընթերցողը կդառնամ»-մեզ հետ զրույցում նկատեց նա:
Աշոտ Գաբրիելյանն էլ վստահեցրեց, որ չի եղել մեկ այլ շրջան, երբ հայ գրականությունն այսպես անկեղծորեն արտացոլի ժամանակի քաղաքական, սոցիալական խնդիրները, որքան այսօր: Նրա խոսքով` որոշ հեղինակների մոտ դրանք առաջնային խնդիրներ ու թեմաներ են դառնում, իսկ ոմանք էլ կամա թե ակամա ենթատեքստով արծարծում են տվյալ խնդիրները, քանի որ գրողը, մեր զրուցակցի պատկերացմամբ, ինչ հայացքներ էլ ունենա, չի կարող անտարբեր լինել իր ժամանակի քաղաքական զարգացումների հանդեպ. «Այսպես ասած` նրանք Մարսից չեն իջել: Այս հարցադրումը վերջին շրջանում շատ է արծարծվում այն պատճառով, որ հաճախ գրողից պահանջում են քաղաքական հարցերի շուրջ մեկնաբանություններ անել: Սակայն պետք է ասել, որ ազնիվ չէ, երբ գրողին կարդում է, օրինակ, 500 հոգի, սակայն նրանից պահանջում են 50 հազարանոց լսարանին տեսակետներ առաջադրել»,- մեկնաբանեց նա` հավելելով, որ այսօրվա գրողը խուսափում է կույր գործիք դառնալ տարբեր քաղաքական շերտերի համար, ինչպես դա եղել է խորհրդային շրջանում:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում ընդգրկվել է նոր ներկայացում` «Որբերի ընտանիքը»: Պիեսի հեղինակը Գուրգեն Խանջյանն է, այն բեմադրել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը: BRAVO.am-ի փոխանցմամբ` երկու մասից բաղկացած լիրիկական կատակերգության թեման մարդասիրությունն է. գլխավոր հերոսը գտնում է կարիքավոր, անտուն մարդկանց եւ համախմբում նրանց իր հարկի տակ: Ներկայացման կազմում են ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանը, Ալլա Վարդանյանը, Ջուլիետա Ստեփանյանը, երիտասարդ դերասաններ Շողեր Գրիգորյանը, Դավիթ Գասպարյանը, ինչպես նաեւ` Լեւոն Ավետիսյանը եւ Արա Կարագյանը:
«ՕՍԿԱՐԸ» ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
Օրերս Լոս Անջելեսում կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը, ինչի առթիվ Nielsen ընկերությունը հաշվել է, թե ԱՄՆ-ում հանդիսատեսի քանի տոկոսն է հետաքրքրություն ցուցաբերել այս իրադարձության նկատմամբ: Պարզվել է` «Օսկար»-ի դիտումների ցուցանիշն այս տարի նվազել է: 2015-ին մրցանակաբաշխությունը դիտել է 36.6 միլիոն մարդ, այսինքն` 16%-ով պակաս, քան նախորդ տարի, երբ այն դիտել էր 43.7 միլիոն մարդ: The Washington Times-ը նկատել է, որ սա վերջին վեց տարիների վատագույն ցուցանիշն է:
ՍՊԻՎԱԿՈՎԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը երեք համերգ կունենա Երեւանում: Ապրիլի 14-ին, 15-ին եւ 16-ին մաեստրոն Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Համերգները նվիրվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հիշեցնենք, որ Վլադիմիր Սպիվակովը 1970 թվականից Մոսկվայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորն է: 1989 թվականին նա արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման եւ ԽՍՀՄ պետական մրցանակի: