ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ aravot.am-ի

Երեկ «Նաիրիտ»-ի արհմիութենական կազմակերպությունների նախագահ Հրաչ Թադեւոսյանը 7 օր անընդմեջ ակցիա անող «Նաիրիտ»-ի գործարանի աշխատողներին հայտնել է, որ եւս մի քանի օր «Նաիրիտ» գործարանի հանձնաժողովը որոշում կայացրեց Կառավարությանը ժամանակ տալ՝ աշխատավարձերի մարման ժամկետի հետ կապված: Հրանտ Թադեւոսյանն հավելել է նաեւ, որ մինչեւ մարտի 3 ակցիա չեն անելու, իսկ եթե մինչեւ այդ վարչապետն իրենց չընդունի, նորից կհավաքվեն Կառավարության շենքի դեմը: Ստացվում է՝ միեւնույն է, որքան էլ քաղաքացիները փորձում են պայքարել՝ աշխատավարձերը ստանալու եւ իրենց իրավունքները պահպանելու համար, այնքան Կառավարությունն ամեն կերպ երկարաձգում կամ էլ խուսափում է այդ հարցին վերջնականապես լուծում տալուց:

 

 

 

 
ՀԱՐՑ. Երկար եմ սպասել ԽՍՀՄ Խնայբանկում ներդրած ավանդիս վերադարձմանը: Հիմա էլ, երբ հերթս հասնելուն քիչ է մնացել, պարզվում է, որ փարոս ծրագրով օգնություն ստանալու պատճառով ինձ մերժելու են: Ուզում եմ իմանալ՝ ավանդը ստանալո՞ւ եմ, թե՞ հույսս լրիվ կորցնեմ: Արդյո՞ք կա նման բան՝ եթե փարոս ծրագրով օգնություն ես ստանում, ապա ավանդը ստանալու հիմքերը մերժվում են: Խնդրում եմ՝ պարզաբանեք:

Սիլվարդ Կիրեջյան (71 տարեկան, լաբորատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասի բ) ենթակետով սահմանված է, որ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների` մինչեւ 1931 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անդամներին եւ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից եւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաեւ՝ Կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` Կառավարության սահմանած կարգով:
Ելնելով վերոգրյալից՝ եթե Սիրվարդ Կիրեջյանը մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կենսաթոշակառու է, նրա ընտանիքը հաշվառված է Համակարգում եւ անապահովության միավորը «0»-ից բարձր է (առավել եւս՝ եթե օգտվում է Համակարգով իրականացվող որեւէ ծրագրից), ապա կարող է ընդգրկվել ավանդների փոխհատուցման ծրագրում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես արդեն նշել ենք՝ 2015թ. նախատեսվում է, որ ավանդների փոխհատուցում կստանան շուրջ 7000-8000 ավանդատուներ: Միջինում յուրաքանչյուր անձ ստանում է 200.000 դրամ: Սակայն ստացվում է՝ հիմա էլ քաղաքացիներին փորձում են շփոթության մեջ գցել եւ ինչ-ինչ պատճառաբանություններ ներկայացնում ավանդի մերժման համար: Հուսանք, որ նման պարզաբանումներից հետո քաղաքացիները կկարողանան ստանալ օրենքով իրենց հասանելիք ավանդը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Բոլորին է հայտնի, որ բանկերը նախատեսում են բարձրացնել վարկավորման տոկոսադրույքը: Այս պահին վարկեր գրեթե չեն տրամադրվում: Հետաքրքիր է իմանալ՝ ԿԲ-ն ունի՞ սահմանված շեմ, որից բարձր վարկային տոկոսադրույքի շեմ բանկերը չեն կարող բարձրացնել կամ տրամադրել:

Միհրան Սողոմոնյան (36 տարեկան, իրավագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ տարածքում գործող բանկերն ինքնուրույն են սահմանում մատուցվող ֆինանսական ծառայությունների սակագները, ներառյալ վարկերի տոկոսադրույքները եւ միջնորդավճարները: Վարկերի տոկոսադրույքները սահմանելիս բանկերը դիտարկում են բազմաթիվ գործոններ, որոնցից հատկապես կարեւորվում են վարկերի ֆինանսավորման նպատակով ներգրաված միջոցների ծախսատարությունը, սպասարկման ոչ տոկոսային ծախսերը, վարկային ռիսկը եւ այլն: Այդուհանդերձ, սպառողների շահերի պաշտպանության եւ շուկայական վարվելակերպի ամրապնդման նպատակներից ելնելով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվում է վարկերի տոկոսադրույքների առավելագույն շեմ: Մասնավորապես, ՀՀ ՔՕ 879-րդ հոդվածը սահմանում է, որ փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

ՀՀ Կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Վերջերս ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի շեմը բարձրացել է 1%-ով՝ այդ կերպ փորձելով զսպել ֆինանսական շուկայում առաջացող ռիսկերը: Թե որքանով ԿԲ-ի նման քաղաքականությունը կարող է վերահսկել եւ ազդեցություն ունենալ տոկոսադրույքների վրա, պարզ կլինի առաջիկայում: Սակայն միեւնույն է՝ թեեւ ԿԲ փորձում է նման կերպով «հանգստություն» պահպանել ֆինանսական շուկայում, սակայն փորձը ցույց է տալիս, որ երբեմն բանկերն իրենք իրենց հայեցողությամբ են բարձրացնում եւ իջեցնում վարկերի տոկոսադրույքները եւ փակուղու մեջ գցում մեր քաղաքացիներին:




Լրահոս