ՕՐԵՆՔ՝ ՀՀ-ՈՒՄ ՆՈՐ ՄԵՆԱՇՆՈՐՀ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իշխանությունները, չգիտես ինչու, որոշել են հնարավորինս սեղմ ժամկետներում իրավական ուժ տալ խոշոր արտահանողներին արտոնություն տվող օրենսդրական փոփոխությունը: Երեկ ԱԺ-ն որոշեց 48 ժամում ավարտել նախագծի քննարկման եւ ընդունման գործընթացը: Ինչպես հայտնի է՝ ՀՀ Կառավարությունն ԱԺ-ին առաջարկել է փոխել «Շահութահարկի մասին» օրենքը, 50 միլիարդ դրամ (ներկայիս փոխարժեքով՝ 105 միլիոն դոլար) եւ ավել ապրանք արտահանողի շահութահարկը հաշվարկել ոչ թե 20, այլ 2 տոկոս: Այս արտոնությունը չի վերաբերելու հանքարդյունաբերողներին: Անցած տարվա արտահանման տվյալներով այս արտոնությունից կարող են օգտվել ադամանդ եւ սիգարետ արտահանողները, եթե, իհարկե, այդ ապրանքատեսակները մեկական ընկերություններ արտահանեն: Ուրիշ, հանքարդյունաբերությունը չհաշված, այլ ոլորտ չկա, որտեղ արտահանման ծավալները կգերազանցեն 105 միլիոն դոլարի ծավալը: Սակայն ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները սիգարետի եւ ադամանդի կամ որեւէ այլ առանձին ապրանքի արտահանումը խթանելու համար չեն առաջարկել այս մոտեցումը: Առավել հավանական է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ինչ-որ մի ընկերություն կսկսի միայն ինքը Հայաստանից բոլոր տեսակի ապրանքներն արտահանել: Այդպիսով նա կհայտնվի արտոնյալ դաշտում. 18 տոկոսի հարկ կխնայի: Արտադրողներն էլ, գոնե սկզբում, երբ իրենց ապրանքի համար նորմալ գին կառաջարկեն, առանձնապես դեմ չեն լինի այս նոր խաղի կանոնին: Իսկ թե ով կարող է լինել այդ ընտրյալը, կարծում եմ՝ դժվար չէ կռահել: Պատահական մարդ չի կարող, քանի որ նվազագույն հաշվարկներով միայն վարչարարության շնորհիվ նոր մենաշնորհատերը տարեկան 10 եւ ավել մլն դոլարի եկամուտ կունենա:

 

 

 

 

 

Մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարում, այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրաժարականից հետո, նախագահ կընտրվի Նաիրա Զոհրաբյանը, որը միակ թեկնածուն էր Ծառուկյանին փոխարինելու հարցում: Իսկ ԲՀԿ նախագահի պաշտոնում Նաիրա Զոհրաբյանին նշանակելու առաջարկի հեղինակը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ վարչապետը Նաիրա Զոհրաբյանին է ներկայացրել այն պայմանները, որոնց ընդունելու դեպքում նրան կվստահվի ԲՀԿ նախագահի պաշտոնը: Հաշվի առնելով, որ Զոհրաբյանին նշանակելու քաղաքական որոշումը կայացվել է, ուստի ենթադրվում է, որ նա ընդունել է իրեն ներկայացված պայմանները: Ի դեպ, այս ձեւափոխումների ավարտից հետո ԲՀԿ-ն կշարունակի մնալ ոչ իշխանական դաշտում: Ավելին՝ ԲՀԿ-ին կթույլատրվի նաեւ սահմանադրական փոփոխությունների նախագծին դեմ քվեարկել: Իհարկե, մինչ այդ խմբակցությունը կիսով չափ փոքրացած կլինի:

 

 

 

 

 

Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում սահմանադրական փոփոխությունների տեքստը նախապատրաստելու համար: Ըստ Պողոսյանի՝ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը մշակելուց եւ Սերժ Սարգսյանին ներկայացնելուց հետո հանձնաժողովը նիստ չի գումարել: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք հանձնաժողովի անդամներն այժմ բուն փոփոխությունների տեքստի վրա չեն աշխատում, Պողոսյանը պատասխանեց. «Ես ո՛չ հերքում եւ ո՛չ էլ հաստատում եմ այն հանգամանքը, որ հանձնաժողովի առանձին անդամներ այժմ աշխատում են փոփոխությունների տեքստի վրա: Իսկ հանձնաժողովն այս ընթացքում նիստ չի գումարել, եւ սպասում ենք հայեցակարգի հաստատմանը»: Այն հարցին, թե Դուք անձամբ այժմ աշխատո՞ւմ եք փոփոխությունների տեքստի վրա, Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Այդ հարցին եւս ես չեմ կարող պատասխանել»:

 

 

 

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ խորհրդարանում ուշագրավ հայտարարություն է արել` ասելով, որ ներկայումս գազի գնի թանկացման հարց է քննարկվում: «Կարող եմ ասել, որ հայկական կողմը բանակցություններ է վարում ռուսականի հետ, որպեսզի գազի գինը, դոլարի փոխարժեքով պայմանավորված, չբարձրանա»,- ասել է Նազարյանը: Նա նաեւ հայտարարել է, որ ինքը չի մասնակցում այդ բանակցություններին: Բայց նման բանակցություններ վարելու փաստն արդեն իսկ աբսուրդ է: Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելիս հիմնական փաստարկը հենց այն էր, որ առաջիկա տարիներին գազի գինը կմնա անփոփոխ: Միեւնույն ժամանակ անհասկանալի է, թե ինչ է նշանակում «հայկական կողմ»: «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը լիարժեք ռուսական կառավարման ներքո է, եւ ամենամեծ ցանկության դեպքում անգամ այդ ընկերությանը չես կարող համարել «հայկական կողմ»: Ստացվում է՝ ռուսներն իրար մեջ բանակցում են՝ Հայաստանին վաճառվող գազը թանկացնեն, թե ոչ:

 

 

 

 
ԱՐԺԵՐ ՓՈՐՁԵԼ

Հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ Ազգային ժողովից հետ կանչելու Սերժ Սարգսյանի որոշմանը արձագանքելով` երեկ Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն իր ադրբեջանցի գործընկերոջ` Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է. «Որպեսզի ցյուրիխյան արձանագրություններն ուժի մեջ մտնեն, Թուրքիան պայման է առաջ քաշում՝ Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված հողերը»:
Այսպիսով` Թուրքիան դարձյալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է ղարաբաղյան հակամարտության` ադրբեջանահաճո լուծմամբ, ասել է թե` պաշտոնապես վերադառնում է մինչ 2009 թվականն ունեցած դիրքորոշմանը: Իհարկե, Ս. Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտության» ընդդիմախոսները կարող են ասել, որ Թուրքիան երբեք էլ չէր հեռացել իր այդ դիրքորոշումից, սակայն դա իրականում այդքան էլ այդպես չէ: Հակառակ պարագայում Ղարաբաղի հետ կապված որեւէ նախապայման կներառվեր արձանագրությունների բուն տեքստում, կամ էլ այդ մասին թուրքական կողմից առնվազն հայտարարություն կհնչեր 2009 թվականի հոկտեմբերի 10-ին` Ցյուրիխում, արձանագրությունները ստորագրելուց առաջ:
Եվ անկախ այն հանգամանքից, որ ըստ դիվանագիտական խողովակներով շրջանառվող տեղեկատվության՝ արձանագրությունների ստորագրման գործընթացը ժամեր շարունակ ձգձգվում էր հենց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից նման հայտարարություն անելու պահանջի պատճառով, փաստն այն է, որ Թուրքիան մտավ այս գործընթացի մեջ, գոնե ֆորմալ առումով, առանց նախապայմանների: Իսկ դա էլ, բնականաբար, Թուրքիան արեց գերտերությունների ճնշման արդյունքում, ասել է թե` գոնե այդ պահին բավականին նշանակալի հիմքեր կային սկսելու հայ-թուրքական այդ գործընթացը: Եվ այն, որ այդ փորձը ձախողվեց, չի նշանակում, թե չարժեր փորձել:
Ի վերջո, երկար տարիներից ի վեր, հայ-թուրքական հաշտեցման հարցում գերտերությունները ցուցաբերեցին աննախադեպ շահագրգռվածություն, եւ դրանից արժեր առնվազն օգտվելու փորձ կատարել: Այլ բան է, որ արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց արդեն ակնհայտ դարձավ, որ Թուրքիան չի գնալու էական քայլերի, եւ առավելագույնը, որը այդ երկիրը խոստացել էր իր դաշնակից ԱՄՆ-ի վարչակազմին, արվեց, համենայնդեպս, ԱՄՆ նորընտիր նախագահ Բ. Օբաման կարողացավ ապրիլքսանչորսյան իր ուղերձում «ցեղասպանություն» բառը չարտաբերելու լուրջ հիմնավորում ունենալ: Ուստի ՀՀ նախագահն արդեն մեկ տարի անց պետք է արձանագրությունները հետ կանչեր:
Իհարկե, միանգամայն իրավացի են Ս. Սարգսյանի ընդդիմախոսները` նշելով, որ արձանագրություններով կասեցվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ընթացքը: Սակայն կասկածից դուրս է, որ այն, որոշակի հապաղումով, այնուամենայնիվ, կվերսկսվի: Իսկ թե առաջիկայում կլինի արդյո՞ք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նման պատեհություն, դժվար է ասել:




Լրահոս