Ո՞Վ Է ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԵՋՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. նոյեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունը երեք քրեական գործ էր հարուցել՝ համայնքին պատճառած վնասի, դիտավորության, խաբեությամբ զգալի չափերի գումար վերցնելու եւ հափշտակելու հատկանիշներով: Հարուցված երեք քրեական գործերը միացվել էին մեկ վարույթում, եւ այս գործերով Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ: Սակայն զարմանալի զուգադիպությամբ հարուցված բոլոր քրեական գործերը կարճվել են:

Եվ այսպես, ի՞նչ է արել Գառնի համայնքի ղեկավարը, որ հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պարզվել էր, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղական տուրքերը, վճարները հաշվարկելու եւ գանձելու կարգի պահպանման նկատմամբ հսկողություն չի իրականացրել՝ դրսեւորելով անգործություն: Միջոցներ չի ձեռնարկել Գառնի համայնքում գործող, իր ազգականին պատկանող գազալցակայանի 2 տարվա եւ բենզալցակայանի 3 տարվա տեղական տուրքը գանձելու ուղղությամբ, ինչի արդյունքում համայնքին պատճառվել է էական վնաս: Սա դեռ վերջը չէ. Աշոտ Վարդանյանը, լինելով Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար, ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու եւ օրենքով սահմանված կարգով դրանց հետեւանքների վերացումը ապահովելու, ինչպես նաեւ ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու եւ վերացնելու պարտադիր լիազորություններ ունենալով, դիտավորությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել գյուղի «Գառնու ձոր» տարածքում առանց համապատասխան թույլտվության ցանկապատման եղանակով զավթված գյուղատնտեսական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում 6 ջրավազանների ապօրինի կառուցումը եւ հողատարածքի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:
Ավելին՝ Վարդանյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն գյուղի բնակչից, համայնքային սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասի օտարման վերաբերյալ մրցույթ անցկացնելու եւ նրան հաղթող ճանաչելու վերաբերյալ սուտ խոստումներ տալով, խաբեությամբ վերցրել է զգալի չափերի գումար եւ հափշտակել այն:
Նշված դեպքերով ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ հարուցվել էին երեք քրեական գործեր, որոնք հետագայում միացվեցին մեկ վարույթում: Իսկ, ահա, Գառնի համայնքի ղեկավար Ա. Վարդանյանը քրեական գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով` (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը չորս տարի ժամկետով), 315.2-րդ հոդվածով` (Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով):
Եվ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը պատժվում առավելագույնը երկու տարի ժամկետով): Հաշվի առնելով այս քրեական գործերը՝ Գառնի համայնքի ղեկավարին սպասվում էր ոչ ավել, ոչ պակաս 11 տարվա ազատազրկում, սակայն գյուղապետը այս պատմությունից միանգամայն չոր է դուրս եկել. նրա նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճվել են:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ Կոտայքի մարզի դատախազությունը հաստատել է, որ քրեական գործերը կարճելու որոշումն անօրինական է: Թե ինչ զարգացումներ կլինեն, դեռ վաղ է կանխատեսել:
«Ժողովուրդ»-ը փորձեց գյուղապետից պարզել, թե նա ինչպես այս պատմությունից չոր դուրս եկավ, սակայն Աշոտ Վարդանյանը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, թե չի ցանկանում խոսել այդ մասին:

 

 

 

 
ՔՆՆԻՉՆԵՐՆ ԱՊՕՐԻՆԻ ԵՆ ԳՈՐԾԵԼ

Հոկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում սպանված 33-ամյա Արման Մանուկյանի գործով անցնող երեխայի ծնողները պատրաստվում են դիմում-բողոք ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն:

Հիշեցնենք, որ 2014թ-ին Արման Մանուկյանին սպանել էին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի մեջ: Գործով կալանավորված են Վարդենիս քաղաքի բնակիչ Սասուն Կարապետյանը, որը եղել է կրակողը, ու Սարգիս Գալստյանը (Ապեր): «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանվածի եղբայր Գրիշա Մանուկյանն ասել էր, որ իր եղբոր սպանության պատճառը Սոթքի ոսկու հանքանյութի շուրջ բարեկամների միջեւ առաջացած տարաձայնությունն է եղել: Այսինքն` հարազատները ոսկու հանք մտնելու եւ ապօրինի ձեւով ոսկի հանելու համար բազմիցս ծեծել ու կրակել են իրար:
Հիշեցնենք, որ այս գործով կալանավորված Սարգիս Գալստյանի հարազատները մեզ հետ զրույցում պատմել էին, որ Սարգիսին կալանավորել են Վարդենիս քաղաքի մի երեխայի խոսքի հիման վրա. «Այդ երեխան ընդամենը ոստիկաններին ասել էր, որ կռիվ է եղել, եւ կռվի ժամանակ տեսել է ընդամենը «Մերսեդես» մեքենա»:
Ըստ հարազատների՝ այս հանգամանքն էլ, ինչպես նաեւ սպանված Արման Մանուկյանի հարազատների խոսքն էլ հաշվի առնելով՝ Սարգիս Գալստյանին կալանավորել են. «Բայց որեւէ ապացույց չկա, որ Սարգիսը կապ ունի այս դեպքի հետ, կամ, առհասարակ, սպանություն կատարողը եղել է Սարգիսի մեքենայով»:
«Ժողովուրդ»-ը պարզեց, թե ով է անչափահաս տղան, որ տեսել է վեճն ու կրակոցը: Վարդենիս քաղաքի բնակիչ Մարիամը, որը Արման Մանուկյանի սպանության գործով վկա 11-ամյա Արա Գրիգորյանի մայրն է, մեզ հայտնեց, որ իր երեխան չի ճանաչում Սարգիս Գալստյանին. «Իմ խնդիրն այսօր մեկն է՝ ինչու են քննիչները գնացել դպրոց եւ առանց իմ իմացության իմ անչափահաս երեխային հարցաքննել եւ այն էլ պատմության ուսուցչուհու ներկայությամբ: Ո՞վ է նրանց այդ իրավասությունը տվել: Ես պատրաստվում եմ այս խնդրի մասին նամակ գրել ՀՀ գլխավոր դատախազությանը եւ հայտնել իմ դժգոհությունը»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ անչափահաս Արայի հետ, ով պատմեց, որ քննիչները հարցրել են, թե որտեղ է եղել կռիվը, եւ ինչ մեքենա է տեսել. «Ասի՝ կռիվը եղել է ստոլբի մոտ, ու երկու մեքենա էին՝ մեկը նիվա, մեկը մերսեդես: Էլ մարդու չեմ ճանաչում ու չգիտեմ, ու վերջ»:
Արայի մայրը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ տղային վախեցրել են, որ գրի այն, ինչ իրենց է պետք:
Այսպիսով՝ մի երեխայի ցուցմունքի հիման վրա, որտեղ նա ասում է, որ «Մերսեդես» է տեսել, Սարգիս Գալստյանին շարունակում են կալանքի տակ պահել: Այնպիսի տպավորություն է, որ այդ մակնիշի ավտոմեքենա այս աշխարհում միայն Սարգիսն ունի, ու հենց նրան էլ կալանավորել են՝ չունենալով որեւէ ծանրակշիռ ապացույց: Ի դեպ, կալանավորված Սարգիս Գալստյանի հարազատները եւս պատրաստվում են նամակ գրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 
ԱՆՏԱՐԲԵՐ ՄԱՅՐԸ
Կոտայքի մարզի Առինջ գյուղի 33-ամյա բնակիչ Ստելլա Առաքելյանը Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռով պարտավորեցվել է իր երեխային` 5-ամյա Քրիստինեին պատճառած վնասի համար 10 ամիս շարունակ 10.000-ական դրամ փոխհատուցում վճարել տուժողի ներկայացուցիչ Սմբատ Սմբատյանին:
Այսպես՝ մեղադրական եզրակացությունից Armlur.am-ը տեղեկանում է, որ Ստելլա Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, դրսեւորելով անփույթ վերաբերմունք, միացնելով Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող հանգստյան տան սենյակի էլեկտրական սալիկը եւ նշված սենյակում թողնելով միայնակ քնած իր մանկահասակ դստերը՝ Քրիստինեին, գնացել է աշխատանքի: Րոպեներ անց էլեկտրական սալիկի կարճ միացման հետեւանքով սենյակում գտնվող բազմոցը հրդեհվել է, եւ երեխան ստացել է 2-րդ եւ 3-րդ ԱԲ աստիճանի ջերմային այրվածք: Այրվել է երեխայի դեմքի ձախ ականջախեցին, դաստակների մարմնի ընդհանուր մակերեսի 8 տոկոսը: Տեղեկացնենք, որ Ստելլա Առաքելյանը նախկինում ամուսնացած է եղել այլ տղամարդու հետ, ումից 2 որդի է ունեցել: Հետագայում անչափահաս տղաներին թողել է նրանց հոր խնամքին ու հեռացել: Որդիներին հայրը գիշերօթիկ դպրոց է տարել: Ավելի ուշ Ստելլան փաստացի ամուսնացել է Երեւանի բնակիչ Արթուր Գինոսյանի հետ, ումից էլ ծնվել է գործով տուժող Քրիստինեն: Սակայն երկրորդ ամուսնու հետ եւս Ստելլան երկար չի ապրել. նրանք ամուսնալուծվել են, քանի որ Ա. Գինոսյանն իմացել է Ստելլայի մյուս երեխաների մասին: Դեպքի օրը Ստելլան դստերն իր հետ տարել է հացի արտադրամաս, որտեղ աշխատում էր, իսկ երեխային փորձել է քնեցնել հանգստյան սենյակներից մեկում: Այս ընթացքում երեխան արթնացել է, ցանկացել է գնալ դեպի սենյակի անկյունում դրված տարան` բնական կարիքները հոգալու, զուգագուլպան փաթաթվել է ոտքին, ինչի հետեւանքով ընկել է էլեկտրական սալիկի վրա, այրել ձեռքերն ու դեմքը: Ապա հանելով իր՝ արդեն այրված զուգագուլպան, նետել է բազմոցին, որի հետեւանքով էլ բազմոցի վրա հրդեհ է բռնկվել:
Սակայն այսքանով մոր անտարբերությունը մանկահասակ երեխայի նկատմամբ չի ավարտվել: Դեպքից օրեր անց Ստելլայի հայրական տանը` ննջասենյակում, մայրը միացրել է հեռուստացույցը, որպեսզի Քրիստինեն մուլտֆիլմ դիտի, իսկ ինքը, առանց հսկողության թողնելով վերջինիս, քնել: Այդ ընթացքում երեխան անկողնու գլխամասի հարեւանությամբ գտնվող պատի բնիկից քաշելով դուրս է հանել էլեկտրական վարդակը, որին էլ ձեռք տալով` հոսանքահարվել եւ մահացել է:
Այս առիթով Նաիրիի քննչական բաժանմունքում նախապատրաստվել են նյութեր, եւ որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ԴԵՌ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
Գ. Ծառուկյանին պատկանող ընկերություններում ուսումնասիրությունները դեռ շարունակվում են: Այդ մասին Armlur.am-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը` հավելելով, որ այդպիսի ստուգումները մի քանի օրում չեն կարող ավարտվել: Փոխնախարարի խոսքով՝ ամեն ինչ արվում է օրենսդրությանը համապատասխան, եւ ուսումնասիրությունների ավարտից հետո պաշտոնապես կտեղեկացվի այդ մասին:




Լրահոս