ԱԺ երեկվա նիստի մեկնարկը բավականին հետաքրքիր էր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես նաեւ հարգեց Սամվել Շահմուրադյանի հիշատակը: Ինչպես հայտնի է՝ երեկ նաեւ Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակն էր, սակայն ԱԺ ղեկավարը մոռացել էր այդ մասին: Ի տարբերություն նրա` գեներալ, պատգամավոր Սեյրան Սարոյանը հիշում էր եւ տեղից բղավեց. «Անդրանիկի ծնունդն ա, 150-ամյակն ա»: Այս հուշումից հետո Գալուստ Սահակյանը փորձեց ուղղել բացթողումն ու ասաց. «Շնորհավորենք նաեւ Անդրանիկին ծննդյան կապակցությամբ»:
Արդեն «Շահութահարկի մասին օրենքի» քվեարկությունից առաջ պատգամավորները դժգոհեցին, որ արտահանման արտոնությունների տրամադրումը կարող է բերել արտահանման մենաշնորհի: Նշենք, որ օրենքն ԱԺ էր բերվել 48 ժամվա ռեժիմով, որն էլ առաջացրեց պատգամավորների դժգոհությունը: Այս առնչությամբ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց. «Ի՞նչ ունեք շտապելու: Թողեք` հանգիստ քննարկենք: Եթե ինչ-որ մեկը շտապում է, ասեք՝ իմանանք»: Նույն կարծիքին էին նաեւ ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը եւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ բացատրեց, որ շտապողականության պատճառն այն է, որ ԱԺ հաջորդ քառօրյան մարտին է մեկնարկելու, իսկ մարտին քննարկելուց հետո օրենքը ուժի մեջ կմտնի մայիսին միայն, երբ արդեն գյուղատնտեսական սեզոնը ակտիվ փուլում կլինի: «Դա է «շըփ-թըփի» պատճառը»,- նշեց Նաղդալյանը: Իսկ Հրանտ Բագրատյանն էլ վրդովված դիմեց Նաղդալյանին. «Կա՛մ քեզ փոխի, կա՛մ տնտեսագիտությունը: Բոլորդ տնտեսագիտության պրոֆեսորներ եք»: Նաղդալյանն էլ փորձեց արձագանքել, սակայն Գալուստ Սահակյանը նկատողություն արեց ու անջատեց Նաղդալյանի խոսափողը:
Մինչ այդ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ սա դիտարկում են որպես մենաշնորհացում, այս անգամ՝ արտաքին առեւտրի մենաշնորհացմանն ուղղված քայլ, որն ապահովելու է գերշահույթներ ոմանց համար: ՀԱԿ խմբակցության քատուղար Արամ Մանուկյանի խոսքով՝ նման նախագիծն այս արագությամբ չի կարելի ընդունել. «Դահլիճն ընդամենն ասում է «թըփ-շըփ» մի՛ արեք»: «Ես խնդրում եմ «բեսպրեդելի» մի՛ վերածեք»,- միջամտեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ի վերջո, նա հայտարարեց, որ անգամ խախտելով օրենքը՝ այլեւս ոչ մեկին վարման կարգով ձայն չի տա ու քվեարկություն անցկացրեց 48-ժամյա ռեժիմով օրինագիծն օրակարգ ընդունելու համար:
Արդեն կառավարման ճգնաժամի մասին նախագծի քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, իսկ ընդմիջումից հետո 16 կողմ, 67 դեմ, 6 ձեռնպահ ձայներով նախագիծը չընդունվեց: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀՀ-ում կառավարման ճգնաժամի քննարկումը ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը փորձեց տեղափոխել անձնական վիրավորանքների դաշտ: «Արձագանքը բացարձակ համարժեք չէ ստեղծված իրավիճակին: Չեն ըմբռնում»,-փորձեց շարունակել Զուրաբյանը, բայց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարկացած կարգադրեց անջատել նրա խոսափողը:
Այնուհետեւ պատգամավորները հանգիստ շարունակեցին իրենց աշխատանքը մինչ Կառավարության հետ հարցուպատասխանի մեկնարկը: Վերջինիս ընթացքում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց տեսախցիկների եւ արագաչափերի խնդիրը: Նա նշեց, որ անցած տարի տեսախցիկներից եւ արագաչափերից ստացած գումարը կազմել է մոտ 10 մլրդ դրամ, սակայն վթարների եւ պատահարների թիվը չի նվազում: «Ստացվում է` երեք տարիների ընթացքում մոտ 24 մլրդ դրամ քաղաքացին տալիս է ոստիկանությանը, որը կիսվում է «Սեքյուրիթի Դրիմի» հետ: Էդ փողերը մեզանից տանում եք, ի՞նչ եք անում, երբ արդյունքները չեն երեւում: Պատահարների թիվը չի նվազում: Երեւանում գործում է զինված բանդա, որտեղի՞ց են գալիս եւ անցնում, հաստատ տեսախցիկների տակով չեն անցնում: Հնչել են գնահատականներ, որ իրենց գործունեությունը կազմակերպում է ոստիկանությունը, Կառավարությունը եւ իրենցից բարձր գտնվող Սերժ Սարգսյանը: Ինչի՞ համար եք «կամեռաներ» տեղադրել, երբ մարդկանց կարող են օրը ցերեկով առեւանգել: «Կամեռաներն» էլ են ձեր ձեռը, ինչպես հայտնի պատգամավորն է ասել` նալն էլ է ձեր ձեռքը, չագուչն էլ: Բացահայտեք դեպքերը»,-նշեց Փաշինյանը: «Ես Ձեր մտահոգությունը կիսում եմ, պարո՛ն Փաշինյան: Միայն արագաչափերով խնդիրը լուծել հնարավոր չէ: Կառավարությունը փորձում է համալիր մոտեցում ցուցաբերել խնդրին», – ի պատասխան՝ նշեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հետաքրքրվեց նոր ստեղծվող հակակոռուպցիոն խորհուրդի մասին, որը պետք է ղեկավարի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Կուզենայի, որ մի քիչ օգտվեիք համաշխարհային փորձից եւ այնպիսի հանձնաժողով ստեղծեիք, որն անկաշկանդ լիներ»,-նշեց Ռուբիկ Հակոբյանը` խորհուրդ տալով Հովիկ Աբրահամյանին չղեկավարել այդ մարմինը, ինչպես նաեւ` բարձրագույն իշխանությունից որեւէ մեկին չընդգրկել այդ հանձնաժողովում:
«Մենք ասում ենք՝ բոլորս միասին խնդրին լուծում տանք, քննարկումների արդյունքում է այս որոշումը կայացվել: Ես ուզում եմ, որ մենք բոլորս միասին խնդիր լուծենք, ժողովրդի առջեւ անարդարությունները միասին լուծենք… Ապրիլ ամսին լրանում է մեկ տարին, որ ես վարչապետ եմ, որեւէ մեկդ թող հնչեցնի, ասի, որ ես բիզնես եմ ծավալել այս տարիներին, կամ ԱԺ նախագահ եղած տարիներին, կամ որեւէ բիզնեսի հետ սերտաճած եմ: Տարբեր ամբիոններից մարդիկ անհիմն խոսակցություններ են տարածում»,-ի պատասխան՝ «անկեղծացավ» վարչապետը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՐԵՍՈՒՆ ՀՈԳՈՎ
«Էս մեր մոդ էլի միտինգ է, չեմ հասկընա»,- Գյումրու Հաղթանակի պողոտայում՝ Անդրանիկ զորավարի արձանի շուրջ հավաքված քաղաքացիներ տեսնելով՝ հարցնում էր գյումրեցի երիտասարդը:
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմը փետրվարի 25-ին զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակի առթիվ ծաղկեպսակ դրեց եւ հարգանքի տուրք մատուցեց մեծ հերոսին: Սակայն արարողակարգն ավարտվեց ընդամենը 3 տասնյակ քաղաքացիների ներկայության ապահովմամբ, որոնք հիմնականում ուսուցիչներ էին եւ քաղաքապետարանի աշխատակիցներ:
«Մեզ բերել են, որ ինչ անենք, հայրենասիրություն են սովորեցնում, փոխարենը նոր սերունդին բերեն, որ իմանան, թե Անդրանիկն ով է եղել ու երբ է ծնվել, որ էսպես միամիտ չգոռան՝ մեզ մոտ նորից միտինգ ա՞»,-ասաց Գյումրու երաժշտական դպրոցի տարեց ուսուցչուհիներից մեկը՝ ընդգծելով, որ իրենց չպարտադրեցին, բայց ասացին՝ անպայման ներկա գտնվեք:
«Այս միջոցառումը պետք է հանրապետական բնույթ կրեր, ոչ թե սահմանափակվեր քաղաքային փոքրիկ արարողությամբ»,-շեշտեց Գյումրու Նիկողայոս Տիգրանյանի անվան դպրոցի տնօրեն Աշոտ Մկրտչյանը:
Քաղաքապետարանի կրթության բաժնի աշխատակից Արա Մաթեւոսյանի սրտով էլ չէր զորավարին նման ձեւով մեծարելը:
«Որտեղ են մշակույթի մեր ներկայացուցիչները, մարզպետարանի աշխատակիցները եւ, ի վերջո, եկեղեցու ներկայացուցիչները, չէ որ այս վեհագույն անձի շնորհիվ են բոլորը գոյատեւել: Ինձ առավոտյան հրավիրեցին մայրաքաղաք՝ Անդրանիկին նվիրված միջոցառմանը մասնակցելու, բայց ես մերժեցի՝ գերադասելով ներկա գտնվել ու մեր մեծությանը պատվել մեր քաղաքում, միթե մյուսների գործերն այդքան կարեւոր էին» -վրդոված ասաց կրթության բաժնի աշխատակիցը:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի
ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԴԵՌ ՉԿԱՆ
Փետրվարի 24-ին Իջեւանում կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ելույթ ունենալով, հայտարարեց, որ Կառավարության առաջիկա նիստում՝ փետրվարի 26-ին, կվճռվի սահմանամերձ գյուղերի բնակչության սպառած էլեկտրաէներգիայի եւ բնական գազի մասնակի փոխհատուցման գումարների հատկացման հարցը, եւ ֆինանսավորումը կսկսվի:
Փոխնախարարը սահմանամերձ համայնքների ղեկավարներին խնդրեց այս գործընթացը կազմակերպված անցկացնել. «Չստացվի, որ այս դժվար պահին մեր ֆինանսավորումը անարդյունք լինի»: Տերտերյանը նշեց, որ ինքը տեղյակ է գործընթացի հետ կապված խնդիրներից, որոնք առնչվում են բնական գազ եւ էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների ժառանգության, բաժանորդների անունների ճշգրտման հետ:
Վ. Տերտերյանը հստակեցրեց, որ խոսքը վերաբերում է սահմանամերձ գյուղերի բնակիչների սպառած էլեկտրաէներգիայի եւ բնական գազի գումարների 50 տոկոս փոխհատուցմանը: Այդ ծրագիրը կիրականացվի մինչեւ 2018 թվականը, որից հետո այն շարունակական կլինի: Նշված փոխհատուցումը կատարվում է Հայաստանի սահմանամերձ 32 գյուղերի բնակիչների համար: Այդ 32 համայնքից 24-ը գտնվում է Տավուշի մարզում: Մարզխորհրդի նիստում պատասխանելով Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանի հարցին՝ Վ. Տերտերյանն ասաց, որ արտոնություններ ունեցող համայնքների այն բնակիչները, ովքեր բնական գազի բաժանորդ չեն, կես գնով ամսական առավելագույնը 120 կիլովատ էլեկտրաէներգիա սպառելու իրավունքից զատ, զեղչված էլեկտրաէներգիայի լրացուցիչ քանակ կստանան, սակայն անպայման պետք է վճարեն իրենց սպառած էլեկտրաէներգիայի եւ բնական գազի քանակի մնացած կեսի համար:
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները, սակայն, դժգոհում են Կառավարության դանդաղկոտությունից` նշելով, որ հենց ձմեռվա ամիսներին են սպառված գազի եւ էլէներգիայի վարձավճարները մեծ, ուստի Կառավարության օգնությունը շատ կարեւոր էր ստանալ հենց հիմա: Մինչդեռ նման տեմպերով ակնկալվող փոխհատուցումը հազիվ մայիսին հասնի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը դատապարտել է ԱՄՆ-ի պետքարտուղարության կոչերը՝ ուղղված Արցախի իշխանություններին՝ ադրբեջանցի հանցագործ դիվերսանտներին Բաքվին հանձնելու հետ կապված: ՍԴՀԿ-ն կարծում է, որ մենք հերթական անգամ գործ ունենք երկակի ստանդարտների քաղաքականության հետ: ՍԴՀԿ-ի գնահատմամբ` ՀՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը կրկին հանցավոր լռություն է պահպանում՝ կոշտ չարձագանքելով ԱՄՆ պետքարտուղարության 2 պաշտոնյաների հայտարարություններին: Կուսակցության համոզմամբ` ԱԳՆ-ի լռությունը տարբեր մարտահրավերների դեպքում ուղղակի անհասկանալի է եւ վերաճում է վախկոտության: