ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՈՏՔ ՄԵԿՆԵԼ ՉԻ ԼԻՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայերս սիրում ենք զանազան անեկդոտներ պատմել հարեւան վրացիների մասին՝ նրանց ներկայացնելով որպես «բութ» ազգ: Սիրում ենք ծաղրել բոլորին անխտիր, իսկ ինքներս մեզ հայտարարել ամենալավը, ամենախելացին, ամենաընդունակը, ամենահնարամիտը, ամենահինավուրցը, եւ, ի վերջո, առաջին քրիստոնյա ազգը երկրագնդի երեսին:
Մի կողմից ծաղրում ենք վրացիներին, իսկ մյուս կողմից թաքուն նախանձվում հարեւան երկրի հաջողություններին: Դժգոհելով Հայաստանում տիրող կոռուպցիայից, անօրինականություններից, սոցիալ-տնտեսական վատ վիճակից, իշխանությունների ամենաթողությունից՝ անմիջապես որպես դրական օրինակ հիշատակում ենք Վրաստանը, ուր կաշառքն ու կոռուպցիան հասցված է նվազագույնի: Ուր ե՛ւ իշխանությունները, ե՛ւ հասարակ քաղաքացիները հարգում են օրենքն ու խստորեն պահպանում, ուր քաղաքացիներն իրենց պետության հետ տարբեր առիթներով շփվելիս ոչ թե ամեն անգամ զզվելի իրավիճակում են հայտնվում՝ հոգու խորքում որոշելով նույնիսկ թքել ու հեռանալ այդտեղից, այլ հաճույք ստանում բարեհամբույր, արագ սպասարկումից: Դրան գումարած այն, որ  շատերն են նախընտրում իրենց ամառային հանգիստն անցկացնել Վրաստանի ծովափնյա քաղաքներում, որովհետեւ այդպես անհամեմատ ավելի էժան է ու հաճելի: Ընդհանրապես, ամռան ամիսներին Վրաստանի ծովափնյա քաղաքներում զբոսնելիս տպավորություն է, թե գտնվում ես Հայաստանում. ամեն քայլափոխի հայերենով խոսակցություններ են, քննարկումներ:
… Բավական է հասնել հայ-վրացական սահմանի մոտ, եւ հենց անցակետում արդեն նկատելի են տարբերությունները: Ընդ որում, տարբերությունն ընդգծվում է հատկապես գիշերը. հայկական կողմում մայրուղին մութ է, առանց որեւէ լուսավորման, փոշոտ ու կեղտոտ, իսկ ասֆալտը՝ կիսաքանդ: Բավական է ընթանալ մի քանի մետր եւ հարեւան Վրաստանում ես: Գեղեցիկ, լուսավորված, մաքուր եւ լավ ասֆալտապատված ճանապարհ: Անցակետը բավական լավ է կահավորված, մթնոլորտն ու սպասարկումը՝ հաճելի: Կարող ես օգտվել նաեւ juti free-ից, մի բան, ինչը Հայաստանի համար դեռ երկար ճոխություն կլինի: Հատկապես տուրիստների հանդեպ ավելի ջերմ են ու բարյացակամ:
… Մայրաքաղաք Թբիլիսին գերում է իր գեղեցկությամբ, ճարտարապետական ուրույն ոճով: Այստեղ հինը չեն քանդում՝ նորը կառուցելու համար: Այստեղ նորը կառուցում են հնի կողքին, քաղաքի ճարտարապետական տեսքին համահունչ: Այդ գործելաոճը պահպանում են ոչ միայն Թբիլիսիում, այլեւ մյուս քաղաքներում, օրինակ՝ Բաթումում. այստեղ հին տները չեն ոչնչացնում. պահպանելով ճակատային հատվածը, ասել է, թե՝ հիմնական դիմագիծը, վերանորոգում ու ամրացնում են հիմնապատերն ու այդպես շենքը դարձնում ոչ միայն գրավիչ, այլեւ ամուր: Այստեղ ամեն ինչ մարդուն հարազատ է թվում: Վրացիները խոստովանում են՝ հատկապես Թբիլիսիում շատ բան կառուցվել է հայերի ձեռքով, հայկական շունչն ու ձեռագիրն ամենուր է:
Ու հատկապես այս ամենի հետեւանքով էլ Վրաստանում  տուրիստների թիվը գնալով ավելի ու ավելի է աճում: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2012թ. առաջին  7 ամիսներին Վրաստան է այցելել 2 մլն 211 հազար 201 տուրիստ, ինչը 54 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ընդ որում, միայն 520 հազար 707 հոգի այցելել է հուլիս ամսվա ընթացքում: Իսկ տուրիստների մեծ մասը հարեւան երկրներից են՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, Ռուսաստան եւ Իրան:
Հիմա համեմատենք այս տվյալները Հայաստանինի հետ. 2012թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստան է ժամանել 281 հազար 34 զբոսաշրջիկ: 2011թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ այս ցուցանիշն աճել է 5.1%: 2012թ. հունվար-հունիսին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 302 հազար 90 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ 9.3%-ով ավելի է:
Ինչպես տեսնում եք, համեմատության եզր անգամ չկա:

Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս