ԷԼԻ ՎՆԱՍՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի բարեգործական երթուղիները ոչ միայն «Քինգ դելյուքս» ընկերության երթուղայիններին են վնասում, այլեւ մեկ ուրիշ երթուղու: Բանն այն է, որ Երեւան-Աբովյան բարեգործական երթուղին անհարմարություններ է ստեղծել նաեւ Երեւանի թիվ 86 ավտոբուսային երթուղու վարորդների համար: Նշված երթուղին սպասարկում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանները: Իսկ այնտեղի բնակիչները նախընտրում են վերը նշված վարչական շրջանները բարեգործական անվճար ավտոբուսներով հասնել: 86 համարի վարորդներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում ասաց. «Ասում են՝ բարեգործական ա, ուսանողների համար, ով ասես նստում ա, կանգառ առ կանգառ կանգնում են, դե էլ ո՞վ կնստի մեր ավտոբուսները: Ավելի լավ ա՝ հին «պազիկ» նստեն, բայց կարեւորը՝ անվճար ա»: Վարորդները հավելեցին, որ այս ամենից ելք չեն տեսնում, քանի որ, ըստ նրանց, «Ծառուկյանը հզոր ա, իրա դեմ խաղ չկա, օրենքներն էլ չեն աշխատում»: «Բարեգործական հիմնադրամն այդ մասին ոչ մի ահազանգ չի ստացել, մինչեւ այս պահը նման խնդիր չի առաջացել, առաջին անգամ ձեզանից եմ լսում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի խոսնակ Ի. Տոնոյանը:




Լրահոս