Մեկ շաբաթից` մարտի 5-ին կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, տեղի կունենա դռնփակ: Համագումարը անցկացվելու է ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում, որը տեղակայված է «Երեվանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» տարածքում: Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է համագումարին եւ «կապիտուլացիայից» հետո սա լինելու է նրա առաջին հանդիպումը իր կուսակիցների հետ: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի ելումուտն այնպես է կազմակերպվելու, որ լրագրողները հնարավորություն չունենան նրան հարցեր տալու: Համագումարը դռնփակ անցկացնելու որոշման պատճառն այն է, որ ԲՀԿ վերնախավը կասկածներ ունի, թե իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, քանի որ վերջին հայտնի իրադարձություններից հետո կուսակցության ակտիվը շատ նեղված է, եւ բոլորը փորձելու են Գագիկ Ծառուկյանից պարզաբանում ստանալ: Իսկ թե ինչպես կավարտվի այդ ամենը, դժվար է ասել: Մինչ այս Հայաստանի քաղաքական ուժերից միայն ՀՅԴ-ն սովորություն ուներ իր համագումարները կամ, ինչպես դաշնակցականներն են ասում, ընդհանուր ժողովները դռնփակ անցկացնել:
Խորհրդարանին երեկ չհաջողվեց «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող աղմկահարույց փոփոխությունը երկրորդ ընթերցմամբ ընդունել: Խոսքն այն նախագծի մասին է, որով նախատեսվում է 50 միլիարդ դրամ եւ ավել ապրանք արտահանողին շահութահարկի արտոնություն տալ` 20 տոկոսից այն իջեցնելով 2-ի: Նախորդ օրը՝ փետրվարի 25-ին, ԱԺ ՀՀԿ խմբակցությունը որոշում էր կայացրել նշված նախագիծը անհետաձգելի ճանաչելու եւ 48 ժամում երկրորդ ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ: Սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ, ինչպես միշտ, չկարողացավ խորհրդարանն իր վերահսկողության տակ պահել եւ ավարտել հարցի քննարկումն ու այն դնել քվեարկության: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանություններն այն աստիճան են շտապում, որ չեն պատրաստվում մինչեւ հաջորդ քառօրյա սպասել, որը պետք է տեղի ունենա մարտի 16-ից 19-ը: Ամենայն հավանականությամբ եկող շաբաթ` մարտի 3-ից 4-ին, այս օրինագիծն անցկացնելու նպատակով արտահերթ նիստ կհրավիրվի:
Նախօրեին պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի պարտքերն աստղաբաշխական թվի են հասել` 250 միլիոն դոլար: Մի կողմ թողնենք այն փաստը, որ առանց թալանի նման պարտք չէր կարող գոյանալ, առավել ուշագրավ է, թե «Հայաստանի էլեկտրացանցերի» ռուս սեփականատերերը ինչպես են պատրաստվում այն մարել: ՀԷՑ-ի գործադիր տնօրեն Եվգենի Բիբինը նախօրեին հայտարարել էր, որ իրենց ընկերության սեփականատեր, ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ի աշխատանքային խումբը ներկայումս գտնվում է Հայաստանում եւ ուսումնասիրում է ձեռնարկության վիճակը: Բայց ամենակարեւորն այն է, որ ռուսական կողմը ակնկալում է երեք շաբաթից Սերժ Սարգսյանի հետ ստորագրել մի համաձայնագիր, որը նրանց հնարավորություն կտա վերակազմավորել պարտքերը: Այլ կերպ ասած՝ ռուսական կողմն ակնկալում է, որ Հայաստանը ինչ-որ կերպ այդ պարտքերի համար կդառնա երաշխավոր: Կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը չի համարձակվի «Ինտեր ՌԱՕ»-ին «ոչ» ասել, հակառակ դեպքում ռուսական կողմն այս գործընթացը չէր նախաձեռնի:
Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է մարտի 5-ից 8-ը նշել կանանց միջազգային օրը: Այդ նպատակով քաղաքապետարանը կծախսի 5 միլիոն դրամ: Համապատասխան պայմանագիրը կնքվել է փետրվարի 24-ին, «Տաքսի պրեստիժ» ընկերության հետ: Նշված տաքսի ծառայությունը քաղաքապետարանի պատվերով մարտի 8-ի կապակցությամբ պետք է կազմակերպի համերգային ծրագիր, թատերական ներկայացում Երեւանի հ.3 Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում, հրավիրի հանդիսավարի, երգիչ-երգչուհիների, ինչպես նաեւ պետք է ապահովի հազար հատ թարմ, մուգ կարմիր վարդեր` 60 սմ. երկարությամբ: Իհարկե, այս ամենի ամենակարեւոր նշանակետը կլինի այն, որ միջոցառումը կնկարահանեն եւ հեռուստատեսությամբ կներկայացնեն, թե` տեսեք-տեսեք, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ինչ առատաձեռն է: Եվ հաստատ ոչ ոք չի հիշի, որ համայնքի բյուջեից հինգ միլիոն դրամ է ծախսվել այդ «գովազդը» կազմակերպելու համար:
ԱՄՈԹԱԼԻ Է
Խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը երեկ դարձյալ չկարողացան իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել երկրի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին: Սեւազգեստ երեք մայրերի առջեւ պատ կազմած երկու տասնյակից ավել ոստիկանները պարզապես թույլ չտվեցին որդեկորույս կանանց մոտենալ նախագահականի դարպասներին, այն դեպքում, երբ վերջիններս պնդում էին, թե պարզապես ցանկանում են գնալ նամակների բաժին՝ պարզելու, թե երբ է, ի վերջո, գերագույն գլխավոր հրամանատարը պատասխանելու իրենց նամակին։
Հիշեցնենք, որ որդեկորույս այս մայրերի նախորդ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրենց թույլ էին տվել անգամ բիրտ ուժ կիրառել` իրենց մայրերի տարիքի այս կանանց քարշ տալով տանել հանդիպակաց մայթ: Նման վերաբերմունքը Հայոց բանակին զինվորներ տված եւ կորցրած կանանց նկատմամբ պարզապես ազգային խայտառակություն է, որը, թերեւս, համահունչ է երկրի գերագույն գլխավոր հրամանատար լինելու մասին լրագրողի հիշեցմանը Սերժ Սարգսյանի տված պատասխանի մակարդակին: «Իյա, իրո՞ք» բացականչությամբ հեգնած Սարգսյանը, որը երբեմն հուզաթոթով ելույթներ է ունենում հայոց բանակի, հայ զինվորներից յուրաքանչյուրի կյանքի կարեւորության մասին, փաստորեն չի ցանկանում լսել այդ նույն զինվորների մայրերի աղերսանքներն ու բողոքները:
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ, երբ որդեկորույս մայրերը բողոքի ակցիա էին անում նախագահականի դարպասի առջեւ, Սերժ Սարգսյանը հարկ էր համարել իր «բարձունքներից» իջնել ու մոտենալ սեւազգեստ կանանց: Սակայն, ի զարմանս նրա, որդեկորույս մայրերն այդ քայլից չէին շոյվել այն աստիճան, որ Սերժ Սարգսյանի երեսին չնետեին ամենադառը մեղադրանքներ` իրենց որդիների սպանությունների չբացահայտման համար նաեւ իր պատասխանատվության ամրագրմամբ: Արդյունքում` տհաճ անակնկալի եկած Սարգսյանը խստիվ հանձնարարել էր երկրի՝ այն ժամանակվա զինդատախազ Գեւորգ Կոստանյանին բացահայտել կատարված սպանությունները:
Ինչպես ցույց տվեց ժամանակը` խոստացված բացահայտումները չեղան, փոխարենը նախագահականը որդեկուրույս մայրերի համար դարձավ վերջնականապես անհասանելի: Անկախ այն բանից, թե որքանով են օբյեկտիվ սեւազգեստ եւ սգակիր այս կանանց պահանջները, նրանց հետ նման կերպ վարվելը, մեղմ ասած, բարոյական չէ: Ի վերջո, հենց այսպիսի վերաբերմունքն է, որ պատճառ է դառնում երիտասարդների հուսալքման, իսկ նրանց ծնողներին դրդում իրենց որդիներին Հայաստանից հնարավոր բոլոր միջոցներով օր առաջ հեռացնելու ճանապարհ փնտրել: Մինչդեռ մեր երկիրը գտնվում է պատերազմի վերսկսման մշտական վտանգի առջեւ: