«Սիրելի՛ ժողովուրդ, այսօր մարտի մեկն է՝ գարնան առաջին օրը, որն այդպես էլ չեկավ՝ հավերժ մնալով զոհերի հիշատակի օր: Մարտի 1-ի ոճրագործության գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, ով 7 տարի է` վայելում է մեր երեխաների արյան գնով զավթած աթոռը»,- այս մասին գրված էր մարտի մեկի զոհվածներից Տիգրան խաչատրյանի մոր` Ալլա Հովհաննիսյանի` Բելգիայից ուղարկած նամակում: Նամակը ընթերցեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:
«Եվ ես այլևս սպանության բացահայտում չեմ պահանջում, որովհետև չկա որևէ մեկը ում համար սպանությունները բացահայտված չլինեն: Մեզ միայն մնում է մարդասպաններին կանգնեցնել արդարադատության առաջ, որը կլինի միայն իշխանափոխությունից հետո:
Եվ քանի որ այս օրը հանրահավաքի օր լինելուց բացի զոհերի հիշատակման և ոգեկոչման օր է, ուզում եմ նախևառաջ՝ որպես զոհված Տիգրան Խաչատրյանի մայր, շնորհակալություն հայտնել ներկա գտնվողներին: Ասեմ, որ դուք ձեր ներկայությամբ մեզ միշտ ուժ եք տվել՝ 7 տարի մեր կողքին գտնվելով, շատ զրկանքներ եք կրել, բայց ստիպել եք մեզ հավատալ, որ զուր չի թափվել մեր երեխաների արյունը և հատուցման պահը գալու է շուտով:
Սիրելի՛ ժողովուրդ, պինդ եղեք, համախմբվեք, որպեսզի ազատվենք այս հանցավոր իշխանություններից և եթե կան որոշակի տարաձայնություններ, ապա վեր կանգնեք դրանցից: Ճիշտ դատելով՝ ճանաչեք իշխանափոխության իրական պահանջ ներկայացնող ընդդիմությանը և հետևեք նրանց:
Ուզում եմ նաև նշել, որ այս 7 տարիների ընթացքում Հայ Ազգային Կոնգրեսը մշտապես եղել է մեր կողքին և աջակցել մեզ: Ես տեղեկացա, որ այսօրվա հանրահավաքին միացել են նաև ազատամարտիկները, շատ կցանկանայի, որպեսզի ՀՀ-ում բոլոր գիտակից քաղաքացիներն ու ուժերը համախմբվեն և ի վերջո երկիրն ազատագրեն այս հանցագործ իշխանություններից, հակառակ պարագայում մեր երկիրը ապագա չի ունենա, և չի բացառվում նոր «մարտի 1-երի» կրկնություն»: