ՀՀԿ-Ն ԿԱՐԾՈՒՄ Է, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂՂԱԿԻ «ԱՂՄԿՈՒՄ» Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում շարունակվեց «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը, ինչի ընթացքում ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների միջեւ լուրջ վիճաբանություն սկսվեց: Բանը հասավ նրան, որ ստիպված եղավ միջամտել ԱԺ նախագահ Գալուստ Սահականը, սակայն ապարդյուն: Վարդան Այվազյան-Հրանտ Բագրատյան-Հեղինե Բիշարյան լեզվակռիվը դադարեցնելն անհնար էր:

Նշենք, որ բացի ԱԺ ՀՀԿ խմբակցությունից՝ խորհրդարանական մյուս ուժերը կտրականապես դեմ են, որ օրենքը քննարկվի եւ ընդունվի 48-ժամյա ռեժիմով: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն արդեն երկու օր շարունակ, կարելի է ասել, «պատերազմ» է հայտարարել այս օրենքի նախագծի դեմ: Պատգամավորը հայտարարում է, որ արդարացի չէ 48-ժամյա ռեժիմով նման օրենք ընդունելը. «Մենք հիմա փորձում ենք կապել մեր աչքերը, ցույց տալ, որ տնտեսական դաշտում մրցակցություն չի առաջանալու, որեւէ ապրանքատեսակի մասին խոսք չկա: Այսինքն՝ նախապես նախագիծը գրելուց առաջ հայտնի է, թե որ տեսակի ապրանքների համար է սա գրվում, ում համար է գրվում, եւ որ ապրանքներն են, որոնք մրցակցությունից դուրս են ՀՀ-ում»: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը, ի պատասխան, նշեց. «Լավ կլինի, եթե մի բանի մասին խոսում եք, ցավում եմ, կներեք, էլի, բայց պարզապես պետք է մինիմալ այդ բանի մասին պատկերացնել, թե ինչի վերաբերյալ է օրենքը: Թե չէ մենք խոսում ենք ամեն ինչից, բացի բուն օրենքից»:
Այնուհետեւ Այվազյանը, դիմելով ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանին, ասաց. «Եթե որեւէ մեկը կարողանում է այսօր ՀՀ-ից 50 մլրդ-ի ապրանք արտահանել, պետք է արտոնություն տալ: Ինձ ապացուցել է պետք, պարո՛ն Բագրատյան, եւ այն մարդը, ով գալիս է այս երկրում փող է ներդնում, մենք հետեւյալ սկզբունքն ունենք, ով գալիս է ՀՀ, պատրաստի արտադրանքը կարողանում է տանել, ինքը պետք է մյուսների նկատմամբ լինի որոշակի արտոնյալ վիճակում»: Տեղից Այվազյանի խոսքերին արձագանքում էր Հրանտ Բագրատյանը, ինչի պատճառով խորհրդարանը վերածվեց իսկական «մարտի դաշտի»:
«Պարո՛ն Այվազյան, Ձեր պատասխանները տիկին Բիշարյանի ասածների հետ կապ չունեն: Դուք ստանդարտ սիրուն ելույթ եք ունենում, առաջին հայացքից՝ ազդեցիկ: Բայց երբ որ սկսում ենք ուշադիր հետեւել Ձեր մտքի թելին, իրար հետ անկապակցված մտքեր են: Եթե ուզում եք խրախուսել արտահանողներին, տվեք այդ 2 տոկոսը բոլորին: Կամ էլ փոքրիկ շեմ դրեք, որ ամեն բանով հարկայինը չզբաղվի»,-հակադարձեց Բագրատյանը: Այս իրավիճակից ելնելով՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե օրենքի քվեարկությունը կհետաձգեն ավելի հարմար ժամանակ, եւ հորդորեց Վարդան Այվազյանին, որ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկում կազմակերպի:
Խնդրո առարկա օրենքի շուրջ «Ժողովուրդը» մի քանի հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանին:
-Պարո՛ն Մկրտչյան, ինչո՞ւ են իշխանությունները նման կերպ՝ մեծամասնության պարտադրանքի ներքո որոշել «Շահութահարկի մասին» օրենքի նախագիծը «անցկացնել»: Ո՞ւմ է հարկավոր այդ օրենքի կիրառումը, տեսակետ կա, որ իշխանություններն ինչ-որ մեկին խոստացել են, որ նման արտոնություններ են տալու: Դուք տեղյա՞կ եք այդ մասին:
-Այս օրենքն առաջին ընթերցմամբ անցել է ԱԺ առաջին քառօրյայում, այսինքն՝ առաջին ընթերցում անցել է, ու փոփոխությունները, որոնք բերվել են երկրորդ ընթերցմամբ, բացառապես հենց ընդդիմադիր ուժերի առաջարկով են եղել: Այսինքն՝ իրենք ինչ էին ասում, որ մեկ ընկերություն, եթե արտահանի եւ օգտվի այդ 50 միլիարդ դրամի շեմից ու ստանա 10 անգամ պակաս շահութահարկի տոկոս, այսինքն՝ 20-ը դառնա 2, դա մոնոպոլիզացիայի է տանելու: Արդյունքում փոփոխություն կատարվեց, որ ոչ թե մեկ, այլ սուբյեկտների հանրագումարի խումբը կարող է անել եւ 40 միլիոն դրամ: Իսկ ինչն է այստեղ էական, որ երկու գրաֆիկ է սահմանվում՝ մեկ, եթե 50 միլիոն դրամից ավել է, ապա՝ 2 տոկոս, եթե 40 միլիարդ դրամ է կազմում, ապա՝ 5 տոկոս: Ես բազմիցս ասել եմ, որ իրենք ցանկացած պարագայում պետք է ասեն՝ ոչ ցանկացած օրենքի, մինչդեռ իրենք սխալ են գործում: Այսինքն՝ սա քաղաքական պահ է իրենց գործունեության մեջ ու ոչ թե մասնագիտական: Եթե նկատեցիք՝ Վարդան Այվազյանը շատ հանգամանալից ասեց այդ բոլորը, ու կարելի է ասել՝ մյուսներին իրենց տեղը դրեց՝ հստակորեն նշելով, թե օրենքն ինչ գլխավոր խնդիր է լուծում: Սա արտասահմանյան ներդրողների համար լուրջ դաշտ է բացում:
-Բայց ընդդիմադիր պատգամավորները նշում են, որ այս կերպ մենաշնորհային դաշտ է ստեղծվում, Դուք այդ կարծիքին չե՞ք, ըստ Ձեզ՝ ուղղակի ընդդիմադիր ուժերը «աղմկում» են:
-Երկրորդ ընթերցմամբ գրաֆիկում, երբ որ գրված էր՝ բիզնեսմեն-սուբյեկտների համախմբին էլ ենք իրավունք տալիս, այդ դեպքում, արդեն, վերանում է մենաշնորհի վտանգը: Կարծում եմ՝ այո, ուղղակի աղմուկ է, էլի եմ կրկնում՝ եթե իրենք մենաշնորհի վտանգ են տեսնում, իրենց առաջարկով օրենքն արդեն փոխվեց:
-Այս անգամ հիմնական «աղմկողներն» ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներն են՝ Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ: Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը:
-Ես չեմ կարող ասել, չեմ տիրապետում, թե ՕԵԿ-ն ինչ տնտեսական լծակների է տիրապետում, ինչ բիզնեսներ ունի: Ապագան ցույց կտա:

 

 

 

 

ԴԱՏԱՎՈՐՆ ԻՐ ՏԱՐԱԾՔԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է 700 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

«Ժողովուրդ»-ը դեռեւս հունվարին տեղեկացրել էր, որ ռուսաստանաբնակ հայ գործարար, արծվաբերդցի Սուրիկ Երիցյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու նրան տեղեկացրել, որ ցանկանում է Տավուշի մարզում ձեռնոցի արտադրություն հիմնել: Տեղեկացրել էինք նաեւ, որ գործարարը շրջել էր Տավուշի մարզում, սակայն որեւէ տարածք չէր կարողացել «գտնել», քանի որ բոլոր տարածքները կրկնակի գնով էին ցանկացել վաճառել գործարարին: «Ժողովուրդ»-ն այս ամենի հետ կապված նոր մանրամասներ է պարզել:

Ըստ մեր տեղեկությունների՝ ձեռնոցի արտադրություն հիմնելու գործի իրականացմանը «լծվել» են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, որը ծնունդով Տավուշի մարզից է, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Աժ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ու անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանը: Այս օրերին պատգամավորները ձեռնամուխ են եղել արտոնություններ սահմանող օրենքի մշակմանը:
Ինչ վերաբերում է տարածքի տրամադրմանը, ապա գործարան բացելու հարցում Սերժ Սարգսյանի «դաբրոն» ստանալուց հետո գործարարը մեկնել էր Տավուշի մարզ` համապատասխան տարածք գտնելու ակնկալիքով: Ամենահարմար տարածքը եղել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում գտնվող նախկին ռելեների գործարանը, որը տարիներ առաջ դադարեցրել էր իր գործունեությունը, ու այնտեղ մնացել են միայն չորս պատերը: Սակայն այս հարցում, «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն, գործարարի «բախտը» չի բերել, քանի որ նախկին գործարանի տարածքը պատկանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանին (բնականաբար, այն գրանցված չէ իր անունով), որը ոչ մի կերպ զիջումների չի գնացել:
Պարզվում է՝ դատավորն իր տարածքը գնահատել է 700 հազար դոլար, ինչի արդյունքում էլ գործարարը հրաժարվել է այդ տարածքից ու որոշել պարզապես հողատարածք գնել ու գործարանը զրոյից կառուցել: Բերդի քաղաքապետը օգնել է գործարարին հողատարածք ընտրել ու այդտեղ սկսել շինարարական աշխատանքները: Ըստ մեր տեղեկությունների՝ Բերդում լինելու է գործարանի հիմնական արտադրամասը, իսկ Պառավաքարում, Չորաթանում, Չինարիիում, Այգեձորում եւ Վերին Կարմիրաղբյուրում լինելու են գործարանի մասնաճյուղերը: Այստեղ արտադրվելու են կիսաֆաբրիկատները, իսկ ձեռնոցները վերջնական տեսքի են բերվելու Բերդում:
Ի դեպ, այդ ձեռնոցներն օգտագործվելու են նավթարդյունաբերության եւ գազաարդյունաբերության բնագավառում, այսինքն՝ գործարանի արտադրանքը ամբողջապես արտահանվելու է: Արդեն գյուղերում ընտրվել են այն տարածքները, որտեղ պետք է լինեն գործարանի մասնաճյուղերը: Ըստ նախնական տեղեկությունների` գործարանի շահագործման արդյունքում մարզում կբացվի մոտ 2000 աշխատատեղ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը տեւական ժամանակ է, ինչ ստուգումներ է անցկացնում Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ում: Ըստ մեր տեղեկությունների՝ ստուգումների արդյունքում բավականին լուրջ խախտումներ են հայտնաբերվել: ՀՀ բնապահպանության նախարարությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը` ձեռնպահ մնալով խախտումների մասին տեղեկատվության հրապարակումից: «ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության կողմից այս պահին ստուգումներ են անցկացվում «Ախթալայի ԼՀԿ»-ում, իսկ արդյունքների մասին կհայտնենք առաջիկայում»,-պատասխանեցին բնապահպանության նախարարությունից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Ախթալայի ԼՀԿ»-ի արտաքին կապերի բաժնի պետ Գագիկ Շահնազարյանն ասաց, որ իրականացվող ստուգումները պլանային են, եւ տասն օր է, ինչ դրանք ընթանում են: Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Ախթալայի ԼՀԿ»-ն հերթական անգամ մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել աշխատակիցների բողոքի ակցիաների, ինչպես նաեւ նոր պոչամբար կառուցելու շուրջ բնապահպանների բարձրացրած բողոքի արդյունքում:

 

ԴԵՌ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում իրականացվող ստուգումների մասին նախկինում արդեն տեղեկացրել ենք: Պարզվում է, սակայն, որ ստուգումները դեռեւս չեն ավարտվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ստուգումների ընթացքում լուրջ խախտումներ են արձանագրվել, ուստի համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի վերանշանակման հնարավորությունը մեծ հարցականի տակ է: ԵՊՃՀ-ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվական բաժնից երեկ «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ ստուգումներն ընթանում են սահմանված կարգով:

 

ԿԵՐՈՒԽՈՒՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Փետրվարի 3-ին Իջեւանի Երեւանյան փողոցում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մասնակցել էր նաեւ «Մեծահասակների կրթության Իջեւանի կենտրոն»-ի տնօրենը: Ըստ ականատեսների՝ կռվին մասնակից են եղել առնվազն հինգ երիտասարդ, որոնք եղել են ոչ սթափ վիճակում: Նույն տեղեկությունների համաձայն՝ վիճաբանողներից Վահագնը, Արթուրը, Աղասը, Դավիթը, որը «Մեծահասակների կրթության Իջեւանի կենտրոն»-ի տնօրենն է, Իջեւանի բնակիչներ են, իսկ մյուս մասնակիցը` Վիկտոր անունով, Աչաջուր համայնքի բնակիչ է: Կռիվը տեւել է մոտ մեկ ժամ, բայց տղաներն այն աստիճան գինովցած են եղել, որ նրանց ոչ մի կերպ հնարավոր չի եղել հանգստացնել: Իրավիճակը հանդարտվել է միայն ոստիկանների՝ դեպքի վայր ժամանելուց հետո: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասացին, որ կռվի մասնակիցները բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ ազատ են արձակվել, ընթանում է քննություն:




Լրահոս