ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն հանգամանքը, որ կեղծիքը պատել է Հայաստանը, վաղուց հայտնի իրողություն է, բայց որ սուտը դարձել է պետական կառավարման հիմնական գործիքը, դա ընդամենը վերջերս պաշտոնական հաստատում ստացավ:

Ամենաթարմ կեղծիքը, որ երկար շրջանառության համար է, հեղինակել է ՀՀ Կառավարությունը, եւ այն կոչվում է «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ»: Այս կեղծիքի հեղինակներն այն աստիճան են տարվել, որ լիարժեք իրականությունից կտրվել են եւ նորանոր կեղծիքներով փորձում են պաշտպանել առաջինը` կոռուպցիոներներից բաղկացած կոռուպցիայի դեմ պայքարող խուրհուրդը: Բանը հասավ նրան, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լուրջ դեմքով նախօրեին՝ խորհրդարանում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հայտարարեց. «Որեւէ մեկդ թող հնչեցնի, ասի, որ ես որեւէ բիզնես եմ ծավալել այս տարիներին, կամ ԱԺ նախագահ եղած տարիներին, կամ որեւէ մի բիզնեսի հետ սերտաճած եմ: Մարդիկ տարբեր ամբիոններից խոսում են, անհիմն տեղեկություններ են տարածում»: Մարդը, ով վերջին քսան տարիներին զբաղեցրել է պետական պաշտոններ, իսկ նրա ընտանիքն այդ ընթացքում հասցրել է մի ամբողջ մարզ սեփականաշնորհել, որքան պետք է կտրվի իրականությունից, որ նման հայտարարություն անի: Լավ, հասկացանք՝ Դուք եք կոռուպցիայի դեմ պայքարողը, ուստի ինքներդ Ձեր դեմ չեք պայքարի, բայց չի կարելի, չէ, գնալ, կանգնել ու խորհրդարանի ամբիոնից հայտարարել, որ Դուք կապ չունեք Ձեր ընտանիքի բիզնեսների հետ, իսկ մի քանի միլիոն դոլար արժեցող առանձնատունն էլ նախարարի, ԱԺ նախագահի կամ վարչապետի աշխատավարձով է կառուցվել:
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, նախագահ Հովիկ Աբրահամյանից բացի, ունի եւս չորս պաշտոնյա անդամներ` ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյան: Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ «ազնվագույն» մարդիկ են կոռուպցիայի դեմ պայքար ծավալած սույն պաշտոնյաները, ներկայացնենք նրանց հայտարարագրած ունեցվածքը եւ պետական պաշտոնյա հանդիսանալու ժամկետը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 57 տարեկան է: Վերջին քսան տարիներին, առանց ընդմիջման, նա զբաղեցրել է պետական տարբեր պաշտոններ: 2014-ին վարչապետ նշանակվելիս նա հայտարարագրել է երեք հատ բնակարան, մեկ հատ ավտոտնակ, 269 միլիոն դրամ եւ մեկ միլիոն 940 հազար դոլար դրամական միջոց, հայտարարագիրը ներկայացնելու` 2014-ի ապրիլի 28-ին նախորդած մեկ տարում նրա՝ պաշտոնապես հայտարարագրած եկամուտները կազմել են 44 միլիոն 110 հազար դրամ, որից նրա աշխատավարձը կազմել է 4 միլիոն 110 հազար դրամ, իսկ մնացած 40 միլիոն դրամի ծագումը գաղտնի է պահվում եւ չի հրապարակվում:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը 60 տարեկան է: Նախարար նշանակվելիս ունեցել է 269 միլիոն դրամ եւ մեկ միլիոն 970 հազար դոլար դրամական միջոց, պաշտոնական, տարեկան եկամուտը կազմել է 10 միլիոն 96 հազար դրամ, որը եղել է նրա աշխատավարձը:
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը 52 տարեկան է: 1997 թվականից պետական պաշտոնյա է, սկզբում եղել է արդարադատության նախարարի տեղակալ, հետո դարձել է նախարար եւ այսպես շարունակ: 2014-ին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելիս հայտարարագրել է վեց հատ բնակարան, մեկական բնակելի տուն, ամառանոցային տնակ եւ հողամաս: Պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 6 միլիոն 500 հազար դրամ եւ 20 հազար դոլար դրամական միջոց, նրա տարեկան աշխատավարձը կազմել է 4 միլիոն 712 հազար դրամ:
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը 38 տարեկան է: Վերջին 14 տարիներին պետական տարբեր պաշտոններ է զբաղեցրել: 2013-ի հոկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելիս հայտարարագրել է մեկ բնակարան, «LEXUS GS 300» մակնիշի ավտոմեքենա, 80 միլիոն դրամ, 5 հազար ֆունտ ստեռլինգ դրամական միջոց: Նրա՝ վերջին տարվա պաշտոնական, տարեկան եկամուտը կազմել է 91 միլիոն 429 հազար դրամ, որից նրա աշխատավարձը կամ դրան հավասարեցված գումարը եղել 6 միլիոն 169 հազար դրամը, իսկ մնացած եկամուտը նա ստացել է երեք հատ ինչ-որ գույք վաճառելու արդյունքում:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը 44 տարեկան է: 1995-ից աշխատել է պետական տարբեր պաշտոններում: 2014-ին նախարար նշանակվելիս հայտարարագրել է երկու հատ անհատական բնակելի տուն, երկու հատ հողամաս եւ մեկ հատ հասարակական նշանակության շինություն, «TOYOTA LAND CRUISER 100 4.2 TD» մակնիշի ավտոմեքենա, 7 միլիոն դրամ, 290 հազար եվրո եւ 405 հազար դոլար դրամական միջոց: Նրա՝ վերջին տարվա պաշտոնական եկամուտը կազմել է 2 միլիոն 836 հազար դրամ:
Հասկանալի է, որ վերը բերվածը պաշտոնյաների հայտարարագրած գույքը նրանց իրական ունեցվածքի մի չնչին մասն է կազմում: Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի ունեցվածքի մասին վաղուց Հայաստանում լեգենդներ են շրջանառվում: Բայց նույնիսկ նրանց պաշտոնապես հայտարարագրած գույքը եւ եկամուտները լրջագույն հարցերի տեղիք են տալիս, որովհետեւ չկոռումպացված եւ ազնիվ պաշտոնյան չի կարող միլիոնավոր դոլարների ունեցվածք կուտակել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ զարգացած եվրոպական երկրներում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 
ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՀՐԱԺԱՐՎԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մտադիր է հրաժարվել մամլո խոսնակի իր պաշտոնից: Մեր տեղեկություններով՝ Տիգրան Ուրիխանյանը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել: Նա մյուս ԲՀԿ-ականների պես այս օրերին քննարկում է իր հետագա անելիքները կուսակցությունում, փորձում կողմնորոշվել` շարունակել մնալ ԲՀԿ-ում եւ կուսակցությունում գործունեություն ծավալել, թե այլ տարբերակ ընտրել: Այս օրերին ԲՀԿ-ական պատգամավորները հանդիպում են միմյանց հետ եւ փորձում հասկանալ, թե, ի վերջո, ինչպիսին է լինելու իրենց կուսակցության դերակատարությունը քաղաքական դաշտում, որպեսզի յուրաքանչյուրն իր հերթին կողմնորոշվի՝ ինչպես վարվել: «Ժողովուրդ»-ին երեկ չհաջողվեց այս առիթով ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից մեկնաբանություն ստանալ:

 

ԴԺԳՈՀ ԵՆ
Այն լուրը, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարող է դառնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր նախագահը, կուսակցության վերնախավի շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դժգոհողների մի զգալի մասը ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ են: Նրանց փաստարկն այն է, որ Նաիրա Զոհրաբյանը չի կարողանա պատգամավորներին «կառավարել», քանի որ նրանց մի մասը «ենթարկվել» է բացառապես Գագիկ Ծառուկյանին: Արդյունքում՝ բոլորը սպասում են մարտի 5-ին հրավիրված ԲՀԿ արտահերթ համագումարին: Երեկ՝ Աժ նիստի ժամանակ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանի անդամներին տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցությունը լքել է Մուշեղ Պետոյանը, որը ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 36 ընտրատարածքից: Այսպիսով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների թիվը փաստացի դարձավ 29-ը:

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՉԱԶՈՒՐԿԸ
Ազգային ժողովրդավարական կուսակցության հրապարակած հաշվետվության համաձայն՝ այս կուսակցությունը 2014 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ունեցել 60 հազար դրամի մուտք, որը գոյացել է անդամավճարներից: Կուսակցությունը 59 հազար դրամը ծախսել է հայտարարություններ տպագրելու համար, եւ տարեվերջին դրամական մնացորդը կազմել է 2000 դրամ` նախորդ տարվանից էլ հազար դրամի մնացորդ են ունեցել: Հիշեցնենք, որ ԱԺԿ-ն հիմնադրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը իր մի քանի համախոհների հետ, 2001 թվականին: Սակայն այն այդպես էլ մարդ-կուսակցությունից չվերածվեց քաղաքական ուժի: Իսկ 2008-ի օգոստոսին երբեմնի արմատական ընդդիմադիր Շավարշ Քոչարյանը նշանակվեց ԱԳ փոխնախարար:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ԿՈՉ
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով հանձնաժողովում ելույթ ունենալիս ուղղակիորեն կոչ է արել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին եւ Օբամա-Բայդենի ողջ աշխատակազմին՝ վերջ տալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մարդկանց բերանները փակելու Թուրքիայի քաղաքականության աջակցությանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայի հայ դատի հանձնախմբից։ «Լինելով սենատոր՝ Դուք, Քերրի՛, պաշտպանում էիք Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Հիմա մենք գտնվում ենք 100-ամյակի շեմին եւ ես հուսով եմ, որ Դուք կցուցաբերեք Ձեր հայտնի խիզախությունը եւ ապրիլի 24-ին Անատոլիայում 100 տարի առաջ կատարվածը նկարագրելիս կօգտագործեք ցեղասպանություն բառը»,- ասել է Շերմանը:

 

ԵՐԿՈՒՍՈՎ
Ամերիկայի հայկական համագումարի տեղեկացմամբ` Հրայր Հովնանյանը հեռանում է Ամերիկայի հայկական համագումարի նախագահի պաշտոնից: Մայիսի 1-ից Հովնանյանը կմնա Համագումարում որպես պատվավոր նախագահ: Անցած շաբաթ Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհուրդը ընտրել է նոր ղեկավարություն. համանախագահներ են ընտրվել Մասաչուսեթսի խորհրդի անդամ Անտոնի Բարսամյանը եւ Նյու Յորքի խորհրդի անդամ Վան Կրիկորյանը, նրանք միասին կվերահսկեն կազմակերպության ամենօրյա գործունեությունը։

 

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ ՍԿՍՎԵՑ
Ուկրաինական կողմը երեկվանից սկսել է Դոնբասից ծանր զինտեխնիկայի դուրս բերման առաջին փուլը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ «Փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այսօր սկսվում է 100 միլիմետր տրամաչափով հրետանու հեռացումը սահմանագծից։ Այս գործընթացը կիրականացվի բացառապես ԵԱՀԿ դիտորդական խմբի վերահսկողության ներքո»,- ասված է ԶՈՒ շտաբի հաղորդագրությունում։

 

ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ձերբակալվել է Թուրքիայի ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանության հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը ձերբակալվել է Անկարայում եւ տեղափոխվել Ստամբուլ։Նշենք, որ 2014-ի հոկտեմբերին Թուրքիայի արդարադատության նախարարությունը հավանություն է տվել՝ դատական գործեր հարուցել Դինքի սպանության ժամանակ կարեւոր պաշտոններ զբաղեցնող 9 չինովնիկի նկատմամբ, որոնց թվում են Ստամբուլի նահանգային նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերրահը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունգյորը եւ այլք։

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է ոստիկանության բարեփոխումների երկրորդ փուլի խնդիրներին՝ նշելով, որ նախորդ երեք տարիներին այդ ուղղությամբ դրական արդյունքներ են արձանագրվել նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ սերտ գործընկերության շնորհիվ:




Լրահոս