Փետրվարի 12-ին՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, ԲՀԿ-ում վայրիվերումներ սկսվեցին: Եւ դոմինոյի էֆեկտով ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ տարբեր պատճառաբանություններով լքեցին կուսակցությունը: «Ժողովուրդ»-ին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել այն մասին, թե որ պատգամավորներն ինչ սպառնալիքների արդյունքում լքեցին կուսակցությունը. հիմնականում գործել է ուժային ահաբեկչության մեթոդը:
Հանուն պարտքերի
Առաջին պատգամավորը, որը լքեց ԲՀԿ խմբակցությունը, Արագած Ախոյանն էր: Վերջինս իր այդ քայլը պատճառաբանել էր, թե «անթույլատրելի եմ համարում մասնակցել նման ներքաղաքական լարման տանող գործընթացներին՝ հաշվի առնելով ՀՀ եւ ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը եւ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքս ունեմ իմ պատասխանատվության բաժինը»: Սակայն իրականում շան գլուխը մեկ այլ տեղ է թաղված, եւ պատգամավորը ստիպված է եղել դուրս գալ խմբակցությունից միանգամայն այլ պատճառներով:
Բանն այն է, որ Արագած Ախոյանն արդեն երկար ժամանակ է, ինչ տարբեր պատճառներով հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Եվ այսպես, արդեն երկար ժամանակ է, ինչ նախկին ԲՀԿ-ականն ամերիկահայ գործարար Հրաչ-Ներսես Կապրիելյանի հետ լուրջ տարաձայնություններ ունի: Հարաբերություններն այնքան են սրվել, որ Արագած Ախոյանի ընտանիքը դատական հայցեր է ներկայացրել Կապրիելյանի դեմ: Հիշեցնենք, որ Արագած Ախոյանի ու Հրաչ Կապրիելյանի հարաբերությունները լարվեցին, երբ ամերիկահայ գործարարը փորձել էր իրենց բռնած ընդհանուր գործից, առանց որեւէ հիմնավոր պատճառի, դուրս մղել Ախոյանին՝ վերջինիս թողնելով զրոյական ֆինանսական հաշիվներով:
Ու մինչ պատգամավորն իր բաժնեմասերի հետ կապված դատական նիստերին էր հետեւում, 2013թ. դեկտեմբերի 4-ին Արաբկիր վարչական շրջանը հայց ներկայացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արագած Ախոյանի դեմ՝ պահանջելով նրանից, հօգուտ վարչական շրջանի, գանձել 436 հազար 476 դրամ:
Ու, ընդհանրապես, արդեն երկար ժամանակ է, ինչ պատգամավորը հայտնվել է ֆինանսական լուրջ խնդիրների առաջ: Վերջինս մի շարք շինարարական ընկերությունների ահռելի թվով գումար է պարտք, սակայն ընկերությունները դեռես լռում են եւ սպասում են, որ պատգամավորը կարգավորի իր ֆինանսական վիճակը: Սա էլ դեռ քիչ էր, ապրիլի 4-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Երեւանի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 10 շենքի մուտքի մոտ 4 դիմակավորված անհայտ անձինք էլեկտրաշոկով հարձակվել էին 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, հափշտակել նրա բջջային հեռախոսն ու տան բանալիները: Սակայն այս գործն այդպես էլ չբացահայտվեց, ու այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչ թշնամիներ ունեին Ախոյանները կամ, առհասարակ, ինչ պատմության մեջ էր հայտնվել պատգամավորի որդին, որից փորձել էին այս կերպ վրեժխնդիր լինել:
Այս բոլոր իրողությունները գեղեցիկ փաթեթով ինչ-ինչ շրջանակների կողմից մատուցվել է պատգամավոր Ախոյանին՝ զգուշացնելով, որ ցանկացած անզգույշ քայլ կբերի անցանկալի հետեւանքների:
Հանուն որդու
ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանը, որն առավել հայտնի է «Շշի Մելո» մականվամբ, ԲՀԿ խմբակցությունից հրաժարվել է հանուն իր որդու: «Ժողովուրդ»-ը անդրադարձել էր պատգամավորի՝ Մելիք Մանուկյանի աղմկալի քրեական գործին եւ դատավարությանը: Բանն այն, որ պատգամավորի եղբոր որդին վիճաբանել էր ոստիկան Համազասպ Լալայանի հետ՝ կռվազենքով հարվածներ հասցնելով նրա կնոջ դեմքին: Ըստ շրջանառվող լուրերի՝ այս պատմության մեջ էր եղել նաեւ պատգամավորի որդին, սակայն վերջինս ջրից չոր դուրս եկավ եւ դատարանի առաջ կանգնեց եղբոր որդին: Ու եթե Մելիք Մանուկյանը մնար ԲՀԿ նախագահի կողքին, նրա որդին շատ արագ կհայտնվեր ճաղերի հետեւում: Բայց քանի որ Մանուկյանը նաեւ մտերիմ հարաբերություններ ունի Ծառուկյանի խնամի, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի հետ, ուստի որոշեց ո՛չ որդուն զոհաբերել, ո՛չ էլ ընկերությունը: Նա պատգամավորի ԱԺ մանդատից հրաժարվելու դիմում գրեց:
Փեսես, որդիս ու ես
Վերնիսաժի հայտնի գործը դեռ շատերը կհիշեն, եւ զարմանալի էլ չէ, թե ինչու, օրինակ, ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, առաջիններից մեկն էր, որ լքեց ԲՀԿ-ն: 2014 մայիսի 17-ին Վերնիսաժի կրակոցների հեղինակը պատգամավորի փեսան էր` Գոռ Առաքելյանը: Բացի այդ՝ պատգամավորի որդին՝ Վարդան Կարապետյանը, 2013 թվականի մարտի 4-ին հայտնվել էր աղմկալի պատմության մեջ: Վերջինս, վարելով «Բենթլի Կոնտինենտալ» մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան, մեկ այլ՝ «Տոյոտա Պռադո» մակնիշի ավտոմեքենայի ուղեկցությամբ խախտել էր ճանապարհային երթեւեկության կանոնները: Դրանից բացի՝ մի քրեական գործ էլ կար Կարապետյանի որդու նկատմամբ, ոըը, կարծես թե, մոռացության է մատնվել հենց այս իրավիճակների համար: Դրա համար էլ Կարո Կարապետյանն ամեն առիթով հայտարարել է, թե՝ եթե մի բան լինի, դուրս եմ գալու, իմ տերն ով ա:
Մոտ է հրաժարականի օրը
Շուտով նաեւ Ռուստամ Գասպարյանը կլքի ԲՀԿ-ն: Նրա որդին էլ խնդիրներ ունի, բացի այդ՝ Գասպարյանն անասելի վիրավորված է Գագիկ Ծառուկյանի նահանջողական պահվածքից: Ինչպես գիտենք՝ 2014թ. նրա որդին հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում՝ մարդ առեւանգելու համար, իսկ ավելի ուշ կալանավորվեց: Մինչ ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունը խորանալը, պատգամավորի որդին կալանքից ազատ էր արձակվել, սակայն փետրվարի 12-ի հայտնի ելույթը փչացրեց ամեն ինչ: Փետրվարի 17-ին ոստիկանների մի խումբ ներխուժել էր պատգամավորի տուն եւ փնտրել նրա որդուն, սակայն այդպես էլ չէին գտել:
Ճաղերը կամ խմբակցությունը
Մարտի 9-ին՝ երեկոյան, Հրազդանի «Վեվե» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է եղել, որի շարունակությանը միջամտել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը: Վիճաբանող կողմերից մեկը եղել է պատգամավորի ընկերը, ով հաշիվներ պարզելու համար երկրորդ անգամ նույն տեղն է գնացել Դավիթ Քոչարյանի հետ: Աղմկահարույց այս գործն արդեն երկար ժամանակ է, ինչ սառեցվել էր: Բայց նրան եւս սպառնում էր քրգործի քննության վերսկսումը: Ուստի նա եւս գերադասեց դուրս գալ ԲՀԿ-ից, բայց մի փոքր ավելի ուշ, երբ կրքերն արդեն բավականին խաղաղվել էին, եւ դժվար էր նրան «առնետավազքի» մեջ մեղադրել:
Բելաջոյի Գրիշը զգուշացրել էր
Գրիգորի Մարգարյանը, թերեւս ԲՀԿ-ի միակ պատգամավորն է, որ մինչ ԲՀԿ խմբակցություն մտնելը, Գագիկ Ծառուկյանին ասել էր, որ լինելով «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ՝ ինքը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնել, երբ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը մի օրում որոշել է ընդդիմադիր դառնալ: Այս փորձը հաշվի առնելով՝ Գրիգորի Մարգարյանը Գագիկ Ծառուկյանին, մինչ ԲՀԿ խմբակցություն մտնելը, նախապես զգուշացրել էր, որ եթե օրերից մի օր ԲՀԿ-ն դուրս գա Սերժ Սարգսյանի դեմ, ապա ինքը կլքի խմբակցությունը: Այդպես էլ եղավ:
Ահա ինչպես է սաղմնավորվում քաղաքական դաշտի պահմտոցին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ «ԴՈՒՐՍ ՊՐԾԱՆ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել զինծառայողներ Ռազմիկ Մանուկյանի, Արշակ Թորոսյանի եւ Դավիթ Մարկոսյանի մասով քրգործը: Դատական առաջին նիստի օրը դեռեւս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 2-ին «Կանազ» զինհոսպիտալում արտակարգ դեպք էր տեղի ունեցել: Բուժանձնակազմի մի քանի աշխատակիցներ նշված զինվորներին գտել էին ալկոհոլի ազդեցության տակ` վարքի ոչ ադեկվատ դրսեւորմամբ: Այսքանով, սակայն, ամեն բան չի ավարտվել: Մեղադրանքի համաձայն` զինհոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում բուժզննում անցնող շարքայինները բռնության սպառնալիք են հնչեցրել իրենց դիտողություն անող հոսպիտալի հրամանատար, փոխգնդապետ Սահակ Օհանյանի, բժիշկներ, մայորներ Վաղինակ Հովհաննիսյանի, Արմեն Հովսեփյանի, Լեւոն Բալայանի եւ Էմիլ Բաբաջանյանի հասցեին: Ապա զինծառայողներ Ռ. Մանուկյանն ու Ա. Թորոսյանը քաշքշել եւ պատռել են հրամանատարի շապիկն ու կողապահարանը նետել նրա ուղղությամբ: Այնուհետեւ, դուրս գալով հոգեբուժական բաժանմունքի մասնաշենքից, սեռական բնույթի անհասցե հայհոյանքներ են հնչեցրել, ինչի հետեւանքով խախտվել է զինվորական հոսպիտալի ծառայության բնականոն ընթացքը, խաթարել են նույն բաժանմունքի հիվանդների անդորրը:
Առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր է ճանաչել միայն պայմանագրային զինծառայող Գարեգին Դանիելյանը, ում պատիժը, դատարանի կայացրած վճռով, պայմանականորեն չի կիրառվել: Գործով անցնող մյուս երեք ամբաստանյալները դատապարտվել են ազատազրկման` 4 տարի, 6 ամիս ժամկետով:
Այսպիսով` դատարանը զինծառայողներին վերագրվող մեղադրանքը հիմնավորել է դատաքննությամբ հետազոտված այն ապացույցներով, որոնք, մասնավորապես, ներկայացրել են տուժողները:
Վերջիններս թե՛ նախաքննության, թե՛ դատաքննության ընթացքում ցուցմունք են տվել, որ հոգեբուժական բաժանմունքի այն հիվանդասենյակը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, այդ օրը տեսել են թափթված վիճակում` սննդի մնացորդներով, կիսադատարկ տարաներով, որոնցում եղել է ոգելից խմիչքի մնացորդ: Նշենք, որ դատարանը դատավճիռ կայացնելիս հիմնավոր է համարել նաեւ այն հանգամանքը, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Ռազմիկ Մանուկյանի եւ Արշակ Թորոսյանի արյան մեջ եղել է ալկոհոլ: Չնայած նշված հանգամանքներին` երիտասարդները շարունակում են պնդել, որ իրենք նշված արարքները չեն կատարել, հրամանատարն է իրենց դրդել ագրեսիվ վերաբերմունք դրսեւորել, իրենք հոսպիտալում գտնվելու ընթացքում ոգելից խմիչք չեն օգտագործել:
Դատարանը, թերեւս, քննության է առել բոլոր փաստերը, ապացուցված է համարել գործի համար կարեւոր մի շարք հանգամանքներ, սակայն հարցերի հարցը` ինչպես է ոգելից խմիչքը «ներս տարվել» հոսպիտալ, ինչի հետեւանքով էլ տեղի է ունեցել այս միջադեպը, այդպես էլ չքննարկվեց:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ
Երեկ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո բողոքի ակցիաներին մասնակցած երկրորդ ակտիվիստին է մեղադրանք առաջադրվել։ Անուշավան Հարությունյանը մեղադրվում է խուլիգանության մեջ։ «Անուշավան Հարությունյանը 2015 թվականի հունվարի 15-ին Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, զուգորդվել անձի նկատմամբ բռնություն գործադրելով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող հասարակական կարգի պահպանության պարտականությունը իրականացնող եւ հասարակական կարգի խախտումը խափանող ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տալով»,-ասված է մեղադրական եզրակացությունում։
Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռանալը։ Նա «Ազատությանն» ասել է, որ ինքն իրեն մեղավոր չի ճանաչում, պարզապես մասնակցել է այդ օրը տեղի ունեցած ցույցերին, հանրահավաքներին։