«ԵԹԵ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒՂԵՂԻՆ ԶՈՌ ՏԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կարեն Մամիկոնյան բենդ»-ի հիմնադիր, մի շարք բենդերի («The Birds», «Ռեինկարնացիա», «Armenian Navy Band» եւ այլն) անդամ, դաշնակահար Կարեն Մամիկոնյանը փաստում է, որ Երեւանում ջազի սիրահարները մեծ թիվ են կազմում, եւ որպեսզի որակյալ երաժշտությունը հասանելի լինի հասարակության լայն շերտերին, անհրաժեշտ է նրանց ագիտացնել: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե մեր մշակույթի նախարարությունը հոգա, որ կազմակերպվեն գարնանային, ամառային, աշնանային փառատոններ, հնարավոր կլինի որակյալ երաժշտությունը համերգասրահներից դուրս բերել:

-Կարե՛ն, այս տարի ո՞ր երկրներում եք մտադիր լինել եւ ի՞նչ միջոցառումների եք պատրաստվում մասնակցել:
-Ծրագրում ենք առաջիկայում մեկնել ԱՄՆ, հունիսին` Ֆրանսիա` մասնակցելու Կաննում հայկական մշակութային օրերի շրջանակներում անցկացվելիք փառատոնին:
-Որոշ ժամանակ առաջ համացանցում կրկին շրջանառվում էր մի հոլովակ, որում Դուք եւ ջազմեն Միշ Ամիրյանը ջազ էիք մատուցում անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանում: Արդյո՞ք սա անուղղակի քարոզ չէր` ուղղված երաժիշտներին, որպեսզի նրանք դուրս գան համերգասրահներից ու որակյալ երաժշտությունը հասարակության լայն շերտերին հասցնեն ամիջական շփման արդյունքում:
-Այդ լայն շերտերին անհրաժեշտ է նախեւառաջ համապատասխան ձեւով ագիտացնել: Որակյալ երաժշտությունը համերգասրահներից դուրս բերել, իհարկե, հնարավոր է: Եթե մեր մշակույթի նախարարությունն իր նախարարով ուղեղին մի քիչ զոռ տա, կարող է կազմակերպել գարնանային, ամառային, աշնանային փառատոններ, որոնք բավական ընդունված են եվրոպական եւ անգամ մեր հարեւան երկրներում: Չգիտեմ, թե դրանք ինչու են մեզ մոտ բացակայում: Փոխարենը կարող են այդ փառատոնների պահանջելիք գումարից 3-4 անգամ ավել ծախսել Հանրապետության հրապարակում ֆոնոգրամայի ներքո անցկացվող ինչ-որ աստղերի համերգների համար:
-Բացօթյա համերգներն իրական երաժշտասերներին «որսալու» լավ հնարավորություն են ընձեռում: Նրանց թիվը մայրաքաղաքում մեծ է՞, թե՞ փոքր:
-Արդեն երկու տարի է` Կասկադում, «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների շրջանակում, ինքս ջազ համերգներ եմ կազմակերպում: Եվ ինձ հաճելիորեն զարմացնում է այն հանգամանքը, որ դրանք բավական մեծ լսարան են հավաքում, որոնք ունեն նույն օրն այլ ժանրի երաժշտություն ուկնդրելու այլընտրանք: Փաստորեն, Երեւանում այդքան ջազ սիրողներ կան…
-Երեւանում երբեմն-երբեմն հյուրընկալում ենք համաշխարհային հռչակ վայելող լեգենդների, մեր երաժիշտները հնարավորություն են ստանում նրանց նվագակցել մեկ բեմում: Այս ամբողջ գործընթացում կա՞ մի տեղ, որում հայաստանյան կողմը դեռեւս թերանում է:
-Սկսենք այնտեղից, որ այդ լեգենդներին շատ քիչ են հրավիրում այստեղ: Ի դեպ, կան տոկոսային առումով առավել քիչ ճանաչված արտիստներ, որոնք պակաս պրոֆեսիոնալ չեն, եւ որոնց Հայաստան բերելը կապված չէ մեծ ծախսերի հետ, բայց դա չի արվում: Վերջին անգամ ջազ լեգենդներից Հերբի Հենքոքն էր եկել Երեւան, սակայն նրա համերգից, անկեղծ ասած, ոչ ոք ոչինչ չհասկացավ: Այնպիսի տպավորություն էր, որ հանդիսատեսը պարզապես հաճույք էր ստանում, որ բեմից անմիջապես տեսնում էր Հենքոքին, այսքանը: Բացի այդ` այդպիսի պրոֆեսիոնալ աստղին բերել Հայաստան ու այստեղի երաժիշտների հետ գոնե մեկ ժամանոց մաստեր-կլասի անցկացնելու հանարավորություն չընձեռել չէր կարելի: Դա աշխարհում ընդունված միտում է, իսկ, ահա, մեզ մոտ աստղին բերում են, կոնֆետի նման հեռվից ցույց են տալիս ու տանում:
-Բենդի անդամների հետ բեմում իմպրովիզներ անելը Ձեզ համար սովորական բան է, որքանով շփվել եք, ի՞նչ կասեք` հայ աստղերից ովքե՞ր են իմպրովիզների սիրահար:
-Ընդհանուր առմամբ, հայ աստղերը մեծ իմպրովիզների սիրահարներ են, բայց դրանք երաժշտության հետ կապ չունեն (ծիծաղում է): Իսկ այն, ինչ տեղի է ունենում ակումբներում, ո՛չ շոու-բիզնեսի, ո՛չ աստղերի հետ բացարձակ չի առնչվում: Այնտեղ ավելի համեստ, գրագետ մարդկանց միջավայր է, իսկ հենց բանը հասնում է շոու-բիզնեսին, համը դուրս է գալիս:
-Ասում են` ջազն ու բլյուզը ամենաապաքաղաքականացված երաժշտական ժանրերն են. համաձա՞յն եք:
-Կարծում եմ` դրանք ոչ մի գործընթացի չեն խանգարում, դեռ մի բան էլ` օգնում են: Որքան որակյալ երաժշտության լսարանը մեծանա, այնքան մեր երկրի ապագան էլ լավը կլինի, քանի որ լավ երաժշտություն սիրողը նաեւ լավ մարդ է լինում:

 

 

 

 

ԶՈՐԱՎԱՐԸ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԸ` ՆԺԴԵՀԻ ՔԱՆԴԱԿՈՒՄ

Հասարակական-քաղաքական շրջանակներում բազում քննարկումների առիթ դարձած եւ քննադատությունների կիզակետում հայտնված հայ ականավոր պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի ճակատագրով հետաքրքրվողները որոշ ժամանակ առաջ բավական ակտիվ էին, իսկ վերջերս, կարծես, այս թեմայի շուրջ խոսակցությունները նվազել են:

«Ժողովուրդ»-ը արձանի հեղինակից` Գագիկ Ստեփանյանից, հետաքրքրվել է, թե ինչ աշխատանքներ են այժմ տարվում քանդակի վրա եւ պարզել, որ այն դեռեւս պատրաստման փուլում է, հեղինակը` ստեղծագործական պրոցեսում: Նրա խոսքով` արձանը մայրաքաղաքում կտեղադրվի նոյեմբերին, Նժդեհի անվան պուրակում: Մեր այն հարցին, թե ինչպես է քանդակագործը վերաբերում բոլոր այն քննադատություններին, ըստ որոնց՝ տրամաբանական կլիներ, եթե Նժդեհի արձանը տեղադրվեր նրա անվան հրապարակում, Գ. Ստեփանյանը պատասխանեց հակիրճ. «Այս պուրակի տեղը հաջող է, քանդակն այստեղ շատ լավ կդիտվի»:
Քանդակագործի խոսքով` ինքը ներդնում է իր ողջ իմացությունն ու ֆիզիկական հատկությունները, որպեսզի Նժդեհին արժանավայել արձան ստանա:
Մեր այն հարցին, թե Նժդեհի հատկապես որ հատկանիշներն է փորձել արտացոլել արվեստագետն իր քանդակում, Գ. Ստեփանյանը պատասխանեց. «Դրանում ակնառու կլինեն հայ հանճարեղ զորավարի, ռազմագետի, գաղափարախոսի եւ, վերջապես, անկոտրուն ասպետի հատկանիշները»:
Հիշեցնենք, որ քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Լեւոն Թոքմաջյանը լրագրողների հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ քանդակի նախնական տարբերակի ձեռքին սուր է եղել, սակայն «վերեւներից» որոշել են այն վերացնել:
«Հիմա Նժդեհն ավելի պաթետիկ տեսք ունի` մի ձեռքը ծալված, մյուսը` առաջ բերված: Արձանն ավելի շատ հռետորի, այլ ոչ թե զորավարի տպավորություն է թողնում»,-շուրջ երեք ամիս առաջ կարծիք էր հայտնել Թոքմաջյանը:
Նշենք, որ օրերս էլ Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը նշել էր, որ տեղի է ունենալու գեղխորհրդի նիստ, որի շրջանակում անցկացվելու է փուլային քննարկում. դրանից հետո, նրա խոսքով, հնարավոր կլինի կոնկրետ գնահատականներ տալ:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ՇԼԵՊՉՅԱՆԸ` ՈՍԿԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած երկարամյա ակնառու վաստակի համար, ինչպես նաեւ ծննդյան հոբելյանի առթիվ` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նառա Շլեպչյանը պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ պարգեւը նրան է հանձնել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը: Նշենք, որ հաղորդավար Նառա Շլեպչյանը ծնվել է 1935թ., Երեւանում: 1956թ. նոյեմբերի 29-ից՝ Հայաստանի հեռուստատեսության ստուդիայի բացման առաջին իսկ օրվանից, աշխատել է որպես հաղորդավար եւ եղել է Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարը: Հեղինակել եւ վարել է բազմաթիվ եւ բազմաբովանդակ ծրագրեր:

 

ՀԱՅԿԱԿԱՆ «ՇԻՆԴԼԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ»
Ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանը կհովանավորի Հայոց ցեղասպանության մասին նկարահանվող ֆիլմը: Այս մասին տեղեկացրել է showbiz411.com-ը` վկայակոչելով իր աղբյուրները: Գործարարը մտադիր է նկարահանել «Շինդլերի ցուցակը» ֆիլմի հայկական տարբերակը: Նախագծի աշխատանքներին ծրագրում են միանալ օսկարակիր ռեժիսոր եւ սցենարիստ: Նրանց անուններն առայժմ գաղտնի են պահվում: Նշենք, որ ֆիլմի նկարահանումները մեկնարկելու են ամռանը, Եվրոպայում:

 

ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ
Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ջորջ եւ Ամալ Քլունիները ամուսնալուծության եզրին են: Newseveryday.com-ի փոխանցմամբ՝ հայտնի զույգի ամուսնությունից չորս ամիս անց խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Քլունիների միջեւ տարաձայնություններ են ծագել: Մեծ մասամբ շրջանառվում է այն վարկածը, որ Հոլիվուդը չի «ընդունում» Ամալին, վերջինս էլ իր հերթին չի սիրում ամուսնու աստղային ընկերներին: Անգամ խոսվում է այն մասին, որ Ամալի ծննդյան օրը Քլունին հրավիրել է իր հոլիվուդյան ընկերներին, ինչն այնքան էլ դուր չի եկել մասնագիտությամբ փաստաբան կնոջը: Դա էլ բավական չէ, Քլունին չի կարողացել մինչեւ վերջ մնալ երեկույթին, քանի որ ստիպված է եղել մեկնել նկարահանումների: Ըստ որոշ ասեկոսեների՝ զույգի հարաբերություններում ավելի վաղ եւս ծագել են խնդիրներ, սակայն վերջին իրադարձություններն է՛լ ավելի են բարդացրել իրադրությունը:




Լրահոս