ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ 1in.am-ի
Երեկ Կառավարության շենքի դիմաց կարելի էր տեսնել սկուտեղով լի, գետնին թափված կարտոֆիլ: Մի խումբ քաղաքացիներ այս կերպ իրենց բողոքն էին արտահայտում գյուղնախարար Սերգո Կարապետյանից: Վերջինս ասել էր, թե աղջիկն ու կարտոֆիլն իրար նման են՝ հենց ուզեն, պետք է տաս: Սակայն Սերգո Կարապետյանն ընդունել է բողոքողներին եւ հայցել նրանց ներողամտությունը, ում, իհարկե, վիրավորել է իր խոսքով:
ՀԱՐՑ. Վերջերս բանկերից մեկում կատարած վճարման ժամանակ մոտ 60.000-ի չափով ավել գումար եմ վճարել: Կխնդրեի պարզաբանել՝ ինչպես կարող եմ վերադարձնել կամ վերաձեւակերպել սխալ կամ ավել վճարված գումարները:
Արթուր Ալավերդյան (39 տարեկան, պատմաբան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե ՀՀ պետական բյուջեի գանձապետական հաշիվներին սխալ վճարում եք կատարել կամ ավելին եք վճարել, գումարի վերադարձման կամ վերաձեւակերպման նպատակով, կից դիմումի ձեւով կարող եք դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն: Դիմումին կից ֆիզիկական կամ իրավաբանական անձը ներկայացնում է վճարումը հաստատող փաստաթղթերի բնօրինակները, մասնավորապես` անդորրագիրն ու վճարման հանձնարարագիրը: Եթե վճարումը կատարված է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով, ապա որպես վճարումը հաստատող փաստաթուղթ կարող է հանդիսանալ վճարումների պետական էլեկտրոնային համակարգի գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը, ինչպես նաեւ՝ վճարված գումարը վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին գանձող մարմնի տեղեկանքը: Եթե չգիտեք, թե որ մարմինն է գանձում կատարել, ապա անհրաժեշտ է մուտք գործել կայքի՝ գանձապետական հաշիվներ բաժինը, գտնել համապատասխան հաշվեհամարը, որին կից նշված է նաեւ հաշիվը տնօրինող մարմնի անվանումը:
Եթե դիմումը ներկայացվում է լիազորված անձի կողմից, ապա վերադարձը կամ վերաձեւակերպումը հիմնավորող փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաեւ նոտարի կողմից վավերացված լիազորագիրը:
Վերադարձման դեպքում դիմումում պետք է նշել նաեւ բանկային ռեկվիզիտները, այսինքն` այն բանկի եւ մասնաճյուղի անունը, որտեղից դիմողը պետք է ստանա վերադարձված գումարը եւ անձնագրի տվյալները (սերիան, ում կողմից է տրված, պատճենը): Բանկային հաշվեհամարի առկայության դեպքում անձնագրի տվյալների ներկայացումը պարտադիր չէ:
Վերաձեւակերպման դեպքում դիմումի մեջ պետք է նշել ճիշտ գանձապետական հաշվի համարը:
Վերոնշյալ փաստաթղթերի առկայության դեպքում դիմողը 5-օրյա ժամկետում տեղեկացվում է գործարքի (գումարի վերադարձ կամ վերաձեւակերպում) կատարված լինելու մասին:
ՀՀ ֆինանսների նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ գումարը հետ բերելու կարգն ամենայն մանրամասնությամբ ներկայացված է, այդուամենայնիվ, նշենք, որ քիչ չեն այն դեպքերը, երբ նույնիսկ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում մեր քաղաքացիները չեն կարողանում հետ ստանալ իրենց գումարները:
ՀԱՐՑ. Ամուսնալուծված եմ: Ունեմ երկու անչափահաս երեխա: Աշխատում եմ, աշխատավարձս 80.000 դրամ է: Մինչ աշխատանքի անցնելս ստանում էի 30.000 դրամ նպաստ: Կցանկանայի տեղեկանալ՝ աշխատանքի անցնելուց հետո ինձ նպաստ հասնո՞ւմ է, թե՞ ոչ, եւ եթե այո, ապա որքա՞ն գումար կարող եմ ստանալ:
Նարինե Սահակյան (41 տարեկան, դասախոս)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ըստ ընտանիքների անապահովության աuտիճանի գնահատման համար oգտագործվող բնութագրիչների` յուրաքանչյուրին համապատաuխանող թվային արժեքների, գործակիցների մեծությունների, ընտանիքների անապահովության գնահատման բանաձեւի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Կառավարության 2014թ. հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման N2 հավելվածով հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման» կարգով:
Հայտնում ենք նաեւ, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ եւ 16-րդ հոդվածների համաձայն` ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակվում է այն ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ Կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության սահմանային միավորից:
ՀՀ Կառավարության 30.01.2014թ.-ի N 65-Ն որոշմամբ 2014 թ. ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը:
Առավել մանրամասն պարզաբանումներ ստանալու համար Ն. Սահակյանը կարող է դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար, եթե քաղաքացու անապահովության սահմանային մեծության միավորը սահմանվել է 30.00 կամ ավելի բարձր, ապա նա օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ստանալու իր նպաստը: Ավելացնենք, որ ընտանեկան նպաստ եւ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը այս տարի կազմում է գրեթե 104.685 եւ համաձայն օրենսդրական վերջին փոփոխության՝ ընտանեկան նպաստները միայն երեխա ունեցող անապահով ընտանիքներին տրվող նպաստներն են: