ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ ԳԼԽԻՆ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շա՜տ մեծահարուստ ու շա՜տ ինքնասածի Միխայիլ Բաղդասարովը հայկական ֆինանսական բոմոնդի ամենացայտուն դեմքերից մեկն է: Նա հայ տնտեսական դաշտում հայտնվեց գրեթե «օստապբենդերյան» նկարագրով եւ կեցվածքով՝ խոստանալով ռուսաստանյան բիզնես դաշտում կարեւորագույն տեղեր ապահովել Հայաստանի համար: Դա 1997թ-ին էր, երբ Ռոբերտ Քոչարյանը նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը: Բաքվում ծնված մարդը, որը տեղափոխվել էր Մոսկվա, նորանշանակ Քոչարյանի համար մի «տրոյական ձի» էր, որի միջից պիտի հորդեին ռուսաստանյան բիզնեսի բարեբեր երակները, Հայաստանը պիտի դառնար ռուսական առեւտրի խոշորագույն գործընկերը… Ռ. Քոչարյանի պատկերացումներում Բաքուն հավանաբար ներկայանում էր Մանթաշովի, Տեր-Ղուկասովի, Թամամշեւի եւ ուրիշների անուններով, ուստի «մայրաքաղաքից» գավառ եկած Բաղդասարովն ընկալվեց իբրեւ չափազանց մեծահարուստ եւ չափազանց ազդեցիկ: Ճիշտ եւ ճիշտ գոգոլյան Խլեստակովի նման մեկը, որն անգամ մեկնարկային կապիտալ չուներ, եւ Հայաստանն էր լինելու նրա բիզնես կենսագրության սկիզբը:
Իհարկե, հետագայում պարզվեց, որ Բաղդասարովը ոչ մի առնչություն չունի ռուսաստանյան քաղաքական եւ տնտեսական էլիտայի հետ, բայց արդեն նա հասցրել էր 1998-ից իր իշխանությունը հաստատել բենզինի եւ այլ նավթամթերքների շուկայում: Լինելով բաքվեցի՝ Բաղդասարովը, բնականաբար, իրեն լավ էր զգալու Հայաստանում. արդեն ձեւավորվում էր ղարաբաղյան հզոր կլանը Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հենց Ս. Սարգսյանն էլ կարգադրել է մաքսայինի պետ Արմեն Ավետիսյանին աջակցել Բաղդասարովին եւ շուկայից դուրս մղել նավթամթերքներ ներկրող այն ընկերություններին եւ անձանց, որոնք գործում էին Սարգսյանի վերահսկողությունից դուրս: Մ. Բաղդասարովը ՀՀ-ում ստեղծում է իր «Միկա» ընկերությունը, որը գրանցվում է Ռ. Քոչարյանի անմիջական «քավորությամբ» եւ ստանում բազմապիսի արտոնություններ: Այս ընկերությունը բենզին եւ դիզվառելիք էր բերում մինչեւ Այրում կայարան, որտեղից էլ դրանք վերավաճառվում էին Ս. Սարգսյանի վերահսկողության տակ գտնվող հինգ ընկերության: Սրանք էլ իրենց հերթին բենզինն ու դիզվառելիքն իրացնում էին մանրածախ շուկայում՝ այսպիսով Հայաստանում մշտապես բարձր պահելով դրանց գներն ու ապահովելով Բաղդասարովի, Ս. Սարգսյանի գերշահույթները:
1999թ. մայիսին, ստանձնելով վարչապետի պաշտոնը, Վազգեն Սարգսյանը «փակեց» Բաղդասարովի «օդերը», հասկացավ, թե ինչ է կատարվում երկրում: Կարեն Դեմիրճյանի հետ ունեցած զրույցներից մեկի ժամանակ նա դժգոհել է, ասել, որ ողջ մենաշնորհը տրվել է Բաղդասարովին՝ ձեւավորելով մշտական լարվածություն: Վ. Սարգսյանը Բաղդասարովին զրկեց մենաշնորհից, հնարավորություն տվեց շուկա վերադառնալու այլ ընկերությունների, սակայն հոկտեմբերի 27-ից հետո Բաղդասարովը նորից հայտնվեց «ձիու վրա», նորից նրան տրվեց մենաշնորհը, բնականաբար, ոչ առանց Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հրահանգների: Արդեն 2000-ի վերջին Բաղդասարովը ոչ միայն վերականգնեց իր դիրքերը, այլ ստացավ նոր գերշահույթներ, որոնք էլ նրան դարձրեցին ամենահարուստ մարդկանցից մեկը տակավին օլիգարխներ չունեցող երկրում:
Չբավարարվելով բենզինի եւ դիզվառելիքի շուկայում ունեցած մենաշնորհով՝ Բաղդասարովը ձեռնամուխ եղավ Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատերերից մեկը դառնալու գործընթացին: Անպայմանորեն երկրի ղեկավարների թելադրանքով գործարանի սեփականաշնորհման գին նշանակվեց 150 հազար դոլարը: Սա «դարի գործարքներից» մեկն էր, որովհետեւ հսկայական գործարանը սեփականաշնորհվում էր երեքսենյականոց բնակարանի գնով: Համասեփականատեր դարձավ եւս մեկը, որը հետագայում սպանվեց… Այս սպանության շուրջ ժամանակին խոսակցություններ ծավալվեցին, որոնք հետո մոռացության տրվեցին: Ս. Սարգսյանի հրահանգով պետական պատվերի շրջանակում շինարարություն իրականացնող բոլոր ընկերություններին պարտադրվում էր ցեմենտ գնել բացառապես Բաղդասարովից: Չենթարկվողները զրկվում էին պետպատվերի մրցույթին մասնակցելու հնարավորությունից:
Հետագայում Բաղդասարովը հերթական դարակազմիկ գործարքն իրականացրեց՝ այս անգամ չնչին գումարով՝ 300 հազար ԱՄՆ դոլարով գնելով «Հայխնայբանկ»-ը, որը վաճառեց «ՎՏԲ» բանկին:
Բաղդասարովի նպատակներն իրականում այլ էին. նա կամենում էր տեր դառնալ ավիափոխադրումներին, ինչին սկսեց օգնել Քոչարյանը: Ունենալով ազդեցություններ եւ մենաշնորհ նավթամթերքների ներկրման վրա՝ Բաղդասարովը սնանկացրեց «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերությանը, որը մինչեւ Բաղդասարովի հայտնությունն աշխատում էր եկամուտներով եւ համալրում պետական բյուջեն: Ավիաընկերությունը բաժանվեց երեք մասի, իսկ հետո էլ ստեղծվեց «Արմավիա»-ն, որին Քոչարյանը շնորհեց ազգային փոխադրողի կարգավիճակ: Թե ինչ է այսօր իրենից ներկայացնում «Արմավիա»-ն, ինչքան են բարձր նրա գները ու ինչքան անորակ՝ սպասարկումը, բոլորը գիտեն: Այն բազմաթիվ միջազգային սկանդալների մեջ է հայտնվել, անգամ պարտքերի պատճառով Փարիզում գերի են վերցրել ընկերության ինքնաթիռը՝ չնայած Բաղդասարովը գավառացու ինքնավստահությամբ հերքել է այդ լուրը: Նա նաեւ հերքել է լուրերն այն մասին, թե նախագահի փեսա Միշիկը կամենում է տեր կանգնել ավիափոխադրումներին՝ այսպիսով Բաղդասարովին ցույց տալով դեպի Մոսկվա տանող ճանապարհը: Բայց, ինչպես ասում են, առանց կրակ ծուխ չի լինում:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս