Քիչ չեն դեպքերը, երբ մուրացկանները գումար են խնդրում՝ բնակարան առ բնակարան այցելելով, դռները թակելով: 77-ամյա Ժորա Սարգսյանն այդպես գումար էր մուրում Աջափնյակի բարձրահարկերից մեկում, երբ հանդիպեցինք նրան:
Ժորան օգոստոսի 19-ին՝ վաղ առավոտյան, Աբովյան քաղաքից եկել էր Երեւան: Այդ օրն «ընտրել» էր 16-րդ թաղամասի 25-րդ եւ 26-րդ շենքերը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա ցավով պատմեց իր կյանքը. «Կինս` Ամալյան, երկու տարի առաջ մահացավ, դա ինձ համար մեծ հարված էր: Մեր համատեղ կյանքի ընթացքում մեկ դուստր ունեցանք, բայց նա էլ մի բան չի` յա կա, յա չկա: Ամուսնացավ Վեդի ու հիմա ինձ տիրություն չի անում՝ ասելով, թե ա՛յ պապ ջան, մենք էլ մի հալի չենք, չեմ կարող քեզ օգնել»:
Արդեն երկու ամիս է՝ Ժորա պապը մուրացկանությամբ է զբաղվում եւ փողոցում կանգնելու փոխարեն բնակարանների դռներն է թակում: «Ի՞նչ անեմ, մի զխկուն թոշակ եմ ստանում, դրանով չեմ կարող յոլա գնալ, գալիս եմ, դռներն եմ ընկնում: Փողոցներում ինձ շատ փող չեն տալիս, հետո էլ, բալա՛ ջան, տներից մենակ փող չեմ մուրում, ասում եմ՝ հաց, պանիր, ինչով կարող եք, օգնե՛ք, խղճացե՛ք, էլի՛, խիղճներդ մի՛ կորցրեք: Դե մարդ կա՝ փող չունի, երկու գլուխ պանիր է տալիս: Աղջի՛կ ջան, ժողովրդի վիճակն էլ հեչ լավ չի, էսօր առավոտվանից ասում եմ, թե պեսոկ ունեք, պեսո՛կ տվեք, ինձ ասում են՝ ա՛յ պապի ջան, պեսոկն այնքան թանկ է, սկի մենք չեք կարողանում առնենք»,-սրտնեղելով նշեց 77-ամյա մուրացիկը:
Ըստ մեր զրուցակցի՝ կնոջ մահից հետո ստիպված մնում է բարեկամներից մեկի տանը, որի մասին չցանկացավ պատմել: «Չեմ ուզում խոսել, աղջի՛կ ջան, թե կօգնես՝ օգնի, թե չէ՝ ես թողնեմ գնամ, առանց այն էլ այսօր 800 դրամից ավել չեմ հավաքել: Սրան հազիվ կարողանամ մի երկու բան առնեմ: Որ մեկի դուռը թակեցի, բացող չկա, երեւի քաղաքում չեն: Տո մեկ-մեկ էլ լսում են, որ փող եմ խնդրում, հաց կամ պեչենի, շան տեղ էլ չեն դնում»,-դժգոհելով ասաց նա:
Ժորա Սարգսյանի՝ օրվա ամենաշատ հավաքած գումարն այս երկու ամիսների ընթացքում եղել է 2000-3000 դրամը, որն էլ, ինչպես նա նշեց, վատ չէ ուրախ ու անհոգ մեկ օր անցկացնելու համար: Ըստ նրա՝ հարազատներն իր այս գործի մասին չգիտեն, եւ ինքն ամեն օր զբոսնելու պատրվակով գալիս է քաղաք, փող եւ ուտելիք հավաքում եւ գնում տուն. «Անծանոթ մարդու տունն եմ ապրում, ամոթ կա, աբուռ կա, հո մնացած տարիներս բարեկամիս հույսին չե՞մ ապրելու: Երբ տեսնում են՝ բեռնված տուն եմ մտնում, ասում են՝ էս որտեղից, ասում եմ, որ հոգեպահուստ ունեմ, ուզած-չուզած հավատում են»:
77-ամյա մուրացիկը չցանկացավ երկար խոսել, որովհետեւ, ինչպես նա նշեց, «շտապում էր Կոմիտասի թաղամաս, քանի որ այնտեղ լավ հարուստներ կան», եւ ինքը այնտեղից բավական շատ ուտելիք ու փող է հավաքում: Նա չցանկացավ լուսանկարվել՝ պատճառաբանելով, որ հարազատները կտեսնեն ու կիմանան, թե ինչ զբաղմունք է ընտրել իր համար: Վերջում էլ չմոռացավ իր շնորհակալությունը հայտնել ծերունական օրհնանքով. «Աստված մեկդ հազա՛ր անի»:
ՄՈՒՐՈՒՄ Է՝ ԴՌՆԵՐԸ ԹԱԿԵԼՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ