
Երևանի քաղաքապետ Տարոն Սարգարյանն իրեն քաղաքի տիրակալ է պատկերացնում: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է որ վերջին շրջանում Մարգարյանն իր ընկերներին քաղաքի տարբեր հատվածներում հողեր է հատկացնում, բնականաբար` չնչին գներով: «Դուք նայե՛ք, ընտրեք` որ հատվածն եք ուզում, ես տալիս եմ»,-մոտավորապես այսպիսի առաջարկ է արել Մարգարյանը մի քանի թաղային հեղինակությունների: Մեկնաբանություններ ստանալու համար թերթը դիմել է Երևանի քաղաքապետարան, որտեղից ըստ էության չեն հերքել լուրը` պարզաբանելով. ««Պետության և համայնքների սեփականությունը հանդիսացող հողամասերի տրամադրման» կարգի պահանջների համաձայն` Երևան քաղաքում համայնքի սեփականությունը հանդիսացող հողատարածքները հատկացվում են աճուրդով կամ մրցութային կարգով: Երևանի քաղաքապետարանում կազմակերպվող համապատասխան մրցույթների կամ աճուրդների վերաբերյալ տեղեկություններ տպագրվում են մամուլում, տեղադրվում են քաղաքապետարանի ինտերնետային կայքում և առանձին դեպքերում տրվում են հայտարարություններ հեռուստատեսությամբ»: