Այս պահին Հանրապետության հրապարակում հավաքվել են բազմաթիվ տաքսու վարորդները: Վերջիններս իրենց մեքենաներով փակել են հրապարակը:
Տաքսու վարորդները պահանջում են հարկային բեռի թեթևացում և կայանատեղիների համար սահմանված վճարի նվազեցում, որը տարեկան սահմանված է 12 հազար դրամ: Վարորդների բարձրացրած հարցերի թվում է Երևանի և մարզերի միջև տաքսի ծառայության համար սահմանված վճարի չափը:
Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ոստիկանները մի քանի տաքսիստների տուգանել են: Վարորդները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ չեն պատրաստվում հեռանալ մինչև իրենց հարցերին լուծում չտրվի:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ժամանել է հրապարակ և վարորդներին հորդորել մեքենաները դուրս բերել փողոցից, սակայն վարորդները նշել են, որ չեն պատրաստվում հեռանալ:
Քիչ առաջ տաքսու վարորդներին է մոտեցել Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ով փորձում էր վարորդներից տեղեկանալ նրանց պահանջների մասին: Վերջիններս, միմյանց հերթ չտալով, արտահայտում էին իրենց բողոքը: Փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպել վարորդների խմբի հետ նախարարությունում և լսել նրանց բարձրացրած խնդիրները: