«Ընդդիմադիր ըլնեմ … ». Գելլափը ներկայացրել է ներքաղաքական թեմաներով հարցման արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի Հայաստանում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց վերջերս ընդդիմության և եռյակի գործունեության վերաբերյալ կատարված հետազոտությունների արդյունքները, վարկանիշն ու վստահելիության աստիճանը: Հարցումներն իրականացվել են նոյեմբերի 20-27-ը:

Ասոցիացիայի տնօրենը հետազոտության անվանումը ներկայացրել է «Ընդդիմադիր ըլնեմ»: Լրագրողների հարցին, ինչո՞ւ է ընտրվել նման անվանում, Նավասարդյանը պատասխանեց, որ անվանումն ընտրվել է ելնելով իրենց հարցումների արդյունքներից:

«Դա իմ անձնական կարծիքն է: Ես դրանում երեկ էլ համոզվեցի, որ ընդդիմությունը պայքարում է ընդդիմության հետ, ոչ թե իշխանության: Եթե չեք ուզում, կարող եք չնշել անվանումը»,- ասաց Նավասարդյանը: Հարցումներն իրականացվել ՀՀ-ում 1067 մարդկանց շրջանում: Հարցվածների 43 %-ի կարծիքով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած հիմնական խնդիրը գործազրկությունն է, այնուհետև պատերազմական վիճակը, աղքատությունը և արտագաղթը:

Հարցին` ինչպես գիտեք ընդդիմադիր քառյակը փլուզվեց, դարձավ եռյակ, ընդդիմադիր եռյակը 2014թ. հոկտեմբերի 10-ին և 24-ին կազմակերպեց և իրականացրեց բազմամարդ հանրահավաքներ. ըստ Ձեզ, Եռյակի այս հանրահավաքները ինչպիսի զարգացումներ կունենան, հարցվածների 40 %-ը պատասխանել է, որ մոտ ապագայում Եռյակը կփլուզվի, իսկ 25 %-ի կարծիքով հանրահավաքները կդառնան ավելի սակավաթիվ:

Հարցին` ընդդիմադիր Եռյակում ընդգրկված ուժերից որի առաջնորդն է հանդիսանում գաղափարական և ֆինանսական լիդեր, հարցվածների 35 %-ի կարծիքով գաղափարական լիդեր է հանդիսանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով հարցվածների 61 %-ի կարծիքով` նաև հանդիսանում է ֆինանսական լիդեր: Երկրորդ տեղում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը, ում հաջորդում է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցվածներին առաջարկվել է 1-5 բալային համակարգով գնահատել, թե քաղաքական կուսակցությունները որքանով են ընդդիմադիր: Որպես առավել ընդդիմադիր կուսակցություն հարցվածները նշել են Ժառանգությունը` 3,70, ԲՀԿ-ն` 3,63 իսկ ՀԱԿ-ը` 3,62: Նույն բալային սանդղակով նաև որոշվել է առավել ընդդիմադիր քաղաքական գործիչը: ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը որպես ընդդիմադիր գործիչ գնահատվել է 3,8 բալ: Նույնքան են գնահատվել նաև «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիայնը և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ հարցվածները գնահատել են 3,7 բալ, ՀԱԿ առաջնորդին` 3,6: Որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ 2,2 բալով են գնահատել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը որպես ընդդիմադիր գնահատվել է 3,1 բալով:

Հարցումներ են կատարվել նաև ԵՏՄ-ին` ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ: Հարցվածների 53 %-ը կարծում է, որ այդ անդամագրումն անհրաժեշտ էր Հայաստանին, իսկ 6 %-ի կարծիքով` անհրաժեշտ չէր: Հարցման մեջ նաև հարց կար, թե ո՞ր երկրին կցանկանային, որպեսզի միանար Հայաստանը, հարցվածների մեծամասնությունը` 63 % պատասխանել է Ռուսաստանին: Իսկ հարցվածների 27 %-ի կարծիքով, Հայաստանը ոչ մի երկրին միանալու կարիք չունի: Հարցման մասնակիցներից 7 %-ը ցանկություն է հայտնել, որպեսզի Հայաստանը միանա Եվրոպական միությանը, 3-ական % հարցվածները` Վրաստան, Բելառուս, Ղազախստան, 1 %-ը ` Ուկրաինային:




Լրահոս