Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խելագար բռնապետի հատկանիշներ է ի ցույց դնում: Ձերբակալությունների ալիքն իր հետ տանում է լրագրողների, բլոգերների, փաստաբանների, իրավապաշտպանների ու այլ անձանց, ովքեր հանդես են գալիս անձնական ազատության պաշտպանության կողմից: Ալիևը, իր վրա զգալով նավթային եկամուտների կրճատումը, որի վրա տարիներով հիմնված է եղել նրա վարչակարգը, ինչպես երևում է, հարված է հասցնում ցանկացածի, ով դեմ է հանդես գալիս նրան, գրում է ամերիկյան «The Washington Post»-ը:
«Պարոն Ալիևի ամենասիրելի գործիքներից մեկը քննադատների լռեցումն է՝ մինչդատական կալանքը: Համաձայն ադրբեջանական օրենսդրության, այն պետք է օգտագործվի միայն սահմանափակ դեպքերում, իսկ Ադրբեջանի Քրեական օրենսգիրքն ավելի քան 10 տարի առաջ հաստատել է, որ այդ լիազորությունները պատկանում են դատարաններին, այլ ոչ թե դատախազություններին: Սակայն, իրականում դատարանները հաճախ ավտոմատ կերպով հավանության են արժանացնում դատախազության ձերբակալության մասին միջնորդությունները»,- գրում է թերթը:
Հոդվածում մեջբերվում է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու՝ պատմաբան Արիֆ Յունուսի դեպքերը, որոնց մինչդատական ձերբակալությունները փետրվար ամսին երկարաձգվել է 5 ամսով, ինչի արդյունքում նրանք առանց դատարանի որոշման ճաղերի հետևում կանցկացնեն գրեթե մեկ տարի:
«Պարոն Ալիևի վերջերս հրապարակված գովազդային հոդվածում ասվում է, որ ցանկանում է Ադրբեջանը վերածել «աշխարհի ամենազարգացած ու մրցունակ երկրներից մեկը»: Անկասկած, Ադրբեջանն այդպիսին չի դառնա, եթե Ալիևը շարունակի ղեկավարել բռնապետի պես»,- եզրափակում է հրատարակչությունը: