1932թ. այս օրը ծնվեց Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Առաջինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
1932թ. այս օրը Սիրիայի Քեսապ գյուղում ծնվեց Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո կաթողիկոս (1983-1994) և Ամենայն հայոց 131-րդ կաթողիկոս (1995-1999) Գարեգին Ա-ն (ավազանի անունը` Նշան Սարգսյան կամ արևմտահայերեն՝ Սարգիսեան):  
Նախնական կրթությունն ստացել է տեղի Ուսումնասիրաց միացյալ վարժարանում: 1949-ին ձեռնադրվել է սարկավագ, 1952-ին՝ կուսակրոն քահանա, վերակոչվել Գարեգին աբեղա՝ ի հիշատակ Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանի, դարձել Կիլիկիո միաբանության ուխտի անդամ: 1955-ին ստացել է վարդապետական աստիճան: Նույն թվականին պաշտոնավարել է դպրեվանքում՝ որպես ուսուցիչ և վերակացու, 1956-ին ստանձնել է դպրեվանքի տեսչի պաշտոնը: 
1957–1959թթ. Գարեգին վարդապետն ուսումնառությունը շարունակել է Օքսֆորդի համալսարանում: 1963-ին ստացել է ծայրագույն վարդապետի աստիճան, 1964-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1973-ին նրան շնորհվել է արքության պատիվ և տիտղոս:
1971–1973թթ. վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի (Նոր Ջուղա) թեմի, 1973–1977-ին՝ Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնը:
1977թ. մայիսի 2-ին ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս, 1995-ին` Ամենայն հայոց կաթողիկոս: Եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ, աշխարհի մի շարք կրոնական ու գիտական հաստատությունների և համալսարանների պատվավոր դոկտոր:
Գարեգին Ա Ամենայն հայոց հայրապետը մահացել է 1999 թ. հունիսի 29-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում:




Լրահոս