Դիմելով գործակալությանը՝ արտահանողները հնարավորություն կստանան պաշտպանել իրենց դրամական հոսքերը հնարավոր կորուստներից:
«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը (ՀԱԱԳ ԱՓԲԸ) հիմնադրվել է 2013 թվականի հոկտեմբերի վերջին` ՀՀ կառավարության որոշմամբ, որպես Հայաստանի Հանրապետությունում արտահանման խթանման արդյունավետ գործիք:
Գործակալության հիմնական գործառույթը ՀՀ ռեզիդենտ փոքր և միջին ձեռնարկություններ հանդիսացող արտահանողների ֆինանսական վնասի (կորստի) ապահովագրությունն է այն դեպքերից, երբ օտարերկրյա գնորդն արտահանման պայմանագրով սահմանված տարաժամկետ վճարման ժամկետում չի կատարում առաքված ապրանքի դիմաց վճարման իր պարտավորությունները՝ պայմանավորված հետևյալ ռիսկերով.
· Առևտրային ռիսկ՝ գնորդի սնանկություն (անվճարունակություն) կամ առանց իրավական հիմքի վճարումից հրաժարում,
· Քաղաքական ռիսկ՝ առևտրի կամ բանկային փոխանցումների սահմանափակման, արժույթի փոխարկման արգելքի կամ սահմանափակման, բնական աղետների, պատերազմական և այլ քաղաքական իրադարձությունների հետևանքով վճարման անհնարինություն:
Արտահանման ապահովագրության հիմնական պայմաններն են.
· Արտահանման պայմանագրով սահմանված վճարման ժամկետ` 1-6 ամիս,
· Ապահովագրական գումարի արժույթ` ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի,
· Ապահովագրական ծածկույթի սահմանաչափ` արտահանման ապահովագրության պայմանագրի արժեքի մինչև 85-90%-ը,
· Ապահովագրավճար՝ արտահանման գործարքի արժեքի 0.3%-1.1%՝ կախված ապահովագրության ժամկետից և արտահանման երկրից:
Գործակալությունը գործունեության նախապատրաստական փուլում իրականացրել է ծառայությունների մշակման, անձնակազմի վերապատրաստման, ռիսկերի վերլուծության և կառավարման համակարգերի ներդրման, միջազգային փորձի ուսումնասիրության, անհրաժեշտ կապերի հաստատման և այլ աշխատանքներ:
Այժմ արդեն գործակալությունը պատրաստ է սկսել ապահովագրական ծառայությունների մատուցումը: Դիմելով ՀԱԱԳ` արտահանողները հնարավորություն կստանան ոչ միայն պաշտպանել իրենց դրամական հոսքերը հնարավոր կորուստներից, այլ նաև ապահովագրության պայմանագրի ներքո արտոնյալ պայմաններով օգտվել պետական և այլ ծրագրերով առաջարկվող ֆինանսավորման հնարավորություններից: