Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակիչները դժգոհում են, որ ոռոգման ջուրը թանկ է: Այդ պատճառով հողատարածքներն անհրաժեշտ չափով չեն ոռոգվում, հետեւանքն էլ լինում է բերքի քչությունը: “Ժողովուրդ”-ի հետ զրույցում եղվարդցիները պնդում էին, որ գտել են հարցի միակ ու ճիշտ լուծումը, միայն թե անհրաժեշտ է Սերժ Սարգսյանի “դաբրոն”:
Եղվարդն իր չքավորությամբ չի տարբերվում ՀՀ մեծ ու փոքր բնակավայրերից. աղքատության բարձր ցուցանիշ, գործազրկության մեծ տոկոս: Գազի թանկության ու եղվարդցու անվճարունակության պատճառով մայրաքաղաքից շուրջ 16 կմ հեռավորության վրա գտնվող համայնքում դեռեւս աթար են վառում: Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ ու անասնապահությամբ: Ընթացիկ տարում, եղվարդցիների վկայությամբ, գրանցվել է գյուղատնտեսական տեմպերի կտրուկ նվազում: Համայնքային հողերի զգալի մասը չեն մշակել, իսկ մշակելու դեպքում էլ ստացել են ցածր բերք: Հիմնական պատճառը ջրի թանկություն է, իսկ սեզոնին՝ նաեւ սակավությունը:
“Հացահատիկ ցանելու համար ծախսել եմ 800 հազար դրամ: Նույն մակերեսից ստացված ցորենը վաճառելու դեպքում կունենամ մինչեւ 400 հազար դրամ: Ցանել եմ զուտ պատվախնդրությունից դրդված, հանկարծ հարեւանները չասեն՝ Ստեփանյանի հողն անտեր գցած է: Կինս ու որդիս դեմ էին, բայց դե ես մշակելը ճիշտ համարեցի: Հիմա կանգնած եմ կոտրած տաշտակի առաջ, տնեցիների երեսին էլ չեմ կարում նայեմ: Պատճառը ոռոգման ջրից կուտակված գումարն է: “Արզնի-Շամիրամ” ջրատարից ոռոգումն ահավոր թանկ է նստում մեզ վրա”,-ասում է Եղվարդի բնակիչ Վազգեն Ստեփանյանը:
Ոռոգման հարցի ամենաիրական ու հեշտ լուծումը, ըստ եղվարդցիների, ջրամբարի շինարարության վերսկսումն է: Այս ջրամբարը կառուցվել է դեռ 30 տարի առաջ: Շինարարական աշխատանքների գրեթե 70%-ն ավարտված է. երեք պատերը բնական հենապատեր են, իսկ հունը փակող պատնեշը կառուցված է դեռեւս խորհրդային նախագծով: 1000 հա մակերեսով հողատարածքից առանձնացված է 900 հա մակերեսով սեւահողը, որը համայնքաբնակները տեղափոխվել են իրենց անջրդի հողատարածքները դրանք մշակովի դարձնելու նպատակով: Գործում է ջրամբարը ջրով մատակարարող “Արզնի-Շամիրամ” ոռոգման ջրատարը, որը ձմռան ընթացքում ջուր կկուտակի:
Դեռեւս խորհրդային տարիներին իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ այդ ջրամբարում կարող է պահեստավորվել մոտ 230 միլիոն խորանարդ մետր ջուր, որը 25 տոկոսով կավելացնի Հայաստանի ջրամբարներում ջրի պահեստավորման հնարավորությունը: Արհեստական լիճ-ջրամբարը կունենա մոտ 1000 հեկտար հայելի, որից ջրի գոլորշիացման մակարդակի շնորհիվ, ըստ մասնագետների, կփոխվի բնակավայրերի օդի խոնավության մակարդակը:
Ջրամբարի վերականգնումը նախագծող շահագրգիռ խումբը կարծում է, որ այն հիմնականում կնպաստի ոչ միայն Եղվարդի, Աշտարակի, այլեւ Արարատյան հարթավայրի գյուղատնտեսությանը, տարածաշրջանային ձկնաբուծությանը, Արայի լեռան լանջերին դահուկային սպորտի, զբոսաշրջության զարգացմանը: Նրանք հաշվարկել են եւ գտնում են, որ ընդհանուր հաշվով ջրամբարի կառուցման ու հարակից բիզնես կենտրոնի շինարարության համար անհրաժեշտ կլինի մոտ 300-350 միլիոն դրամ:
“Հասկանում ենք, որ պետությունը ֆինանսական միջոցներ չունի ջրամբարը կառուցելու համար: Նրանցից փող ուզող էլ չկա, միայն դաբրոն է պետք: 2-3 տարի է՝ դիմել ենք: Կառավարությունը չի տալիս դաբրոն, որ դրսի հայերը ներդրումներ անեն: Իսկ սա փակ Հայաստանը կերակրելու եւ ջուրը արտերկիր վաճառելու հարց կլուծի նաեւ”,-ասում են եղվարդցի ծերերը:
Նախաձեռնող խումբը, Արմեն Վարդանյանի վկայությամբ, դիմել է Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահին, Հանրային խորհրդին, “Ժառանգություն” նախարարություններին: Վերջիններս ողջունել են ծրագրի գաղափարը. դա փաստում են նրանց գրավոր պատասխանները: Սակայն նախաձեռնող խումբն ակնկալում է իշխանություններից ստանալ ֆինանսական միջոցների ներդրման ապահովության երաշխիք:
“Հայաստանում դոնոր կազմակերպությունների եւ անհատների կողմից կատարվող ներդրումները հաճախ չեն ծառայում նպատակին: Գործի կեսից մարդկանց ահաբեկում են, յուրացնում միջոցները եւ վռնդում հանրապետությունից: Ուստի յուրաքանչյուր ներդրող երաշխիքներ է պահանջում”,-ասում է նախաձեռնող խմբից Գագիկը՝ հավելելով, որ հիմա այստեղ ներդրում անել ցանկանում է 4 հոգի:
“Երեւի սպասում են, որ ծրագիրը նախագահական ընտրություններից առաջ դեմ տան, ասեն՝ մե՛զ ընտրեք, որ մենք էլ ձեզ դաբրո տանք: Կամ էլ մյուս շատ ծրագրերի պես գաղափարը գողանան ու սեփական կապիտալ կուտակելու աղբյուր դարձնելով՝ գերշահույթ ստանան”,-կարծիք է հայտնում նախկին մանկավարժ Պետրոս պապը:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ