Այսօր հայ երաժիշտ, կոմպոզիտոր, երգիչ Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է:
Նա ծնվել է 1949թ. մարտի 3-ին Երևանում: Փոքր հասակից հետաքրքրվել է երաժշտությամբ և նկարչությամբ։ Մանուկ հասակում երգում էր հայկական և ռուսական երգեր, հետագայում` նաև իտալական, անգլիական, ֆրանսիական, լեհական ու հունգարական։ Յոթ տարեկանից հաճախել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց՝ ջութակի ու դաշնամուրի դասերի, նաև` երգել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տղաների երգչախմբում։ Դպրոցական տարիներին սկսում է երաժշտություն գրել։ Հասուն տարիքում՝ 1973 թվականին, մոտ մեկ տարի Արթուր Մեսչյանը երգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում, ինչը հետագայում մեծ ազդեցություն է թողնում նրա ստեղծագործությունների վրա։
2001 թ. Մեսչյանը լույս է ընծայում երգերի հավաքածու՝ բաղկացած 4 սկավառակից (Hit Collection), որտեղ ընգրկված էին իր՝ «The monologue of a Crazy Violinist («Ցնորված ջութակահարի մենախոսությունը») «Catharsis»-ը, «Catharsis 2»-ը և «Communion» («Հաղորդությունը»)։ 2003 թ. երաժիշտը համերգ է տալիս Լոս Անջելեսի Կոդակ համերգասրահում, որտեղ ներկայացնում է նոր կատարումներ՝ այդ թվում` «Սայաթ-Նովա» ստեղծագործությունը։
Արթուր Մեսչյանի՝ իրադարձություններով լի կյանքում նոր էջ բացվեց 2005-ին, երբ 17 տարի ԱՄՆ-ում անցկացնելուց հետո նա կնոջ հետ վերադարձավ հայրենիք։ Վերադարձին հաջորդած համերգաշարը մեծագույն իրադարձություն էր Մեսչյանի արվեստի բազմաթիվ սիրահարների համար, ում բախտ վիճակվեց կրկին տեսնել նախկին առաքյալին բեմում։ 2005-2006 թթ. Մեսչյանը համերգներ է տալիս Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Համերգների տրամաբանական շարունակությունը հանդիսացան երկու համերգային ձայնասկավառակները։ 2007 թ. սկսվում է Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունը՝ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ։
Շինարարական աշխատանքները հաջողվում է ավարտին հասցնել 2011 թ.։ ՀՀ անկախության 20-ամյակի նախօրեին բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների ներկայությամբ տեղի է ունենում մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը։ Չնայած զբաղվածությանը՝ 2009 թվականի աշնանը կայանում են Մեսչյանի համերգները Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելոսում, որտեղ նորովի հնչող հին կատարումները զուգակցվում են նոր ստեղծագործություններով։ 2015 թ. հունվարի 29 ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվեց Կոմիտաս վարդապետի թանգարանը, որի ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։
Սա անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանն է։ Այն ունի գիտահետազոտական կենտրոն, 200 տեղանոց ունիվերսալ համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։ 2011 թ. Արթուր Մեսչյանը պարգևատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Արթուր Մեսչյանը 2012 թվականի օգոստոսի 10-ին պարգևատրվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով՝ բնագավառում նշանակալի ավանդի համար։ 2013 թվականին ստացել է Պետական մրցանակ՝ Մատենադարանի նոր մասնաշենքի համար։ Չնայած երաժշտական ասպարեզում ունեցած մեծ հաջողություններին՝ Մեսչյանը չի շտապում ներկայացնել նոր աշխատանքները։