Ինստիտուցիոնալ ընդդիմությունն առանց ֆինանսավորման չի կարող կայանալ. Արմեն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» միավորման գրասենյակում հանդիպումների շարք տեղի կունենա քաղաքացիների հետ` Ինստիտուցիոնալ ընդդիմության կայացման աջակցության, իշխանափոխություն, դրա ժամկետների և այլ հարցերի վերաբերյալ:

Armlur.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեսակետ հայտնեց, որ հայկական իրականության մեջ ինչ-որ մեկի շուրջ համախմբվելը չաշխատող գաղափար է: «Այլ բան է, երբ ոչ թե համախմբվում են ինչ-որ մեկի շուրջ, այլ միասնական հարթակ են ստեղծում: Դա է խնդիրը: Ես չեմ էլ փորձում մտածել, թե սա ինչ նպատակ է հետապնդում: Նիկոլ Փաշինյանը պետք է ներկայացնի, թե ինչ է ցանկանում անել: Ես ավելորդ մտածելու կարիք չունեմ: Բայց ամեն դեպքում չեմ ցանկանում ենթադրությունների դաշտ մտնել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նա` որպես 10 տարի ընդդիմադիր գործունեություն ծավալող քաղաքական ուժի ներկայացուցիչ, նշեց, որ իր խնդիրը ոչ թե տարբեր քաղաքական միավորումներին, հատկապես` ընդդիմադիր դիրքերից հանդես եկողներին, գնահատական տալն է, այլ` իր գործն իրականացնելը: Մարտիրոսյանի խոսքով` այն, ինչ Հայաստանում գոնե մի քիչ մնացել է, ընդդիմության պայքարի շնորհիվ է:

«Որևէ մեկը թող չփորձի նսեմացնել այն պայքարները, որոնք մինչև հիմա տեղի են ունենում: Եթե ընդդիմության պայքարը չլիներ, երկրում շատ ավելի խայտառակ իրավիճակ էր լինելու: Հենց դիմադրության օջախներն են եղել, որ իշխանության ագահությունը կարողացել են փոքրիշատե զսպել: Նույնիսկ հետո իշխանական դաշտ անցած ընդդիմադիրների պայքարի շնորհիվ է, որ պայքարի ջահը միշտ պահել են: Ուստի` ես հարգում եմ բոլոր ընդդիմադիրների գործունեությունը ցանկացած ժամանակահատվածներում: Մեր ընդդիմությունն իր հնարավորությունների սահմաններից դուրս գործունեություն է իրականացրել, որովհետև շատ հաճախ, այլ երկրների համեմատ, մեր ընդդիմությունը գործել է միայնակ, առանց արտաքին, ներքին ֆինանսավորման»,- մանրամասնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը: Նա հավելեց` ինստիտուցիոնալ ընդդիմությունն առանց ֆինանսավորման չի կարող կայանալ և գործել:

«Եթե խոսում ենք քաղաքական կուսակցության կայացման, ինստիտուցիոնալացման մասին, ապա դա առանց ֆինանսական ներդրման հնարավոր չէ կյանքի կոչել, իսկ Հայաստանի պայմաներում պարզ է, որ այդ ֆինանսավորումը տեղի է ունենում պետության կողմից: Պարզ է, որ բիզնեսը չի ֆինանսավորի ընդդիմությանը` հաշվի առնելով հայտնի պատճառները` հետապնդում և այլն»,- իր խոսքը եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:




Լրահոս