«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 21-ից անհետացել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայող, 26-ամյա Արթուր Աֆյանը: Վերջինիս մայրը եւ եղբայրը բնակվում են Տավուշի մարզի Հովք գյուղում: Աֆյանների ընտանիքն Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի Զագլիկ գյուղից այստեղ է վերաբնակվել 1987թ.: Արթուրը ժամկետային ծառայությունն անցկացրել է Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանում, որից հետո, որպես պայմանագրային զինծառայող, նույն տեղում ծառայությունը շարունակել է: Արթուրի եղբայրը՝ Հովքի բնակիչ Արկադի Աֆյանն ասաց, որ եղբայրն ամուսնացել է Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղի բնակչուհու հետ եւ ունի 2 ամսական դուստր: Արկադիի վկայությամբ՝ թեեւ եղբայրը որոշ պարտքեր ունի, սակայն դրանք մեծ չեն եւ չեն կարող կենսախինդ բնավորություն ունեցող Արթուրի ինքնասպանության պատճառ դառնալ: Նրան հարցրինք՝ արդյո՞ք եղբայրը կարող է ինչ-որ կերպ առնչվել Վիտալի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործին: Արկադին դա բացառեց՝ ասելով, որ Արթուր Աֆյանն ու Վալերի Պերմյակովը ռուսական ռազմաբազայի տարբեր զորամասերում են ծառայել: Արկադին նաեւ հայտենց, որ եղբայրն անհետանալուց առաջ նամակ է թողել, սակայն այնտեղ չկա «սուտը մեզ կործանեց» արտահայտությունը, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ: Արկադի Աֆյանի խոսքերով՝ թողած նամակում Արթուրը կնոջը հորդորել է իրենց երեխային լավ պահել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: