Դատապարտյալին աղջիկներ «մատակարարած» ՔԿՀ աշխատակցի փոխարեն աշխատանքից հեռացել է մեկ ուրիշը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ փետրվարի 27-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ օրվա հերթապահ պատասխանատուներից Խաչիկ Իսկանդարյանն ազատվել է աշխատանքից:

Մեր տեղեկությունը հաստատեց ՔԿ վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցը` հավելելով, որ Խ, Իսկանդարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն:

Նշենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն, Խ. Իսկանդարյանին փոխարինել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից («ԿԳԲ պադվալ») մեկ այլ աշխատակից:

Խաչիկ Իսկանդարյանի՝ աշխատանքից ազատվելը մի շարք հարցեր է առաջ քաշել: Նախ՝ այս պահին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ հերթապահ պատասխանատուներն են Հակոբ Թամազյանը, Դավիթ Եղյանը, նորանշանակ պատասխանատուն և Սմբատ Հակոբյանը: Մարդիկ, ովքեր մի շարք աղմկահարույց պատմություններից են հայտնի:

Սմբատ Հակոբյանն, օրինակ, Սեդրակ Զատիկյանի սպանության համար ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանի մերձավորներից է համարվում: Հիշեցնենք, որ Սեդրակ Զատիկյանը «Մալաթիա» կամավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ վաղամեռիկ Վահան Զատիկյանի որդին է, իսկ նրա սպանության մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանը ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբոր՝ «Մալաթիայի շուկայի» տնօրեն Սիմոն Հակոբյանի որդին է:

Նախ հիշեցնենք տեղի ունեցած դեպքի համառոտ մանրամասները

Դեռևս 2011 թվականի դեկտեմբերի 14-ին սպանությունը կազմակերպելու համար ձերբակալվել և ոստիկանություն բերման էր ենթարկվել 37-ամյա Ստեփան Հակոբյանը: 2006 թվականից հետախուզվող Ս. Հակոբյանին Կիևյան կամրջի վրա ձերբակալել էին այն ժամանակ, երբ նա վարելիս էր եղել հոր` Սիմոն Հակոբյանի  «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին, Սեբաստիա փողոցում: Արձակված կրակահերթից մահացել էր նաև պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը: Ստեփան Հակոբյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Ինչ կապ կա Ստեփան Հակոբյանի և Սմբատ Հակոբյանի միջև

Նախորդ տարի «Էրեբունի» ԲԿ-ում վիրահատությունից հետո դատապարտյալ Ստեփան Հակոբյանը բուժում էր ստանում: Արդարադատության մայոր, հերթապահ պատասխանատու Սմբատ Հակոբյանը որոշել էր «լավություն անել»: ՔԿՀ աշխատակիցն իր օգնական Աշոտ Մալարյանի հետ միասին թույլատրել էր ապօրինի տեսակցություններ բժշկական կենտրոն և այնտեղ աղջիկներ էր մատակարարել դատապարտյալին: Արդարադատության նախարարության վերահսկիչ ծառայության բաժնի կողմից ստուգումներ իրականացնելու արդյունքում բացահայտվել էր, և Սմբատ Հակոբյանը կարգապահական տույժի էր ենթարկվել:

Նշենք, որ սույն անձը նաև հայտնի է «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանի հետ տեղի ունեցած միջադեպերից մեկից: Նախորդ տարվա հոկտեմբերին դատապարտյալն ինքնավնասում էր արել՝ կտրելով երակներն ու գամելով ոտքերը: Սրանից հետո, սակայն, ո´չ դատապարտյալը, ո´չ էլ ՔԿՀ աշխատակցը տույժի չենթարկվեցին, ավելին՝ չանցած երկու ամիս՝ Արտակ Հակոբյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատման գործը հասավ դատարան: Գուցե պայմանավորվածությո՞ւն եղել է դատապարտյալի և ՔԿՀ աշխատակցի միջև. դժվար է ասել: Եվ առհասարակ այն, որ արդարադատության ոլորտում խնդիրները շատ են, նորություն չէ որևէ մեկի համար, սակայն երբ դրանց վրա աչք է փակվում, սա ավելի քան մտահոգիչ է:




Լրահոս