ՀԱՃՈՒՅՔՈՎ ԵՄ ԱՆՈՒՄ ԳՈՐԾՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ” օրաթերթի զրուցակիցն է դերասանուհի-երգչուհի ԱՆԻ ԼՈՒՊԵՆ: Նա ավարտել է Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մյուզիքլի բաժինը: Մինչ այդ սովորել է երաժշտական դպրոցում ու պարարվեստի ուսումնարանում: Ինչպես ինքն է իրեն բնութագրում, մասնագիտությամբ երգող դերասանուհի է: Այսօր նա երգում է “Մեցցո” ակումբում, “Հավանա” ռեստորանում եւ արդեն 4-րդ տարին է՝ խաղում է Կամերային թատրոնում:
-Ձեզ ավելի շատ գիտենք Անի Լուպե անունով, բայց դա հավանաբար կեղծանուն է: Կասե՞ք Ձեր ազգանունը եւ ինչո՞ւ հենց Լուպե:
-Ազգանունս Գրիգորյան է: Լուպեն էլ շատ պատահական ստացվեց: Մի քանի տարի առաջ ինձ հրավիրեցին իսպանական կենտրոն՝ իրենց մոտ երգելու: Վենեսուելայից մի երգիչ կար, ում հետ երգում էի, նրա անունը Վիկտոր Արմանդո Ռոխաս էր: Մի օր էլ նրան հարցրի, թե ինչու են իրենց անուններն այսքան երկար, ասաց, որ իրենց մոտ ընդունված է երկու անուն տալ մարդուն ու ինձ էլ ասաց. ,Քո անունը դնում եմ Անի Գվադալուպեե: Գվադալուպեն էլ սիրո աստվածուհին է, որը կրճատ Լուպե է: Հետո ավելացրեց, որ եթե շարունակեմ լատինաամերիկյան երգեր երգել, թող այս անունը ինձ հաջողություն բերի:
-Լուպեն Ձեզ հաջողություն բերե՞ց:
-Երգի ասպարեզում բերեց: Անունս մի տեսակ հարազատ է դարձել, առանց Լուպեի Անին չեմ պատկերացնում: 
-Դուք աշխատում եք ,Հավանաե ռեստորանում, “Մեցցո” ակումբում, դրան գումարած թատրոնը: Մի քիչ բա՞րդ չէ աղջկա համար: 
-Դժվար չէ, հետաքրքիր է, իմիջիայլոց, ակումբներում երգելը շատ ավելի մեծ փորձ է, քան մի անգամ համերգում երգելը: Անընդհատ ինչ-որ նոր ու հետաքրքիր բաներ ես հորինում: Թատրոնի, ակումբի եւ ռեստորանի հանդիսատեսն էլ իրարից շատ տարբերվում են:
-Բայց Ձեր կոլեգաներից շատերը պնդում են, որ  ակումբում երգելը բավականին բարդ գործ է:
-Երբ մի բան սիրելով ես անում, այդքան էլ դժվար չէ: Ես հաճույքով եմ անում իմ գործը: Բայց էս ամառ էլ չեմ կարողանում աշխատել, հոգնում եմ հոգեպես, ֆիզիկապես էներգիաս, թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ, տեղն է: Ես իմ էներգիան հանդիսատեսից վերցնում եմ, վամպիրի հատկություն ունեմ: Թեեւ պատահում է` հանդիսատեսն է էներգիաս խլում: 
-Որքա՞ն պիտի ակումբում երգեք: Ձեզ չե՞ք պատկերացնում բեմի վրա կամ տեսահոլովակ նկարահանելիս: 
-Իրականում չեմ ուզում մեր շոու բիզնես մտնել՝ չնայած, որ առաջարկներ շատ են եղել: Թող մեծամտություն չլինի, ուղղակի ցանկություն չունեմ, որովհետեւ այդ ամենն ինձ դուր չի գալիս: Այդ տեսահոլովակները, մարտի 8-ի ու ապրիլի 7-ի համերգները` կազմակերպված Օպերայում, դրանք այնքան ձանձրալի են ինձ համար: 
-Ձեզ կոմերցիոն երգչուհի՞ էլ չի կարելի համարել:
-Իրականում այո՛: Ես սիրում եմ երգել, բայց դա հոբբի չեմ անվանի, քանի որ ունեմ մասնագիտական կրթություն: Ես հեղինակային գործեր չունեմ, առաջարկներ եղել են, բայց  չեմ ուզում հայերեն երգել՝ չնայած շատ եմ սիրում ժողովրդական երգեր, ասում են՝ ստացվում է: Կուզեի բրազիլական ինչ-որ ոճով հեղինակային գործ ունենալ: 
-Ի՞նչ ժանրի երգեր եք կատարում:
-Կուբայական, լատինաամերիկյան, բրազիլական հայտնի գործեր՝ նայած, թե որտեղ ես, ինչ հանդիսատես է: 
-Դե պետք է նաեւ վաճառվի, չէ՞:
-Բա իհարկե, ամեն աշխատանք կատարվում է ե՛ւ հաճույքի, ե՛ւ գումարի համար: 
-Միջոցառումներին ի՞նչ երգեր են նախընտրում լսել:
-Եթե իսպանական ոճով է, հենց իրենց ազգային գործերը, իսկ եթե պարային երեկո է, սալսաներ, ռեգետոներ, ճանաչված երգեր: 
-Գո՞հ եք այսօրվա Ձեր վաստակից, թե՞ մտածում եք, որ աշխատաժամերի դիմաց քիչ եք վարձատրվում:
-Եթե մի քիչ ավելի գլոբալ նայեմ, բնականաբար քիչ է: Արվեստագետի համար Հայաստանում աշխատավարձը ծիծաղելի է: Ընկերներ ունեմ Ֆրանսիայում, որոնք իրենց թատրոնով կարողանում են ե՛ւ ապրել, ե՛ւ արձակուրդ գնալ: Իսկ մենք այստեղ հազար ու մի գործ ենք անում: Բայց ես գոհ եմ, որ կարողանում եմ տարբեր տեղեր աշխատել, չեմ ասի շատ, բայց համեմատական կարգով նորմալ եմ վաստակում:  
-Երիտասարդ եք, ամուսնացած չեք: Հետաքրքիր է՝ որքան գումար անհրաժեշտ կլինի անձնական կարիքները հոգալու համար:
-Անկեղծ եմ ասում՝ երբեք չեմ կարողացել հաշվել, թե ամիսն ինչքան եմ ունենում: Ես այդ օրվա ստացած աշխատավարձը հենց այդ օրն էլ ծախսում եմ: Գումար չեմ հավաքում, քիչ դեպքերում եմ հավաքում, երբ գիտեմ, որ պետք է գնամ հանգստանալու: Տվյալ պահին ծախսում եմ ստացածս, աշխատում եմ օրս լավ անցկացնել, իմ ուզած ձեւով: 
-Ձեր սիրտը զբաղվա՞ծ է:
-Զբաղված չէ, իրականում երեւի դա նաեւ լավ է: Ասեմ, որ իմ անձին չեմ հասցնում ժամանակ տրամադրել՝ չնայած սիրահարվածությունը չի խանգարում աշխատանքին: Այնքան շատ ընկերներ ունեմ, որ իմ էներգիան ստանում եմ նրանցից, պահ չի լինում՝ ինձ մենակ զգամ, բայց դեռ կողակից չունեմ, ոչ էլ ասպետի եմ սպասում: Դե ընթացքում մի կայծ կլինի, ու կստացվի: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս