Forbes-ի` ամենահարուստ մարդկանց ցուցակում ընդգրկված 5 հայերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակում, որը հրապարակվել է մարտի 2-ին Forbes ամերիկյան հանդեսում, եղել է հայկական ծագմամբ 5 միլիարդատեր: Նրանցից ամենահարուստը, ըստ Forbes-ի գնահատականի, դարձել է Սերգեյ Գալիցկին (Հարությունյանը): Նրա կարողությունը գնահատվում է 8.3 միլիարդ դոլար, իսկ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցնում է 162-րդ հորիզոնականը:

Գալիցկինը նաև զբաղեցնում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակի 15-րդ հորիզոնականը: Հայազգի միլիարդատերերի ցուցակում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Քըրք Քըրքոյանը, ով հանդիսանում է ԱՄՆ-ի քաղաքացի: Նրա կարողությունը գնահատվում է 4.2 միլիարդ, իսկ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում նա զբաղեցրել է 328-րդ հորիզոնականը:

«Տաշիր» գրուպ ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանը ցուցակում զբաղեցրել է 418-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը վերլուծաբանները գնահատում են 4 միլիարդ դոլար: 49-ամյա Կարապետյանը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը:

«Ռոսգոսստրախ»-ի սեփականատեր Դանիլ Խաչատուրովը 1.6 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցնում է 1190-րդ հորիզոնականը: Forbes-ի ռուսաստանյան ցուցակում նա զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը:

Հայկական ծագմամբ արգենտինացի Էդուարդո Էռնեկյանը ցուցակում զբաղեցրել է 1006-րդ հորիզոնականը, նրա կարողությունը գնահատվել է 1.9 միլիարդ:

Ուշագրավ է, որ այս ցուցակում հայտնված բոլոր հայերն ապրում են Հայաստանի սահմաններից դուրս:

Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ դոլարային միլիարդատերներին, ապա նշենք, որ ցուցակում հայտնվել է 1826 մարդ: Նրանց համընդհանուր կարողությունը 7,05 տրիլիոն դոլար է` 600 միլիարդ դոլարով ավելի, քան մեկ տարի առաջ էր:

Ցուցակում 290 նորեկ կա, նրանցից 71-ը՝ Չինաստանի ներկայացուցիչ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ըստ Forbes-ի՝ այս տարվա ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակը գլխավորել է Բիլ Գեյթսը:




Լրահոս