«Շահութահարկի մասին» օրենքը կոնսոլիդացիայի հնարավորություն կտա. Գագիկ Մակարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ 68 կողմ ձայնով ընդունվեց «Շահութահարկի մասին» օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է շահութահարկի 20%-ը դարձնել 2 %: Բայց, օրենքը վերաբերում է այն ընկերություններին, որոնց շրջանառությունն անցնում է 50 միլիարդից: Նախագիծը բազմաթիվ դժգոհությունների տեղիք տվեց, մասնավորապես` շատերի կարծիքով այն արտահանման ոլորտում մենաշնորհ կստեղծի:

Armlur.am-ի հետ զրույցում Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ օրենքի փոփոխությունը դրական է համարում, ապա մանրամասնեց, թե ինչու:

«Այսօր Հայաստանի արտահանումը հայտնվել է շատ ծայրահեղ վիճակում, որովհետև եթե մենք նայենք Ռուսաստանի շուկայի վիճակը և այն փաստը, որ մեր կազմակերպությունների մի մասը եվրոպական շուկային չի տիրապետում, չունի միջազգային սերտիֆիկատներ և արտահանման իրավունքները դժվար է ձեռք բերում, ապա այսօր արտահանման խթանմանը նպաստող նման օրենքի ընդունումը դրական եմ համարում»,- ասաց Մակարյանը: Նրա խոսքով` երկրորդ դրական հանգամանքն այն է, որ օրենքի այս փոփոխությունը հնարավորություն է տալիս կոնսոլիդացիայի:

«Այն կազմակերպություններ, որոնք 100 մլն դոլարի արտահանման ծավալ չեն կարողանա ապահովել, այս պարագայում կկարողանան միավորվել և մեկ կոնսորցիումով հանդես գալ, որպեսզի օրենքից օգտվեն: Եվս մեկ դրական հանգամանք` օրենքն իր մեջ պարունակում է ներդրումներ ավելացնելու մեխանիզմ:

Օրինակ, հենց վերջերս մի կազմակերպություն կար, որն իսպանական միջոցներով այստեղ պայմանագիր կնքեց Կառավարության հետ և Էջմիածնում մոտ 20 հեկտար խոշոր ջերմոցներ և ֆերմաներ են ստեղծելու: Այդպիսի ներդրողները հեռանկար ունեն, որ մեծ ծավալ ունենան և դա արտահանեն»,- մանրամասնեց Գագիկ Մակարյանը:

Նա նաև ընդգծեց, որ մեր արտահանման կառուցվածքը տարիներ շարունակ էական փոփոխությունների չի ենթարկվել: «Այսինքն, մենք այն, ինչ արտահանել ենք` ոսկերչական իրեր, ադամանդներ, մետաղներ, խմիչքներ, պահածոներ և այլն, էական փոփոխություններ չի կրել: Միակ փոփոխությունը, որ եղավ մի քանի տարի առաջ, թարմ մրգերի ու բանջարեղենների արտահանումն էր, որը կատարեց «Սպայկա» ընկերությունը, ով ուներ ժամանակակից սարքավորումներ: Սա հնարավորություն կստեղծի, որպեսզի կառուցվածքային փոփոխություն լինի արտահանման մեջ: Խոսքը չի վերաբերում միայն գյուղմթերքներին, այլ մնացած ոլորտներին ևս»,- ասաց նա:

Մակարյանը կարևոր չի համարում այն խոսակցությունները, թե օրենքը գրվել է հատուկ մարդկանց համար և կստեղծի արտահանման մոնոպոլիա: «Եթե նույնիսկ ինչ-որ մի ժամանակ մոնոպոլիզացիա լինի, ապա այն կարող է նորից հարթվել: Եթե օրինակ` 10 պահածո արտադրող գործարան համախմբվի և արտահանի, դա պետք է մոնոպոլիա՞ համարենք: Իհարկե` ոչ»,- հավելեց Գործատուների միության նախագահը:

Նրա կարծիքով, եթե օրինակ խմիչքի ոլորտում մեկ-երկու ընկերություն կարողանան ապահովել արտահանման ծավալը, դա չի փակի մնացած ոլորտներում արտահանողների ճանապարհը: «Իսկ այն, որ Ռուսաստանի շուկան հիվանդ վիճակում է գտնվում, դա այլ հարց է: Պետք է այդ առումով ավելի ուշադիր լինել: Իսկ զուտ արտահանման առումով, ես սա դրական եմ համարում»,- իր խոսքը եզրափակեց Գագիկ Մակարյանը:




Լրահոս