Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ նաև ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
«Բազմաչարչար է և՛ օրինագիծը, և՛ այն խավը, որ պայքարեց նախնական տարբերակի դեմ: ԲՀԿ-ն ևս պայքարեց, և արդյունքում այսօր բերվել է մի տարբերակ, որ էապես տարբերվում է նախնականից: Փոքր և միջին տնտեսվարողներն ամենախոցելին են ՀՀ տնտեսության մեջ, որովհետև շարքից հանելը հեշտ է, բայց անգամ ջերմոցային պամաններում շատ դժվար կլինի վերականգնելը», – նշեց նա:
Ըստ Ս. Մարգարյանի` օրինագծում կան լավ ու վատ բաներ, լավ է կամավորության սկզբունքը, շեմի բարձրացումը, ստվերից դուրս գալու տնտեսական շահը, իսկ բացասականն այն է, որ հակային տոկոսադրույքի բարձրացում է տեղի ունեցել:
«Մեզ համար շատ կարևոր է՝ ինչպես կարձագանքեն ՓՄՁ-ի ներկայացուցիչները: Եթե նրանք փողոց դուրս գան, նշանակում է՝ իսկապես նրանց համար ընդունելի չէ, ու մենք աջակցելու ենք նրանց», – հավելեց նա: