Վահագն Հովնանյանի դեմ դատական հայց է ներկայացրել նախկին աշխատակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում հայտնել էր, որ սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի դեմ դատական հայց է ներկայացվել: Օրաթերթը, մասնավորապես, նշել էր, որ «Վահագնի թաղամաս»-ի սեփականատիրոջ գույքն արգելանքի տակ է:

2014 թվականի հոկտեմբերի 10-ին Կարեկին-Քրք Օդաբաշյանը, ով Հայփոստի գլխավոր տնօրենի տեղակալն է, դատական հայց է ներկայացրել Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ հայտնի գործածար Հովնանյանից պահանջելով փաստաբանի վարձատրության գումարը:

Հայցվոր Կարեկին-Քրք Օդաբաշյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ գործարարի դրամական միջոցների և գույքի վրա արգելանք դնելու պահանջով: Եվ դատավոր Անի Մխիթարյանն էլ բավարարել է միջնորդությունը, ու Հովնանյանի դրամական միջոցների, և գույքի վրա արգելանք է դրվել:

Armlur.am-ի հետ զրույցում գործարարի ներկայացուցիչ Արտակ Սաֆարյանը հայտնեց, որ հայցվորը Վահագն Հովնանյանի նախկին աշխատակիցներից է, ով պահանջել է պատասխանող կողմից իր փաստաբանի ծախսերը փոխհատուցել: Հարցին՝ ինչո՞վ պետք է ընկերությունը պարտավորվեր հայցի պահանջը կատարել, կապվա՞ծ է արդյոք նախկինում ինչ-որ դատական գործերի հետ, մեր զրուցակիցը պատասխանեց . «Սա սովորական շարքային գործ է: Նման հարցեր բոլոր ընկերություններն էլ ունենում են: Սա ոչ մեծ գումարի հարց է: Դատական հայցի դեմ մենք մեր առարկություններն ենք ներկայացրել, և նիստ դեռևս չի նշանակվել. դեռևս նախնական փուլում է: Սակայն այս պահին մեր գույքի վրա ֆորմալ որևէ կալանք, արգելանք չկա»,- ներկայացրեց պատասխանող կողմի ներկայացուցիչը:

Հիշեցնենք՝ սա միակ դեպքը չէ, որ էլիտար «Վահանգնի թաղամաս»-ի սեփականատեր հայտնի գործարարի դեմ դատական հայց է ներկայացվում: Դեռեւս 2010թ. «ԳՈԼԴՍ ՋԻՄ ԱՐ» ՍՊԸ-ն դիմել էր դատարան՝ «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ից պահանջելով վնասի փոխհատուցում: Տեղեկացնենք, որ «ԳՈԼԴՍ ՋԻՄ ԱՐ» ՍՊԸ-ն եղել է «Տաքսի-2» ԲԲԸ-ի բաժնետոմսերի մոտ 99.2 %-ի սեփականատերը, եւ այս ընկերությունը Երեւան քաղաքի Աշտարակի խճուղու 65 հասցեում գտնվող 1.7 հա մակերեսով հողամաս ունի: Ու հենց այդ հողամասի հարեւանությամբ էլ գտնվում է «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն:

Ըստ ամենայնի, Հովնանյանը որոշել է ընդլայնել իր տարածքը, եւ ինչպես դատարանին հայտնել է «Տաքսի-2» ԲԲԸ-ն, «Հովնանյան Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն նշված տարածքում պատկանող իր հողամասի 0.5 հա-ն ինքնակամ կերպով վերցրել է:

Այս գործը քննվեց Աջափնյակ դատարանում և կարճվեց: Իսկ թե ինչ ընթացք կստանա Կարեկին-Քրք Օդաբաշյան-Վահանգն Հովնանյան նոր դատական գործընթացը, դժվար է ասել:




Լրահոս