ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխանել է ԱԺ ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի եւ Վահե Ավետյանի սպանության վերաբերյալ ուղարկած հարցաշարին:
Այս պատասխանները բավական ուշագրավ փաստեր են բացահայտում: Ըստ արդարադատության նախարարության ուղարկած գրության՝ «Հարսնաքար»-ի աշխատակիցները սկզբում ողջ մեղքը փորձել են բարդել իրենց իսկ կողմից սպանված Վահե Ավետյանի վրա: Ու քանի որ ծեծված բժիշկներն ի վիճակի չեն եղել ցուցմունք տալու, թիկնապահներն իրենց ցուցմունքում հայտարարել են, թե կռիվը սկսել են Ավետյանն ու իր ընկերները: Նախարարության գրության համաձայն՝ այդ պատճառով էլ սկզբում գործն ուղարկվել էր ՊՆ քննչական վարչություն:
Եւս մեկ ուշագրավ հանգամանք. նախաքննության ժամանակ ապացույցներ են ձեռք բերվել, որ բացի կալանավորված 6 հոգուց, այդ միջադեպին մասնակցել են նաեւ այլ անձինք: Միայն թե նախաքննական մարմինը դեռեւս «չի կարողացել» պարզել նրանց ինքնությունը: Ենթադրվում է՝ այս 6 հոգուն դատելով՝ հարցը կհամարեն փակված ու այդպես էլ չեն հայտնաբերի մյուսներին: Մանավանդ որ պատգամավորներին ուղարկված գրության մեջ նշված է, թե տվյալ տարածքում կատարվողը չի տեսագրվում, քանի որ ձայնագրող սարքն ամիսներ առաջ փչացել է, եւ հիմա տեսախցիկների միջոցով իրենք ընդամենը հետեւում են ընթացող անցուդարձին ու վերջ:
«Նախքան ծեծը տեղի ունեցած միջադեպի մասով հարցաքննվել են ականատես անձինք, իսկ բուն դեպքին՝ Վահե Ավետյանի եւ մյուսների ծեծին ականատեսներ, ըստ քրեական գործի տվյալների, չեն եղել»,-ասված է գրության մեջ: Այնտեղ նաեւ նշված է, որ վեճը նախ ծագել է ռեստորանի մատուցող Դավիթ Ադամյանի ու Վահե Ավետյանի միջեւ, այդ ժամանակ Ադամյանը բռունցքով հարվածել է Վահեի դեմքին՝ քթի շրջանում հասցնելով վնասվածք: Վեճը տեղափոխվել է ռեստորանից դուրս՝ ավտոկայանատեղի: Ուշագրավ է այն հանգամանքը, որ թիկնապահ Գարիկ Մարգարյանի եւ որպես վարորդ-առաքիչ աշխատող Արթուր Բաբլոյանի վրա են եղել շատ թեթեւ վնասվածքներ, իսկ մյուս մեղադրյալների մոտ չեն հայտնաբերվել ո՛չ մարմնական վնասվածքներ, ո՛չ էլ ֆիզիկական բռնության հետքեր: Այլ կերպ ասած՝ այնպես «վարժ են» ծեծի ենթարկել զինվորական բժիշկներին, որ նրանք չեն հասցրել դիմադրություն ցույց տալ կամ պաշտպանվել: Ավելին, պարզվում է՝ Վահե Ավետյանին ծեծել են ձերբակալված բոլոր 6 մեղադրյալներն էլ՝ այդպես սպանելով նրան:
ԱԺ ուղարկված գրության մեջ նշված է նաեւ, որ դեպքի օրը՝ ժամը 19:00-24:00 ընթացքում, Արթուր Բաբլոյանի բջջային հեռախոսահամարներին եղել է 8 մուտքային ու ելքային զանգ, Գարիկ Մարգարյանի համարին՝ 4, Նորայր Հայրապետյանի համարին՝ 18, Դավիթ Ադամյանի համարին՝ 5, Արման Բաղդասարյանի համարին՝ 19, Արման Խաչատրյանի համարին՝ 17 զանգ: Միայն թե ԱՆ-ն պատգամավորներին տեղեկացրել է, որ իրենք չեն կարող տրամադրել այդ հեռախոսազրույցների վերծանումները, նաեւ այն մարդկանց տվյալները, որոնց հետ այդ օրը մեղադրյալները հեռախոսազրույց են ունեցել:
Նշենք, որ խորհրդարան ուղարկած պատասխանը ստորագրել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մուրադյանը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, որը ստորագրել էր այդ հարցաշարի տակ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե իրենք ի սկզբանե ակնկալիքներ չեն ունեցել: «Այն ժամանակ կարեւոր էր հստակեցնել, թե իրավասու մարմիններն այս գործի նկատմամբ տվյալ պահին ինչ գնահատական ունեն, ինչ վիճակում է գտնվում գործը: Հիմա ստացել ենք պատասխանը, բայց դեռ երեք ուժերով պետք է քննարկենք այն, որից հետո կարտահայտենք մեր դիրքորոշումը»,- նշեց Ռ. Հակոբյանը: Հարցին, թե որքանով էր սպառիչ իրենց հարցերի պատասխանը, նա նշեց. «Հասկանալի է, որ սպառիչ չէին կարող լինել պատասխանները, քանի որ գործը նախաքննության փուլում է գտնվում: Սա առիթ էր, որպեսզի անդրադառնանք այս տարիների ընթացքում կատարված բազմաթիվ անօրինական գործողությունների, սպանությունների, որոնց վերաբերյալ պատասխաններն այդպես էլ մատչելի ու սպառիչ չեղան հասարակության համար»:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ