«Անիմաստ եմ համարում մեկնաբանել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մարտիմեկյան հանրահավաքի ժամանակ հնչեցրած ելույթին` նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Այն, ինչ որ մարդիկ հռչակում են, ես չեմ ցանկանում այդ հիմարություններին անդրադառնալ: Չգիտեմ, թե ինչից ելնելով են նրանք հռչակել, բայց ես չեմ պատրաստվում մեկնաբանել դրանք»,- հավելեց պատգամավորը:
Նրա խոսքով` այսօր ամբողջ ժողովուրդն է ընդդիմություն: «Ժողովուրդն այսօր խնդիր ունի միասնական, հավաքական գաղափարի ներքո համախմբվելու», – նշեց նա:
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր. «Հայ ժողովրդի մոտալուտ փրկության մասին ձեզ լիակատար պատկերացում տալու համար ինձ մնում է միայն գաղտնազերծել այդ նոր միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը` Դավալուից ցախավելը հեծած, «մեկ պլյուս մեկ» քայլերգը շուրթերին և Պուտինի հրաժարականի պահանջը կրծքի տակ, հասնում են Ազատության հրապարակ, ինքնահռչակվում որպես նոր բևեռ, ստորագրում քաղաքացիական պայմանագիրը և, շարժվելով դեպի Բաղրամյան 26, կյանքի կոչում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը»։