Մարտի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում:
Պաշտպանության նախարարը ծանոթացել է ձեռնարկության շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ռազմական նշանակության արտադրանքի նմուշներին, ինչպես նաև ռազմական տեխնիկայի արդիականացման ու վերանորոգման լայնածավալ աշխատանքներին: Դիտարկելով ընթացող աշխատանքները և զինված ուժերի կարողությունների զարգացման համատեքստում կարևորելով ռազմարդյունաբերության նշանակությունը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է համապատասխան ցուցումներ:
Նույն օրը Սեյրան Օհանյանը եղել է նաև ԶՈւ հակահամաճարակային անվտանգության ծառայությունում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացվել սանիտարահամաճարակային վիճակը, ինչպես նաև վիճակագրական տվյալներ ծառայության կողմից զորքերում իրականացվող ստուգումների վերաբերյալ:
Շրջելով լաբորատորիաներում` Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ծառայության կողմից իրականացվող աշխատանքներին ու չափորոշիչների ստուգման գործընթացին: