ՊԱՅԹՈՒՑԻԿԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՄԵԿ ԶՈՒՅԳ ԿՈՇԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկություն էր տարածել, որ Գյումրու Ռիժկովի փողոցում գտնվող «Դելմառ» սրճարանում պայթուցիկ սարք կա: Սակայն տեղազննության ընթացքում պայթուցիկ սարք այդպես էլ չհայտնաբերվեց: Փոխարենը փրկարարները գտան մեկ զույգ կոշիկ, որն աշխատակիցն էր թողել սրճարանում:
Գյումրեցիների կարծիքով՝ երեկվա կեղծ ահազանգը կազմակերպված է եղել սրճարանի սեփականատիրոջ կողմից: Ըստ երեւույթին, նա փորձել է ուշադրություն հրավիրել իր վրա: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի հատկանիշներով՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը` պատժվում է տուգանքով, ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սրճարանը պատկանում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժնի նախկին պետ, գնդապետ Կարուշ Թովմասյանի փեսային՝ Գառնիկ Գրիգորյանին: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քննչականի պետին ազատել էր աշխատանքից: Պատճառն այն էր, որ նույն Գառնիկ Գրիգորյանը «ռազբորկայի» մեջ էր մտել Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի փեսայի` Գյումրու ավագանու անդամ Անդրանիկ Կարապետյանի հետ, ինչն էլ ուղեկցվել էր կրակոցներով:
Ինչեւէ, կեղծ ահազանգի առիթով «Ժողովուրդ»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Կարուշ Թովմասյանից, որը բղավեց. «Ինչո՞ւ եք ինձ զանգել: Ես թոշակառու եմ, ինձ այդ հարցերով մի՛ անհանգստացրեք: Հայր չունի՞ ինքը: Զանգե՛ք, իր հետ խոսե՛ք, որովհետեւ իրենց հետ ոչ մի առնչություն չունեմ: Ինքն ավելի մոտ հարազատ ունի, թող իրենք էլ մեկնաբանություն տան կատարվածի մասին»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս