Մարտի 1-ի դեպքերի բացահայտման ընթացքն իմիտատիվ բնույթ է կրում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում 2008 Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի Մայրը` Ալլա Հովհաննիսյանը, կարծիք էր հայտնել, թե Մարտի 1-ի գործով ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի կողմից վերսկսված քննության պատճառը ՄԱԿ-ի հարցապնդումներն են ՀՀ իշխանություններին` կատարված հանցագործության բացահայտմանն ուղղված ջանքերի շուրջ: Տիկին Ալլան առավել քան համոզված էր, որ Մարտի 1 -ի գործին կրկին ընթացք տալու իշխանությունների քայլերը զուտ իմիտատիվ են:

Պարզվում է, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի զեկուցողի կողմից իրապես եղել են, ընդ որում, ոչ մեկ անգամ նման հարցապնդումներ, որոնք, սակայն, ՀՀ իշխանությունները թողել են անպատասխան: Միայն անցյալ տարվա ընթացքում եղել են երկու այդպիսի նամակներ, որոնցից վերջինում արդեն ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին ստիպված է եղել պաշտոնապես «ափսոսանք հայտնել» առ այն, որ ՀՀ իշխանությունները հարկ չեն համարում պատասխանել:

Ասել է թե` սին են տիկին Ալլայի հույսերը, թե ՀՀ իշխանությունները կարող են Մարտի 1-ի բացահայտմանն ուղղված անգամ իմիտատիվ քայլեր անել` ՄԱԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին ինչ-որ բաներ ցույց տալու անհրաժեշտությունից ելնելով: Հայաստանի իշխանությունները վաղուց արդեն նման խնդիր չունեն, եւ դրա հիմնական մեղավորը ոչ միայն նույն միջազգային կազմակերպություններն են` իրենց երկակի ստանդարտներով, այլեւ հենց իրեն Մարտի 1-ի իրավատեր հայտարարած Հայ ազգային կոնգրեսը: Ընդ որում, խոսքն այս դեպքում ոչ միայն ՀԱԿ կուսակցության, այլեւ Կոնգրեսի երբեմնի ողջ կազմի մասին է` իր 17 անդամներով, որոնց գերակշիռ մասը դուրս գալով ՀԱԿ-ից` իսպառ մոռացան Մարտի 1-ի բացահայտման համար պայքարելու նաեւ իրենց բարոյական պարտավորության մասին:

Կառավարության հետ վերջին հարցուպատասխանում այս հարցը բարձրացրած ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը չի հասկանում, թե ինչպես կարող է Հայաստանը արհամարհել ՄԱԿ-ի նման կազմակերպության հարցապնդումը: Մինչդեռ ՀՀ քաղաքացիների մեծ մասն էլ չի հասկանում, թե ինչպես կարող էր ՀԱԿ-ը Ազգային ժողով մտնել Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խոստմամբ, սակայն «պայմանավորվել» իշխանության հետ` 2013-ի նախագահական ընտրությունների անհասկանալի, խնդրի հետ բոլորովին կապ չունեցող պատճառաբանությամբ հարցը հետաձգել, դրանից հետո էլ հանձնաժողովի ստեղծմանը հետամուտ լինել «այնքանով, որքանով»: Էլ չասած, որ, օրինակ, իշխանություններին ներկայացված Եռյակի 12 կետերում, Մարտի 1-ի բացահայտման մասին խոսք չկար:




Լրահոս