ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՕՐ ԱՌԱՋ ՈՒՐԱԽ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 18-ին ինքնասպանություն գործած հայտնի գործարար Միշա Հայրապետյանի մահը ծանր հարված էր նաեւ նրա աշխատողների համար: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանցից շատերը պնդեցին, որ ինքնասպանության նախօրեին Հայրապետյանն իրեն սովորականի նման է պահել: Ավելին, ունեցել է բարձր տրամադրություն:
Հիշեցնենք, որ նշված օրը Ազատամարտիկների 183 (նախկին Դիմիտրով) հասցեում հրազենով ինքնասպան էր եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյանը (Քալանթարյանը): Քալանթարյան ազգանունը նրա պապական ազգանունն է. Հայրապետյանները 7 եղբայր են, որոնց ազգանունները տարբեր են:
Նշենք, որ Հայրապետյաններին են պատկանում Երեւանի գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը, «BMW» խանութների ցանցը, «Nokia» հեռախոսների հայաստանյան ֆիրման եւ այլն: Մ. Հայրապետյանի թոռնուհին վերջերս ամուսնացել էր Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդու հետ: Բայց, չնայած դրան, վարկածներ էին շրջանառվում, որ ինքնասպանության պատճառը ֆինանսական խնդիրներն են: Ըստ այդմ, Փայլակ Հայրապետյանին Աշոտ Սուքիասյանն ինչ-որ նախագիծ է առաջարկել, որին մասնակցելով՝ Հայրապետյանների ընտանիքը մեծ վնասներ է կրել: Իսկ, Սուքիասյանը Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է:
«Ժողովուրդ»-ն ամիսներ առաջ գրել էր, որ Սիերա Լիոնեում ոսկու-ադամանդի հանք ձեռք բերելու նպատակով Հայրապետյաններն իրենց գույքը գրավադրել են «Ամերիա» բանկում, սակայն չեն կարողացել ժամանակին մարել վարկը: Ըստ այս վարկածի` Միշան՝ Փ. Հայրապետյանի հարազատ եղբայրը, պարտավորություն էր ստանձնել երեք ամսվա ընթացքում «Ամերիա» բանկին վճարել 12 մլն պարտքը, այն դեպքում, երբ բանկը կդադարեցնի հետապնդումները «Հայաստան» հանրախանութի նկատմամբ: Բանկն իր խոստումը կատարել է, իսկ Հայրապետյանը` ոչ: Դրա համար էլ ինքնասպան է եղել: Նշենք, որ օգոստոսի 3-ին լրացել էր նրա 71-ամյակը: Թեեւ չի բացառվում, որ նման քայլի գնալու համար այլ դրդապատճառներ է ունեցել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը):
Ինչեւէ, երեկ տեղի ունեցավ Գաջի գործարանի տնօրեն Միշա Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը: Աշխատակիցները մահացածին հենց գործարանում հրաժեշտ տվեցին: 50-ամյա Մամիկոնի համար իր ղեկավարի մահը մեծ կորուստ էր ու նաեւ հանելուկ: Մամիկոնը մեզ պատմեց, որ Միշան ինքնասպանությունից առաջ սովորականի նման էր, բարձր տրամադրությամբ: «Նույնիսկ իր ծնունդից՝ օգոստոսի 3-ից առաջ գառ մորթեց ու բոլորին հյուրասիրեց լավ աշխատելու համար: Չենք հասկանում, թե ինչ եղավ այդ մի օրվա մեջ»,-ասաց Մամիկոնը:
81-ամյա Ալիկ պապը (Ալիկին գործարանում պապ են ասում) հուզված էր, իսկ երբ սկսեց խոսել իր ղեկավարի մասին, փոքր երեխայի նման լացեց: «Գերազանց ղեկավար էր: Շատ հոգատար էր: Ամեն տարի իմ ծնունդն ինքն էր նշում: Ես մոռանում էի, ինքը հիշում էր: Ու միայն իմը չէ, մյուսներինը նույնպես: Հերթով բոլորին հիշում էր ու շնորհավորում: Ես քանի որ հին աշխատող եմ, իմ նկատմամբ նա այլ վերաբերմունք ուներ: Չեմ կարողանում խոսել: Դու իմ թոռի տարիքին ես, կարո՞ղ է պատահի՝ ես ինձ թույլ տայի քո մոտ լացել: Դու պատկերացրո՛ւ, թե ինչքան լավն է եղել, որ հիմա արցունք եմ թափում»,-մեծ տխրությամբ ներկայացրեց Ալիկ պապիկը, որը 1959 թվականից Երեւանի գաջի գործարանում է աշխատում:
Աշխատակիցների խոսքերով՝ Հայրապետյանի ընտանիքի անդամներն էլ հյուրասեր եւ ուշադիր են: «Երբ իրենց տուն էինք գնում, նրա կինը առանց հաց ուտելու չէր թողնում, որ դուրս գայինք: Գիտեր, որ բանվոր մարդ ենք: Իրա տղաներն էլ են շնորհքով ու հարգանքով մեր նկատմամբ: Բայց ինչ ուզում ես ասա՛, ինքը մեր համար պապա էր: Լինում է, չէ՞, որ ընտանիքում երբ հայրը մահանում է, երեխաները եթում են մնում: Մենք հիմա եթում ենք»,-մեծ ափսոսանքով նկատեցին նրանք:
Գաջի գործարանի մյուս հին աշխատակիցը` 86-ամյա Գրիշան, բառեր չգտավ նկարագրելու, թե ինչքան լավ մարդ էր Միշան. «Հնարավոր չէ, որ ամբողջ կոլեկտիվի մեջ մի հոգի բացասական կարծիք հայտնի նրա մասին»: Նա մեզ պատմեց, որ Հայրապետյանն իրենց ամեն տարի ուղարկել է հանգստի` Ջերմուկ, Ծաղկաձոր, Արզնի: «Ոչ մի բացառություն չկար: Ու ամեն գնալուց առաջ միշտ մեզ ասում էր` առո՛ղջ գնացեք ու առո՛ղջ եկեք, ուրիշ բաներ չլսեմ: Այդ բառերը հերիք էր մեզ համար»,-հիշեց նա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս