2012թ. տարեսկզբից մինչ օգոստոսի 27-ը Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը դիմել է 132 օտարերկրյա քաղաքացի: Այդ մասին “Փաստինֆո”-ին տեղեկացրել են ՄՊԾ-ի ապաստանի հարցերի բաժնից: Փախստականի կարգավիճակ հայցողներից 90-ը Սիրիայից են, 12-ը` Իրաքից: Երկու դեպքում էլ դիմումատուներն ազգությամբ հայեր են կամ ազգությամբ հայերի օտարազգի ամուսիններ: Մնացած 30 դիմումատուներն այլազգիներ են` աֆրիկյան մի շարք երկրներից և հարևան Իրանից:
Ընդ որում` Հայաստանում փախստականի կարգավիճակ հայցող աֆրիկացիներից առավել շատ դիմողները Լիբերիայից և Կոնգոյից են:
Նշենք նաև, որ ՄՊԾ-ի ենթակայությամբ գործում է Հատուկ կացարան, որը նախատեսված է Հայաստանում ապաստան հայցող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տեղավորելու համար: Հատուկ կացարանում բնակվող անձանց տեղաշարժի ազատությունը սահմանափակված չէ: Նրանք կարող են բնակվել կացարանում մինչև իրենց ապաստանի դիմումի վերաբերյալ վերջնական որոշում կայացվելը: Հատուկ կացարանում բնակության ողջ ընթացքում Հայաստանում ապաստան հայցողներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, անհրաժեշտության դեպքում` հագուստ և կոշիկ: